«Հենց ասում են՝ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, Բուդաղյանների գործն եմ հիշում. նա պետք է դատվի, ոչ թե պաշտոն ստանա»

Իրավապաշտպան, փաստաբանական համայնքին և առհասարակ հասարակության զգալի մասին զարմացրել է նոր իշխանության լոյալությունը, ցանկութոյւնը նախորդ իշխանության ոչ միանշանակ ընդունվող կադրերին համակարգ վերադարձնելու մասով։ Նման մի շարք խնդրահարույց նշանակումներ արդեն իսկ կատարվել են, հիմա էլ խոսվում է նախկին զինդատախազ ու Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հնարավոր նշանակման մասին։ Ընդ որում, եթե մինչ այդ Կոստանյանի հնարավոր նշանակման մասին գրում էր միայն մամուլը, երեկ արդեն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր դիֆերամբներ ձոնում Կոստանյանին ու գովերգում նրա պրոֆեսիոնալիզմը։ Սիմոնյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բարձր է գնահատում Գևորգ Կոստանյանի մասնագիտական կարողությունները, և որ նա կարող է ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ «Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ Որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր՝ ես պատրաստ չեմ, քանզի ինքը չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան դիտարկելիս ես կարող եմ ասել, որ նա լավագույն իրավաբաններից մեկն է, որ ՀՀ-ում կա»,- ասել է Սիմոնյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ երբ ասում են՝ Կոստանյանը պրոֆեսիոնալ է, լավագույն իրավաբաններից մեկն է, ապա ինքը միանգամից մտաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Բուդաղյանների գործը, մտաբերում է զինվորական տասնյակ քրեական գործեր, որոնց քննությունը փակուղում է:

«Իհարկե, շատ կարևոր է, որ պետական պաշտոն զբաղեցնող մարդը փորձառու իրավաբան լինի, բայց եթե այդ տեսանկյունից ենք մոտենում խնդրին, ապա Խորհրդային Միության ամենափորձառու, լավագույն իրավաբանը Վիշինսկին էր, որը հազարավոր մարդկանց ուղարկում էր կառափնարան։ Ես, իհարկե, Կոստանյանին կարող եմ ընդունել որպես փորձառու իրավաբան, բայց դրանից հետո միանգամից մտաբերում եմ Գորիսում Բուդաղյանների գործը։ Այո, նա փորձառու իրավաբան է, բայց փորձառու է իշխանությունների հետ աշխատելու առումով։ Այսինքն՝ փորձառությունը դեռ ամեն ինչ չի նշանակում»,- ընդգծեց Իշխանյանը։

Հիշեցնենք, որ 2013-ի հունիսի 1-ին, դեպքից մի քանի օր անց, դեռևս զինդատախազ Կոստանյանը հայտարարեց, որ սպանված Ավետիք Բուդաղյանը և նրա եղբայր, ԼՂՀ ՊԲ գնդապետ Արտակ Բուդաղյանը հարձակում են գործել Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի տան վրա՝ այդպիսով նախանշելով նախաքննության հետագա գործողությունները, որից հետո ՊՆ քննչական մարմինը հայտարարեց քրեական գործը կարճելու և Սուրիկ Խաչատրյանի՝ սպանության մեջ մեղադրվող որդուն ու թիկնապահին կալանքից ազատելու մասին: Ավելի վաղ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, հայտարարեց, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը Լիսկայից 4 միլիոն դոլար է վերցրել որպես «պարգևավճար» իր ծառայությունների դիմաց:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ ինքն այս իշխանություններից այլ բան չէր սպասում։ Ներկայիս իշխանությունը, նրա խոսքով, գնում է նման քայլերի, քանի որ իշխանություն պահելու խնդիր ունի: «Անգլիացիները հումորով ասում են՝ քաղաքականություն է, սըր։ Կոստանյանի հնարավոր նշանակումը հենց այս շրջանակից է։ Ընդամենն այսքանը։ Նախորդ իշխանությունների կադրերին հետ բերելու խնդիր չկա։ Այստեղ գնում է զուտ իշխանության ամրապնդման նպատակահարմարությունը»,- ասաց Իշխանյանը՝ հավելելով. «Եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ ոչ միայն տարբեր քաղաքական գործիչներ են փոխում իրենց ճամբարները, այլև ամենահետաքրքրականն այն է, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարող են շատ մեծ հաճույքով ցանկացած իշխանափոխությունից հետո ծառայել նոր իշխանություններին։ Ամեն մի նոր իշխանություն «մոռանում» է, թե իրենց բնորոշմամբ՝ նախկին ռեժիմի ժամանակ ինչպես են քննադատել այս նույն իրավապահ մարմինների, նրանց ներկայացուցիչների գործունեությունը։ Այդ նույն համատեքստում եթե նայենք, ապա կտեսնենք Օսիպյան, Հունան Պողոսյան, հիմա՝ Կոստանյան, հաջորդը հավանաբար կլինի Գագիկ Ջհանգիրյանը»:

