Աննախադեպ ընտրություն Արցախում. երեկոն ձանձրալի չէ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է 2020 թվականի նախագահի ընտրությանն առաջադրվելու համար քաղաքական խորհրդատվություններ և հանրության հետ տարբեր համայնքներում հանդիպումներ սկսելու մասին: Դա գործնականում հայտարարություն է առաջադրվելու մասին, պարզապես քաղաքական ֆորմալությամբ:

Մյուս կողմից՝ դա իհարկե դեռ չի նշանակում, որ Բալասանյանը անպայման կառաջադրվի: Այստեղ խնդիրը Վիտալի Բալասանյանի անձնական առաջադրումը չէ, այլ այն, թե որպես գործոն նրա հայտարարություններն ինչ ազդեցություն կունենան ընդհանուր գործընթացի վրա, եթե հաշվի առնենք նաև այն, որ նա բավականին բաց տեքստով քննադատում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Մարտի 1-ի գործով հետապնդումը: Այստեղ հարցը նաև Քոչարյանը չէ, այլ այն, որ այդ գործը խոշոր հաշվով գործ է նախկին իշխող համակարգի դեմ՝ քաղաքական նշանակության, քաղաքական համատեքստի իմաստով:

Այդպիսով, Վիտալի Բալասանյանը գրեթե զուգահեռաբար քննադատելով այդ գործն ու հայտարարելով Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին՝ փաստորեն դիրքավորվում է որպես նախկին համակարգի աջակից կամ «քաղաքական շահերի պաշտպան»: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Արցախի նախագահի ընտրությանը նա ակնկալելու է այդ սեգմենտի աջակցությունը, այսինքն՝ հանրային շրջանակների, որոնք նախկին համակարգի կողմնակից են կամ, ավելի շուտ, այդ համակարգի առաջնորդների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի: Շատ են այդ շերտերը, թե ոչ՝ ստույգ ասելն իհարկե դժվար է:

Այստեղ, սակայն, հետաքրքիր է մեկ այլ հանգամանք՝ կա նախկին համակարգի «շահերի տիրույթում» գտնվող մեկ այլ գործիչ, որը հայտարարել է առաջադրվելու որոշման կամ մտադրության մասին: Դա Սամվել Բաբայանն է: Ի տարբերություն Բալասանյանի՝ Արցախի պաշտպանության նախկին նախարարը բացահայտորեն չի քննադատել նախկին նախագահ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը, սակայն մյուս կողմից՝ չի էլ արտահայտվել դրա օգտին: Այդ մասով նա արել է խորհրդավոր հայտարարությունը, որ 2016-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանին հայտնել է Քոչարյանի մասին իր ամբողջ կարծիքը: Բայց, ինչպիսին էլ լինի այդ կարծիքը, Սամվել Բաբայանը, միևնույն է, նախկին իշխող համակարգի հետ ասոցացվող թեկնածու է՝ մի շարք հանգամանքների բերումով:

Ստացվում է, որ Արցախի նախագահի ընտրությանն առաջադրվելու հավակնություն են ներկայացնում իշխող նախկին համակարգի հետ ասոցացվող երկու վառ գործիչներ՝ ամեն մեկը իր վարքագծի և կենսագրության առանձնահատուկ հակասական դրվագներով: Նրանք միմյա՞նց դեմ են խաղալու՝ հավակնելով նույն նախընտրությունն ունեցող հանրային շրջանակների ձայնին՝ իհարկե ոչ բացարձակ նույնության իմաստով, թե՞ նախկին համակարգն ընդհանրապես ավելի բազմազան պայքարի է պատրաստվում Արցախում, և Բալասանյանն ու Բաբայանը, օրինակ, ոչ թե նույն շրջանակի համար կպայքարեն, այլ նրանք կծածկեն փաստորեն ավելի լայն շրջանակ:

Արցախի նախագահի ընտրությունը, որ սպասվում է 2020-ին, խոստանում է լինել թերևս ամենաինտրիգայինը և ամենամրցակցայինը՝ համենայնդեպս, դատելով մինչ այժմ եղած զարգացումներից, հաշվի առնելով մի շարք նոր հանգամանքներ, որ առկա են Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Առայժմ, սակայն, պարզ չէ, թե ինչ նոր ինտրիգ կա այդ ընտրությանը, կամ ինչն է լինելու նոր ընդհանրապես:

Դրան հավակնում է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը ևս ունի նախագահի ընտրությանն առաջադրվելու ծրագիր, և որը նաև ակնհայտորեն փորձում է դիրքավորվել նախկին իշխող համակարգից տարածության վրա, որքան էլ մեծ հաշվով այդ համակարգում է եղել Արցախի վարչապետ:

Մրցակցային ընտրությունն անշուշտ կլինի հօգուտ Արցախի և արցախցիների ու վերջին հաշվով՝ նաև հօգուտ Հայաստանի: Սակայն կա խնդրի մարտավարական և ռազմավարական կողմը: Մարտավարական իմաստով ինքնին մրցակցությունը, աննախադեպ քաղաքական և բաց պայքարը կլինի նշանակալի ձեռքբերում, սակայն ռազմավարական իմաստով այն ներուժ կունենա այն դեպքում, երբ մրցակցության մեջ լինի նոր որակ ու բովանդակություն, որպեսզի նորը չսահմանափակվի միայն ինքնին բաց մրցակցության հանգամանքով:

1in.am

(Visited 74 times, 1 visits today)