Ալիևի հույսերը չարդարացան․ Փաշինյանը կարող է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը

Գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերության ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են երկու երկրների ղեկավարների պաշտոնական բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ, բայց եթե խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, ապա դրա համար նախ պետք է ստեղծվեն նախադրյալներ, որովհետև անհնար է կարգավորել հակամարտությունը՝ առանց որոշակի հստակ հարցեր լուծելու։ Իսկ դրանցից մեկը բանակցություններին Արցախի ներկայացուցչի անմիջական մասնակցության հարցն է։

«Նրանք (նախարարները) աշխատում են այդ հնարավոր հանդիպումը կողմերի համար ավելի հասկանալի դարձնելու ուղղությամբ՝ ինչ և ինչպես ենք քննարկելու: Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշակի հստակ հարցեր: Օրինակ՝ ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը, այն հակամարտության հիմնական կողմերից մեկն է»,- ասել է Փաշինյանը։

Կողմերի հակադիր մոտեցումներն ու բանակցությունների հեռանկարը

Իսկապես, եթե կողմերը նման տարաձայնություններ ունեն թե՛ բանակցությունների ձևաչափի և թե՛ ընդհանրապես հիմնախնդրի կարգավորման հարցերի շուրջ ու գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումները, այդ պայմաններում կհաջողվի՞ պահպանել վերջին մի քանի ամսվա ընթացքում ձևավորված փխրուն երկխոսությունը Երևանի ու Բաքվի միջև և վերսկսել վաղուց դադարեցված պաշտոնական բանակցությունների՝ անցնելով հիմնախնդրի կարգավորմանն առնչվող ավելի առարկայական հարցերի։

Չէ՞ որ Բաքուն ասում է, որ հայտարարելով, թե Լեռնային Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի Ստեփանակերտի հետ, Հայաստանը «խուսափում է բանակցություններից»։ Ավելին, Ադրբեջանը նույնիսկ իր վերջնագրերը չընդունելն է համարում հրաժարում բանակցություններից։ Այլ խոսքերով՝ Բաքուն շարունակում է մնալ իր առավելապաշտական, ապակառուցողական դիրքերին՝ բացառելով Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից ու պահանջելով, որ հայկական զորքերն անվերապահորեն դուրս բերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», ու ելնելով սրանից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ադեկվատ գնահատական տվեց իրավիճակին՝ հայտարարելով, որ Հայաստանը չի խոսելու որևէ փոխզիջման մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը չի պատասխանել՝ պատրա՞ստ է փոխզիջումների, թե՞ ոչ․ «Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցին պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք։ Իսկ ինչո՞ւ որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ»։

Սրան ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց․ «Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը դիտարկենք որպես հրաժարում բանակցություններից»։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/466/44/4664477.jpg

Բաքվի հույսերը չարդարացան

Նկատի ունենալով այս ամենը՝ որքանո՞վ է հնարավոր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հանդիպումը մոտ ապագայում, և եթե հանդիպեն՝ ի՞նչ նպատակով ու ի՞նչ օրակարգով են հանդիպելու։

«Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը դժվարանում է կոնկրետ կանխատեսում անել, բայց կարծում է, որ ադրբեջանական կողմն առայժմ ծանրութեթև է անում բանակցային գործընթացի հետ կապված բոլոր հանգամանքները, քանի որ Փաշինյանի հետ յուրաքանչյուր հանդիպում նոր անակնկալներ է մատուցում Ալիևին, ինչն այնքան էլ ձեռնտու չէ ադրբեջանական կողմին։

Տրոֆիմչուկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատելով հայ-ադրբեջանական շփումներից վերջին ամիսներին՝ Բաքուն շատ էր ցանկանում բարձր մակարդակի հանդիպում հայկական կողմի հետ, քանի որ կարծում էր, թե Նիկոլ Փաշինյանն ավելի զիջողական կլինի ղարաբաղյան հարցում, քան հայկական կողմի նախորդ գլխավոր բանակցողը՝ Սերժ Սարգսյանը։ Բայց շուտով պարզ դարձավ, որ այդ սպասումները լուրջ հիմքեր չունեն, և Նիկոլ Փաշինյանը գնալով սկսեց ավելի «ծանր» շեշտադրումներ անել իր դիրքորոշումներում։

«Չգիտես ինչու՝ ադրբեջանական կողմը կարծում էր, թե Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի հետ շփումների երկար ժամանակաշրջանի, վերջապես հաջողության կհասնի, և «նոր Հայաստանը» կգնա զիջումների։ Պարզ չէ, թե որտեղից էր գալիս այդ վստահությունը։ Օրինակ ինձ, որպես դիտորդի, ամենասկզբից էլ պարզ էր, որ Փաշինյանը Ադրբեջանի համար էլ ավելի ծանր շեշտադրումներ կանի ղարաբաղյան թեմայում, ինչը նկատելի էր Փաշինյանի առաջին իսկ հայտարարություններից։ Ավելին, Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը Փաշինյանն էլ ավելի հեռու գնաց՝ շոշափելով բանակցություններին լեզգիների ու թալիշների տեսական մասնակցության հարցը՝ ի հավելումն ղարաբաղցիների մասնակցության, ինչն առաջարկվել էր ավելի վաղ։ Եվ վերջապես Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը չի առաջարկում որևէ փոխզիջում, որպեսզի կողմերը սկսեն ըստ էության դիտարկել, քննարկել հիմնախնդիրը»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը փոխզիջումներ առաջարկել է, թեկուզև այն հայկական կողմին դուր չի եկել։

Փաշինյանը կարող է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը

Ամեն դեպքում, ըստ ռուսաստանցի փորձագետի՝ արդեն իսկ պարզ է, որ Սերժ Սարգսյանն ավելի հարմար գործընկեր էր բանակցություններում Ադրբեջանի համար, քան Փաշինյանը, չնայած որ ադրբեջանցիների կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ներկայացնում էր «ռազմատենչ ղարաբաղյան կլանը»։

«Եվ վերջապես, Փաշինյանի գլխավոր, հաղթաթղթային թեզը դարձավ այն հայտարարությունը, որ հայկական կողմը չի պատրաստվում քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը։ Ադրբեջանցի առաջատար փորձագետների կարծիքով՝ տվյալ թեզը արմատապես փոխում է բանակցությունների փոխդասավորությունը, որը ձևավորվել էր ավելի քան 20 տարվա ընթացքում։ Բայց նույնիսկ դրանից հետո որևէ բան տեղի չի ունենում․ Բաքուն միջազգային SOS ահազանգ չի հնչեցնում, և կողմերը շարունակում են հանգիստ պատրաստվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հաջորդ հանդիպմանը։ Ուղիղ կասեմ՝ Ադրբեջանի պահվածքն ինձ համար հասկանալի չէ, քանի որ Ադրբեջանը երկար ամիսների ընթացքում իր ձեռքում ուներ պրոցեսը ղեկավարելու իրական ու շատ լուրջ հնարավորություններ։ Ես, իհարկե, նկատի ունեմ պատերազմը այն շրջանում, երբ Հայաստանում տեղի էր ունենում իշխանության փոփոխություն։ Իսկ այսօրվա իրավիճակը լիովին ձեռնտու է Հայաստանին։ Այդ պատճառով էլ Փաշինյանը հիմա կարող է հանգիստ իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը։ Իսկ իրերի նման անսովոր դասավորությունը տեսականորեն թույլ է տալիս հայկական կողմին հրաժարվել բարձր մակարդակի հանդիպումից՝ դրա համար ընտրելով համապատասխան դիվանագիտական դրդապատճառ»,- ավելացրեց Տրոֆիմչուկը։

1in.am

(Visited 144 times, 1 visits today)