Իրանը չի վստահում Հայաստանի ներկայիս իշխանություններին

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցն այս չափազանց կարևոր է և ինչու չէ նաև խիստ անհրաժեշտ, քանի որ Հայաստան-Իրան բարիդրացիական փոխհարաբերությունների համատեքստում քննարկելու ու կարգավորելու բազմաթիվ հարցեր կան:

Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում առաջնային թիրախը փոխադարձ վստահության ու շարունակական փոխգործակցության ամրապնդումն է: Այլ խոսքով ասած՝ Իրանը ցանկանում է ճանաչել Հայաստանի նոր իշխանություններին ու դրա հիմքի վրա էլ հասկանալ վերջիններիս գործունեության տրամաբանությունն ու էությունը: Կասկածից դուրս է, որ Թեհրանի համար չափազանց կարևոր է Երևանում տեսնել կանխատեսելի ու վստահելի գործընկերների, որոնց տարածաշրջանային գործունեությունը որևէ կերպ չի վտանգի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանը:

Փաստորեն սա ճանաչողական այց է, և Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրը Թեհրանի հետ լեզու գտնելն է ու անվստահության որոշակի մթնոլորտի ցրումը՝ հավաստիացնելով, որ կողմերի միջև ձևավորված փոխհարաբերությունների հարուստ ավանդույթը անփոփոխ է ու շարունակական: Այսինքն՝ անկանխատեսելի անակնկալներ չեն սպասվում:

Նախորդ իշխանություններին հավատարիմ մնացած պրոպագանդիստներն ու լրատվականները, իհարկե, առիթը բաց չեն թողնում Հայաստան-Իրան փոխհարաբերություններում ձևավորված անվստահության մթնոլորտը ներկայացնելու որպես Փաշինյանի կառավարության ձախողում: Պետք է փաստենք, որ սա քարոզչական պարզունակ հնարք է, և անվստահությունը պայմանավորված է ոչ այնքան նոր կառավարության գործոնով, այլ ավելի շատ օբյեկտիվ պատճառներով: Բնական է, որ թավշյա հեղափոխությունը չէր կարող Թեհրանում միանշանակ ընդունվել, ու Իրանը պետք է կասկածանքով վերաբերվեր Հայաստանի նոր իշխանություններին: Խնդիրն այն է, որ տարածաշրջանում սաղմնավորվող ցանկացած հեղափոխական ալիք օրինաչափորեն անհանգստացնում է Իրանին: Վերջինս, շրջապատված լինելով թշնամիներով ու հակառակորդներով, կասկածանքով է վերաբերվում ցանկացած փոփոխության: Այս տեսանկյունից, Հայաստանի առաջնային խնդիրն է համոզել Իրանին, որ Հայաստանի կառավարող շրջանակներում չկա ու չի կարող լինել հակաիրանական որևէ տրամադրություն:

Բայց որքան էլ անվստահության մթնոլորտը օբյեկտիվ պատճառներ ունենա, այնուամենայնիվ, հանուն արդարության չենք կարող նաև չփաստել, որ դրա մեծացմանը նպաստել են նաև մի շարք այլ հանգամանքներ:

1. 2018 թ. հոկտեմբերի 10-ին Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպիսի մի միտք արտահայտեց. «Ցավոք սրտի, Սյունիքում շատ հաճախ արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն։ Եվ այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, և մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը։ Ինձ համար հատուկ կարևորագույն խնդիր է՝ ջարդել նարկոթրաֆիկի ողնաշարը»:

Իհարկե, վարչապետի խոսքերի մեջ որևէ սխալ չկա, իսկապես այդպես է: Խնդիրը արտահայտվելու ձևի ու ոճի մեջ է: Այսինքն՝ Փաշինյանը, փորձելով ներքաղաքական խնդիր լուծել, այն է՝ արդարացնել Հունան Պողոսյանի նշանակումը մարզպետի պաշտոնում, դիվանագիտական տեսանկյունից չափազանց անզգույշ ու ոչ կոռեկտ է գտնվել: Բնական է, որ թմրանյութերը Սյունիք են մտնում Իրանից, և այս պարագայում իրանցիների մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու Հայաստանը այդ բարդագույն խնդիրը չի քննարկում հենց իրենց հետ՝ դարձնելով այն հանրահավաքային հռետորաբանության գործիք:

2. Վստահաբար Իրանի կողմից ոչ միանշանակ է ընդունվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությունը Հայաստան, ինչպես նաև նրա կողմից հնչեցված որոշակի ձևակերպումներն ու արտահայտությունները: Թերևս կարելի է երկու միտք առանձնացնել, որոնք ամենավտանգավորն են Իրանի համար: Առաջինը՝ «Ինչպես եզրակացնում եմ այստեղ ունեցած իմ հանդիպումներից, այդ թվում՝ վերլուծաբանների հետ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է։ Ընտրություններից հետո վճռական գործողություններ իրականացնելու ճիշտ պահն է» և երկրորդը՝ «Ինչպես բացատրեցի վարչապետին (խոսքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին է), մենք ուզում ենք հնարավորինս մեծ ճնշում գործադրել Իրանի վրա, քանի որ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու նախագծերից»։

