Վտանգավոր կետեր կառավարության ծրագրում

Կառավարությունը երեկ նախնական հավանության արժանացրեց կառավարության ծրագրին, որը ֆորմալ հաստատումից հետո կուղարկվի Ազգային ժողով։ Մամուլում, սոցիալական ցանցերում արդեն իսկ բավական շատ գնահատականներ ու կարծիքներ են հնչել կառավարության ծրագրի վերաբերյալ։ Գերիշխողը այն տեսակետն է, որ կառավարության ծրագիրն ավելի շատ բարի ցանկությունների ժողովածու է՝ զերծ քանակական ու որակական չափելի ցուցանիշներից, թվային տվյալներից։

Մենք ևս ընդհանուր գծերով անդրադարձել ենք կառավարության ծրագրի նախագծին, որտեղ առավելապես գեղեցիկ շարադրված ձևակերպումներ են՝ առանց ռազմավարական, հայեցակարգային հենքի։ Ասվածն ավելի առարկայորեն պատկերացնելու համար հարկ է քննարկել կառավարության ծրագիրն ըստ առանձին ոլորտների ու ուղղությունների։

Իհարկե, դրանից պատկերը գրեթե չի փոխվում։ Պետության համար կենսական նշանակություն ունեցող երկու առանցքային ոլորտներում՝ պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության ծրագրի նախագիծը պարունակում է նույն ընդհանրական ձևակերպումները։

Կոնկրետ պաշտպանության ոլորտում, բացի ձևակերպումների ընդհանրականությունից, աչքի է զարնում այն, որ կառավարության նպատակադրումները ներկայացված են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե այսօր Հայաստանի պաշտպանական համակարգը չի բավարարում պահանջվող չափանիշներին։ Օրինակ՝ ծրագրի՝ պաշպանություն բաժնի սկզբում նշված է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման կարևորագույն միջոցը մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող, ռազմական-քաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող, ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմա­կան արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյու­նավետ կիրառող, հասարակության համակողմանի ներգրավմամբ, ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող պաշտպանության համակարգի ստեղծումն է»: Ստացվում է, որ ՀՀ Զինված ուժերը չեն բավարարում այս պարբերության մեջ նշված չափանիշներին, հետևաբար կառավարության նպատակն է նման «պաշտպանության համակարգի ստեղծումը»։ Կամ մեկ այլ ձևակերպում. «Կառավարությունը նպատակադրել է պետու­թյան պաշտպանունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լինի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս վաղ փուլում և Հայաստանի Հանրապետության համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար»: Փաստորեն ստացվում է, որ մեր պաշտպանունակության մակարդակը համարժեք չէ ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին։ Այլապես, կառավարությունն իր ծրագրում չէր ներառի համարժեքորեն «պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու» նպատակադրում։

Ինչո՞ւ է կառավարությունը պաշտպանության ոլորտի նպատակադրումները ներկայացրել նշված ձևակերպումներով և այնպես, որ տպավորություն ստացվի, թե ներկայումս մեր պաշտպանունակությունը բավարար մակարդակի չէ, դժվար է ասել։ Դա, սակայն, մեղմ ասած՝ մտահոգիչ է, և հուսանք խորհրդարանական քննարկումների ընթացքում կառավարության համապատասխան անդամները համապատասխան պարզաբանումներ կներկայացնեն։

Ընդհանրական ձևակերպումները պահպանված են նաև կառավարության ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում։ Բայց սկզբում նշենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեկ կետի առկայության և մեկ կարևորագույն կետի բացակայության մասին։ Նախ՝ կառավարության ծրագրի մակարդակով արձանագրվել է այն, ինչը միջնորդները ձևակերպում են որպես «ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու» անհրաժեշտություն. «Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը»։ Ինչո՞ւ է կառավարության ծրագրում նման ձևակերպում տեղ գտել, դժվար է ասել։ Գուցե սա ոչ թե ներքին, այլ արտաքին լսարանին ու առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ուղերձ է։ Իսկ բացակայող կետը վերաբերում է բանակցություններին ԼՂ-ի մասնակցությանը, ինչի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ամեն հարմար առիթով։ Ահա այդ կետը չի ներառվել կառավարության ծրագրում։ Փոխարենն առկա է շատ ընդհանրական, լղոզված, կոնկրետությունից զուրկ ձևակերպում այն մասին, որ Ղարաբաղը պետք է մասնակից դառնա խնդրի հանգուցալուծման գործընթացին. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»։ Ինչ վերաբերում է կառավարության արտաքին քաղաքական գերակայություններին, ապա, ինչպես և կարելի էր սպասել, առաջին տեղում են Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն. «Կառավարությունն ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբե­րությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»։Այս ձևակերպումներին հաջորդում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին հերթապահ ձևակերպումները։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Համապարփակ գործընկերության համաձայնագրին, որին կարելի էր կառավարության ծրագրում առանձին գլուխ կամ ենթաբաժին նվիրել, ապա դրա վերաբերյալ առկա է ընդամենը երկու նախադասություն. «Կառավարությունն ակտիվորեն աշխատելու է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ»։ Վերջ։ Որևէ այլ խոսք ԵՄ-ի հետ ՀԸԳՀ-ի մասին կառավարության ծրագրում չկա։ Այսինքն՝ կարելի է ասել, որ այն Հայաստանի իշխանության համար գերակայություն չէ կամ այնպիսի գերակայություն չէ, ինչպես ՌԴ-ի հետ հարաբերությունը և անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ Եվ պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին կառավարության ծրագրում կարդում ենք միայն մեկ նախադասություն. «Բազմակողմ հարթակներում կառավարությունը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը»։

Պաշտպանության բնագավառն ու արտաքին քաղաքականությունը ինչ-որ իմաստով պետության դեմքն են աշխարհի հետ հարաբերություններում։ Հենց այդ երկու ուղղություններով է երկիրն արձանագրում իր տեղն ու դերը աշխարհում ու միջազգային հարաբերություններում։ Դատելով կառավարության ծրագրից՝ այդ տեղն ու դերը չեն փոխվելու՝ Հայաստանը շարունակելու է գտնվել ռուսական ազդեցության տիրույթում՝ մնացյալ աշխարհի, քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելով այնքանով, որքանով դա չի վնասի Ռուսաստանի շահին։ Այսինքն՝ լայն իմաստով, առնվազն այս ոլորտներում ոչինչ չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է այն վեկտորալ ուղղվածությունը, որն իրենից առաջ ուներ Սերժ Սարգսյանը, վերջինիցս առաջ էլ՝ Ռոբերտ Քոչարյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 58 times, 1 visits today)