«Երկաթը տաք-տաք են ծեծում, նախագահներն ավելի վաղ պետք է հարցաքննվեին». Մարտի 1-ի գործը պետք է արդեն դատարանում լինի

2008 թվականի   Մարտի 1-ի իրադարձությունների վերաբացված գործի շրջանակներում հարցաքննվել են բոլոր երեք նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը՝ վկայի կարգավիճակով, իսկ այդ ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի  մեղադրյալի կարգավիճակ. վերջինս այս գործի շրջանակներում առայժմ միակ կալանավորված նախկին պաշտոնյան է։ Վերաքննիչ դատարանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը և ուժի մեջ թողեց կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Փաստորեն երկրորդ նախագահին չփրկեց  Վերաքննիչի նիստերին մասնակցությունն ու անգամ ելույթ ունենալու հանգամանքը: Նրա փաստաբանները մասնակցությունը բացատրեցին նրանով, թե ի տարբերություն խափանման միջոց կալանքը գրավով փոխելու հայցերով նիստերին չմասնակցելուն՝  Ռոբերտ Քոչարյանը լուրջ է վերաբերվել Վերաքննիչի հնարավորությանը և համարել, որ մասնակցելը կարող է արդյունք ունենալ:

Այս ամենին զուգահեռ՝ փաստորեն տեղի էր ունենում  Սերժ Սարգսյանի մոտ վեցժամանոց հարցաքննությունը։ Երկու իրադարձությունները ուղղակի փոխկապակցված չեն, սակայն ուշագրավ է, որ, այսպես ասած, մեղադրող կողմը Սերժ Սարգսյանին որպես վկա հարցաքննելու մարտավարական քայլը կատարեց Վերաքննիչում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության դիմումի քննությանը զուգահեռ:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ դժվար է ասել, թե արդյոք այս երկու  հանգամանքներն իրար հետ փոխկապակցվա՞ծ են, բայց դատարանը հաշվի  է առնում ամեն մի ապացույց և ամեն մի հիմք. «Ինչ վերաբերում է  նրանց հարցաքննությանը, ապա դա պետք է ավելի վաղ արվեր։ Հիմա «խեղճ» ՀՔԾ-ն լրացնում է եղած բացթողումը. թե ինչ արդյունք կունենա՝ կերևա ապագայում։ Անկեղծ ասած, ես շատ անհանգիստ եմ  քննչականի համար, դժվար է  այսքան տարի հետո բացահայտել։ Ինչպես ասում են՝ երկաթը պետք է տաք-տաք ծեծել։ Մեղավորն այստեղ նաև օրենքն է, որ թույլ է տալիս ամիսներ շարունակ նախաքննություն իրականացնել, քաղաքակիրթ երկրներում դա շատ կարճ է տևում, և ըստ էության քննությունը կատարվում է դատարանում, ապացույցները ևս այնտեղ են  քննվում»։

Պարգև Օհանյանը նշում է՝ գործն արդեն մի քանի ամիս է՝ քննվում է, բայց առայժմ միայն Քոչարյանի կալանքի հիմքերն են բոլորի ուշադրության կենտրոնում: «Բավարար ապացույցների առկայության դեպքում, ըստ իս, գործը շուտվանից դատարանում պետք է լիներ։ Մենք սովոր ենք, որ շատ հիմնավոր բավարար ապացույցներ լինեն՝ նոր գնա դատարան, բայց դա այդպես չէ։ Գործը պետք է մտնի դատարան, հրապարակային քննություն կատարվի, այնտեղ  խաչաձև հարցաքննություն կատարվի։ Լավ կլիներ նաև երդվյալ ատենակալների ինստիտուտն ընդունվեր։ Կան յուրատեսակ գործեր, երբ ապացույցները միշտ բավարար չեն լինում, սպանություն, բռնաբարություն՝ այդ ամենը վկայի ներկայությամբ չի լինում, երբեմն հետքեր էլ չեն լինում։ Այս դեպքերում երդվյալների ստացած տպավորությունների  հիման վրա դատավճիռ կկայացվի։ Իհարկե, սխալվելու  հնարավորությունը նորից չի բացառվում, բայց ոչ թե ամիսներ շարունակ այսպիսի վիճակ լինի՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- ասաց նախկին դատավորը։

«Փաստահավաք» խմբի անդամ, փաստաբան  Սեդա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ մարդկանց դատավարական կարգավիճակը հենց այնպես չեն որոշում, դրանք բխում են տվյալ քրեական գործում առկա ապացույցներից. «Եթե մարդը քննվել է որպես վկա, ուրեմն պետք է վկայի իրեն հայտնի այս կամ այն հանգամանքը։ Եթե մարդն ունի կասկածյալի կարգավիճակ, ուրեմն նրան պետք է ապահովել փաստաբանով, որպեսզի ինքն իր իրավունքներից օգտվելու հնարավորություն ունենա։ Այս տեսանկյունից ես ուզում եմ հասկանալ, թե երկու նախագահների հարցաքննությունը ո՞ր  հանգամանքների կապակցությամբ է եղել»։

Շարունակելով՝ Սեդա Սաֆարյանն ընդգծեց. «Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը շատ ավելի հասկանալի է եղել, առնչվել է  Մարտի 1-ի առավոտվա դրվագին, և երևի թե պետք է բացատրություն տրվի, թե ինչու նրան թույլ չտվեցին, որ գա ու միանա հանրահավաքի մասնակիցներին։ Ինձ համար  մի քիչ անհասկանալի է Սերժ Սարգսյանի պարագան՝ նա ի՞նչ է  վկայելու։ Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և մնացած բոլորի համակցված գործողությունները հանգեցրել են Մարտի 1-ին։ Չեմ կարող ասել, թե ՀՔԾ-ն տակտիկական առումով ինչպե՞ս է մոտենում այդ հարցին»։

Սերժ Սարգսյանի հարցաքննությունից կարո՞ղ էր բխել Քոչարյանի կալանքը չփոխելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ հարցին ի պատասխան Սեդա Սաֆարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելն անթույլատրելի են համարում ոչ թե նրա համար, որ նա կարող է Սերժ Սարգսյանի վրա ազդեցություն ունենալ՝ ելնելով նաև կողմերի շահերից, այլ շատ ավելի ցածր օղակներ կան, որոնք մասնակցել են և ազդեցության առումով շատ ավելի խոցելի են։ Չենք կարող ասել, թե Սերժ Սարգսյանն ինչ ցուցմունքներ է տվել, բայց որպես «Փաստահավաք» խմբի անդամ, տիրապետելով այդ բոլոր նյութերին, կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանի դերն անմասն չի եղել այս ամենին։ Թե վկայի կարգավիճակով ինչ կասի, արդյոք ապագայո՞ւմ էլ կմնա այդ կարգավիճակում՝ չեմ կարող ասել։ Դա թողնենք վարույթն իրականացնող մարմնին. առաջ ընկնելով շատ բաներ ենք ասում, հետո պարզվում է՝ անմեղության կանխավարկածը խախտել ենք։ Ուզում եմ, որ քննությունն իսկապես  օրինական լինի, ապահովի օրինականության սկզբունքը»։

1in.am

(Visited 74 times, 1 visits today)