Իհարկե, Իրանի համար անակնկալ չէին Բոլթոնի կողմից հնչեցված հակաիրանական հայտարարությունները: Ինչպես գիտենք՝ համանման հայտարարությունները պարբերական բնույթ են կրում, քանի որ Բոլթոնը հակաիրանական գործչի համարում ունի: Այս պարագայում խնդիրը կապված է այն փաստի հետ, որ հակաիրանական կոչեր հնչում են, ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանի տարածքից: Հանգամանքն այս, իհարկե, մտահոգիչ է Թեհրանի համար, քանի որ ԱՄՆ-ի ճնշման ներքո Հայաստանն իր կամքից անկախ կարող է փոխել իր չեզոք ու հավասարակշռված մոտեցումը Իրանի նկատմամբ: Ամեն դեպքում Իրանում այսպիսի մտավախություններ կան: Իհարկե, մտավախություններն այս հնարավոր է ամենայն հեշտությամբ չեզոքացնել, և այդ տեսանկյունից դրանք անմիջապես կկորցնեն իրենց հրատապությունը, քանի որ առկա է շատ ավելի լուրջ հիմնախնդիր, որը, թերևս, ամենակարևորն է հայ-իրանական փոխհարաբերություններում: Այդ հիմնախնդիրը Ղարաբաղյան հակամարտությունն է, ու դրա վերաբերյալ Թեհրանի անհանգստությունը շատ ավելի լուրջ է, հատկապես Բոլթոնի՝ վերևում մատնանշված հայտարարությունից հետո:

Իրանը լուրջ վերապահումներ ունի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, քանի որ հայ-ադրբեջանական շփման գծում ակտիվ կրակի դադարեցումից հետո տարածաշրջանում հայտնվելու են խաղաղապահ ուժեր: Ահա սա է Իրանին անհանգստացնող ամենամեծ մարտահրավերը, որը դիտարկվում է որպես սպառնալիք Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանը: Ի՞նչ ուժերից են կազմված լինելու խաղաղապահ ուժերը և ո՞ր երկրներից են դրանք ներգրավված լինելու: Արդյո՞ք Իրանի հյուսիսային սահմաններից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ կարող են հայտնվել ամերիկյան խաղաղապահ ուժեր:

Իրանի համար լուրջ խնդիր է նաև Արցախի պաշտպանական բանակի կողմից զբաղեցրած տարածքների հավանական վերադարձը Ադրբեջանին: Այսինքն՝ դրանից հետո Արաքսի երկայնքով մեծանալու է սահմանագիծը Ադրբեջանի հետ, որը ամեն պահ կարող է ներգրավվել հակաիրանական կամպանիաների կիզակետում:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը միշտ էլ լուրջ մարտահրավեր է եղել Իրանի համար, իսկ հիմա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դրա գիտակցությունը էլ ավելի է սրվել: Իսկ սրումն այդ պայմանավորված է երեք հանգամանքներով. ա/ Բոլթոնի հայտարարությունները, բ/ նախկին իշխանությունները իրենց դիվանագիտական խողովակների միջոցով պարբերաբար Իրանին հավաստիացնում են, թե հեղափոխական ուժերը մտադիր են հանձնել Արցախը, գ/ Իրանի իշխանությունները դեռևս չեն վստահում Հայաստանի նոր իշխանություններին:

Այս ամենին էլ, եթե ավելացնենք ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի անզգույշ հայտարարությունը, իբրև թե Իրանը ավտորիտար բնույթի պետություն է, ապա անվստահության խճանկարը ամբողջանում է: Իհարկե, պատգամավորի խոսքերը պատահականության ու անփորձության արդյունք էին, բայց Թեհրանի համար սա անլուրջ հիմնավորում է: Նրանք բոլոր հայտարարություններն ու գործընթացները փորձում են դիտարկել ընդհանուր տրամաբանական շղթայի տիրույթում՝ առաջնային պլան մղելով պատճառահետևանքային կապերն ու հանգույցները: Վերաբերմունքը այսպիսին է. եթե այսօր ավտորիտար են ասում, ապա վաղը Իրանին կմեղադրեն կրոնական ֆունդամենտալիզմի, իսլամիզմի, ահաբեկիչներին աջակցելու ու տարատեսակ այլ մահացու մեղքերի մեջ: Ու այս հիմքի վրա էլ Հայաստանը կներքաշվի հակաիրանական կամպանիայի մեջ, կլուծի Արցախի հիմնախնդիրը՝ անվստահելի խաղաղապահ ուժերի համար կանաչ լույս վառելով դեպի տարածաշրջան:

Երբ փիլիսոփայական որևէ կոնցեպտ խնդրահարույց ու փակուղային է լինում, մասնագետները նշում են, որ այդ կամայական կոնցեպտի մեջ առկա են ստորջրյա քարեր, այսինքն՝ ընթացքը արգելակող խոչընդոտներ: Նույն տրամաբանությունը առկա է նաև հայ-իրանական փոխհարաբերություններում: Մի կողմից դրանք բարիդրացիական են ու զարգացման հեռանկարներ ունեցող, իսկ մյուս կողմից էլ՝ առկա են ստորջրյա քարեր, այն է՝ խոչընդոտներ:

Այսպիսով, Փաշինյանի առաջնային խնդիրը հենց այս ստորջրյա քարերի չեզոքացումն է: Հայաստանն ու Իրանը պետք է ունենան կայուն, վստահության ու փոխըմբռնման վրա կառուցված փոխհարաբերություններ՝ առանց խոչընդոտների ու ստորջրյա քարերի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 98 times, 1 visits today)