Նիկոլ Փաշինյանը կոտրում է ոստիկանության ողնաշարը

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության գրեթե ամբողջ ընթացքում ոստիկանությունը մշտապես եղել է ներքաղաքական զարգացումների ու ինտրիգների կիզակետում: Հանրապետության երեք նախագահները իրենց կառավարման ժամանակաշրջաններում տարբեր մոտեցումներ են կիրառել պետական կարևորագույն այդ ինստիտուտի նկատմամբ:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշեց կոտրել ոստիկանության ողնաշարը՝ խախտելով ուժային կառույցների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը: Փորձը ցույց տվեց, որ դա չափազանց անհաջող մոտեցում էր:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շարժվեցին լռիվ հակառակ ուղղությամբ: Նրանք հզորացրեցին պետական այդ կառույցն ու առանձնահատուկ կարգավիճակ շնորհեցին դրան: Նպատակը մեկն էր. ոստիկանությունը պետք է մահակի կարգավիճակ ստանար, որպեսզի ապահովեր ռեժիմի կայուն կենսագործունեությունն ու շարունակականությունը: Այս ուղղությամբ երրորդ նախագահը բոլոր առումներով իհարկե շրջանցեց ու գերազանցեց երկրորդ նախագահին: Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ օգտվում էր կրիմինալի ու հաստավիզ թիկնապահների ծառայություններից, իսկ Սերժ Սարգսյանը, ընդհակառակը, ոստիկանությանը անձնական պատժիչ ջոկատի կարգավիճակ շնորհեց: Բավական է միայն նշել, որ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում ոստիկանների թիվը եռապատկվեց:

Այսինքն երկու դեպքում էլ գործ ունենք ծայրահեղ մոտեցումների հետ: Մի դեպքում կոտրում ու նվաստացնում են պետական ինստիտուտը, իսկ մյուս դեպքում էլ՝ դրան շնորհում հրեշի կարգավիճակ ու գործուղում սեփական ժողովրդի դեմ:

Հեղափոխությունից հետո, թվում էր թե, քաղաքական նոր ղեկավարությունը կհրաժարվի այս երկու ծայրահեղություններից՝ նոր մոտեցմամբ ոստիկանությանը վերադարձնելով իր բուն առաքելությանն ու կարգավիճակին: Ըստ էության իշխանությունները պետք է գտնեին այն ոսկե միջինը, որի հիմքի վրա պետական ինստիտուտը ո՛չ կնվաստացվեր և ո՛չ էլ կփոխակերպվեր հրեշի: Բայց պետք է փաստենք, որ նախնական տպավորություններն այս ուղղությամբ հիասթափեցնող են:

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը ժողովրդի դեմ գործող ոստիկանական մահակի զինաթափումն էր: Դրան պետք է հաջորդեր կարգավիճակի ճշգրտումն ու գործունեության հստակեցումը: Բայց, ցավոք սրտի, հաջորդ՝ թերևս շատ ավելի կարևոր քայլը այդպես էլ գեղեցիկ խոսքերից ու ցանկություններից այն կողմ չանցավ: Այսինքն պետական կարևորագույն ինստիուտը մատնվեց անորոշության ու անշարժության:

Փաստորեն Տեր-Պետրոսյանի օրինակով Փաշինյանը շարժվում է ոստիկանության ողնաշարը կոտրելու ճանապարհով: Եվ այդ ուղղությամբ առաջին քայլը ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումն էր: Վերջինս թույլ ու գեներալական-հրամանատարական ունակություններից զուրկ գործիչ է և դրանից ելնելով չի կարողանում համակարգում ո՛չ կարգ ու կանոն հաստատել և ո՛չ էլ պաշտպանել շարքային ոստիկանների շահերն ու հետաքրքրությունները:

Բայց սրանք դեռ ծաղիկներն են: Ոստիկանության նվաստացման օպերացիան հասել է այնտեղ, որ դատարանի դահլիճում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ծաղրում, հեգնում ու վիրավորում են ոստիկանապետին ու փոխոստիկանապետին: Բայց սա էլ ամենը չէ, ՊՊԾ գունդ գրաված մարդիկ նույնիսկ սպառնում են, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա նորից բոլոր ոստիկաններին «կպառկեցնեն պոլին»:

Եկեք խոստովանենք, որ այսպիսի հանդգնությամբ դեռ ոչ ոք չէր թքել պետության ու պետական ինստիտուտների երեսին: Բայց ոստիկանների համար թերևս ամենանվաստացուցիչն այն է, որ ոստիկան սպանողների զինակիցները ազատության մեջ են ու չի բացառվում, որ ինչ-որ մի օր հենց անմիջական սպանողներն էլ ազատ արձակվեն:

Հետգրության փոխարեն կարելի է պարոն վարչապետին հարց ուղղել, թե մինչև ո՞ւր է նա այս տրամաբանությամբ շարժվելու: Ինչի՞ է հանգեցնելու ոստիկանությանը նվաստացնելու ու պետական կարևորագույն ինստիտուտի ողնաշարը կոտրելու գործողությունը:

Չէ՞ որ պետության ու պետական օբյեկտների դեմ հաջորդ հարձակման դեպքում շարքային ոստիկանը կարող է և հրաժարվել պետությունը պաշտպանելու իր սահմանադրական պարտականությունից: Հանուն ինչի՞ պաշպանի, եթե համանման պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը պղծվում է:

Ոստիկանության հիմնախնդիրը ի վերջո պետք է կարգավորվի: Իսկապես գործ ունենք չափազանց վտանգավոր մարտահրավերի հետ. մի կողմից դրան նվաստացնում ու կոտրում են, իսկ մյուս կողմից էլ՝ հրեշի կարգավիճակ շնորհում: Եկեք գտնենք ոսկե միջինը, որի տիրույթում պետական ինստիտուտը իր գործունեությունը կծավալի արժանապատվության ու հանրային շահերի պաշտպանության փոխլրացնող և ներդաշնակ տիրույթներում:

1in.am

(Visited 1 068 times, 1 visits today)