Սերժ Սարգսյանը նորից «կամ-կամ»-ի առաջ. նրա ցուցմունքը

Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի հարցաքննությունը լինելով գործի առնչությամբ քրեաիրավական գործընթացի մաս, ընդ որում, կարծես թե, տրամաբանորեն վաղուց պահանջված մաս, ունի նաև բավականին շոշափելի քաղաքական համատեքստ և մեծ հաշվով նշանակում է, որ ընթացիկ խաղի մեջ աշխուժանում է նաև Սերժ Սարգսյանը: Մի քանի շաբաթ առաջ, երբ Վերաքննիչ դատարանում նոր էր մեկնարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չեղարկելու հայցի քննությունը, Սերժ Սարգսյանը անցկացրեց ՀՀԿ ԳՄ նիստ, որից հետո կուսակցության խոսնակը հայտարարեց, թե նա ոչ մի տեղ չի հեռացել և չի հեռանա՝ քաղաքականության մեջ ասելիք և անելիք ունի:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ իր ասելիքը հայտնեց Հատուկ քննչական ծառայությունում: Նրա փաստաբանը չի մանրամասնել, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ում՝ նշելով միայն, որ իրականությանը չի համապատասխանում այն, թե ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Սա, այսպես ասած, քրեաիրավական կողմն է, իսկ ամբողջ հարցն այն է, որ քաղաքական կողմում Սերժ Սարգսյանը կանգնած է «կամ-կամ»-ի առաջ, ինչպես 2013 թվականին, երբ պետք է ընտրեր Եվրաասոցացման համաձայնագրի ու ԵՏՄ միջև: Ներկայումս նա պետք է ընտրի՝ կամ ցուցմունք է տալիս իր դեմ, կամ՝ Ռոբերտ Քոչարյանի: Քաղաքական իմաստով Սարգսյանն այդ «կամ-կամ»-ի առաջ է: Ընդ որում, 2013-ի համադրությամբ իրավիճակի նմանությունը լոկ «կամ-կամ»-ը չէ, այլ այն, որ այդ ժամանակահատվածում էլ Սերժ Սարգսյանը գործնականում կանգնած էր արտաքին առումով ԵՄ ու ԵՏՄ, իսկ ներքին առումով՝ իր և Քոչարյանի միջև ընտրության առաջ: Կասկած չկար, որ ընտրությունը հօգուտ Եվրաասոցացման կայացնելու դեպքում, Սերժ Սարգսյանը զրկվելու էր իշխանությունից ոչիշխանական բևեռին Ռուսաստանի ցուցաբերած աջակցության հետևանքով: Ռոբերտ Քոչարյանը գուցե ուղղակի չվերադառնար իշխանության, սակայն նա խոշոր հաշվով նախապատրաստվել էր անուղղակի վերադարձին՝ ոչիշխանական բևեռի, ընդ որում՝ այդ բևեռում մի քանի սցենարներով: Սերժ Սարգսյանն ընտրեց Եվրասիական միությունը, այդպիսով գործնականում կնքելով իր քաղաքական ընթացքը և դատապարտելով այն ձախողման: Ու թեև հետագայում նա կարողացավ չեզոքացնել ոչիշխանական բևեռին, սակայն ամբողջապես վերացնել 2013-ի սեպտեմբերի 3-ի քաղաքական հետևանքը իր համար՝ նա անկարող եղավ:

Ընդ որում՝ ակնառու է, որ 2013-ին նրան «կամ-կամ»-ի առաջ դրել էր ոչ այնքան Ռուսաստանը, որքան հենց Ռոբերտ Քոչարյանի ոչ ֆորմալ գլխավորությամբ ոչիշխանական բևեռը: Բանն այն է, որ այդ բևեռը որևէ կերպ չսատարեց Հայաստանի եվրաասոցացման կուրսը, որևէ կերպ չպահանջեց մնալ այդ կուրսին հավատարիմ, չշեղվել դրանից: Ընդ որում, միևնույն ժամանակ, այդ կուրսի եռամյա ընթացքում չի էլ եղել պահանջ շեղվել դրանից: Ակնկալիքը այն էր, որ Սարգսյանի այդ քաղաքականությունը նրան կբերի փակուղի՝ կանգնեցնելով հենց այն «կամ-կամ»-ի առաջ, որի վրա էլ դրվել էր խաղադրույքը: Այն իհարկե չաշխատեց, իշխանության գալ ոչիշխանական բևեռին չհաջողվեց, իսկ հետո կրեմլյան փորձագետներից մեկն «Առաջին»-ի հետ զրույցում արեց սակրալ հայտարարություն՝ ովքեր ակնկալում են Ռուսաստանի օգնությամբ Հայաստանում գալ իշխանության, կլոուններ են: Ռուսաստանի խնդիրը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը չէր, այլ Հայաստանը հեռացնել ինքնիշխանությունից: 2013-ին դա ստացվեց, նաև ոչիշխանական բևեռի մեծ ավանդով, որը ոչ թե Հայաստանի դիմադրունակությունն ապահովող ընդդիմությունն էր, այլ Ռուսաստանի ճնշումն ուժգնացնող շարասյունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 105 times, 1 visits today)