Իրավապաշտպանը ավելացրեց՝ երբ նման մարդկանց հետ են բերում, խոսքը բնավ կադրային սովի մասին չէ. «Մաքիավելին մի փայլուն խոսք ունի։ Նա ասում է՝ հենվիր նախկին իշխանությունների վրա։ Նրանք քեզ հավատարիմ կծառայեն, իսկ նորերը՝ քո համախոհները, նոր պահանջներ կդնեն»։

Խաղաղ պայմաններում բանակում սպանված զինծառայողների հարազատների համար էլ է շոկային նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանին համակարգ վերադարձնելը։ Նրանց խոսքով՝ հենց Կոստանյանի գործուն միջամտությամբ են իրենց որդիների սպանության գործերը կոծկվել: «Արդեն երրորդ փուլով մեր քրեական գործերը կասեցումից հանում են, իբր քննություն է գնում, ու նորից կասեցնում են։ Ոչ մի բան չի փոխվել։ Մարտի 15-ին կլրանա իմ տղայի սպանության 9 տարին, նորից 9 տարի պիտի սպասե՞մ: Քանի դեռ քննիչները չեն փոխվել, ոչինչ չի բացահայտվի, քանի որ հենց իրենց ձեռքով է կոծկվել գործը: Չեղած Կոստանյանը, որ էսօր անմեղ գառի պես կանգնել ա ու ուզում ա դառնալ դատախազ, առաջին հանցագործ խուժանն է, իր ձեռքերով է փակվել իմ տղայի գործը: Նրան պետք է պատժեն, քրեական պատասխանատվության ենթարկեն, որ մեր տղաների գործերը բացահայտվեն։ Նույն փչացած համակարգն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանակում սպանված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։

Նշենք, որ Գևորգ Կոստանյանի «բարձր մասնագիատական կարողությունները» «դրսևորվել» են ոչ միայն զինդատախազ և գլխավոր դատախազ աշխատած տարիներին, այլև այն ժամանակ, երբ նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչն էր։ Նրա թեթև ձեռքով էին հետաձգվում, ուշանում մի շարք գործերով վճիռները, ինչպես նաև փորձ էր արվում աղավաղել ճշմարտությունը։ Օրինակ՝ 2004-ից ի վեր նա, որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, փորձում էր համոզել եվրադատավորներին, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է վարվել՝ եթերից զրկելով «Ա1+» հեռուստաընկերությունը: Իսկ երբ 2008-ին ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ լրատվամիջոցի՝ պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերականգնել «Ա1+»-ի իրավունքները, Կոստանյանն արդեն Եվրադատարանի անդամներին փորձում էր համոզել, որ իշխանությունները կատարել են վճռի պահանջը՝ թույլ տալով հեռուստաընկերությանը մասնակցել հեռուստահաճախականությունների մրցույթին:

(Visited 215 times, 1 visits today)