Վլադիմիր Պուտին VS Նիկոլ Փաշինյան.

Հայաստանը 83 հոգանոց հումանիտար առաքելություն է ուղարկել Սիրիա, ինչը դարձել է հանրային-քաղաքական քննարկումների առաջնային թեմաներից մեկը։

Ուղարկել է՝ օրենքով կամ առանց դրա։ Ուղարկել է՝ հիմնավորումներ ունենալով կամ ոչ։ Ուղարկել է ոչ թե ուղարկելու, այլ միանգամայն այլ նպատակներով։ Հայաստանի հումանիտար առաքելությունը Սիրիայում չի անելու այն, ինչը հնարավոր չէր լինելու անել առանց հայկական մասնակցության։ Ամենևին ոչ։ Իրականում Հայաստանը Սիրիա ներկայացուցիչներ է ուղարկել իսկապես հումանիզմից դրդված, բայց հումանիզմի օբյեկտը ոչ թե սիրիացի ժողովուրդն է, ինչպես ներկայացվում է, այլ աշխարհի միանգամայն այլ վայրում գտնվող միանգամայն այլազգի մեկը՝ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանը սիրիական կամպանիային, ավանտյուրիզմի տարրեր պարունակող կամպանիային մաս է կազմել Ռուսաստանին ու անձամբ Վլադիմիր Պուտինին սիրաշահելու, նրան դուր գալու համար։ Սա է այս ողջ պատմության հիմքն ու մեխը, ու դրա վերաբերյալ իրավական քննարկումները ոչ այլ ինչ են, քան ժամավաճառություն։ Առավել ևս, որ այդ քննարկումները հարուցած հանրապետականները «պատահաբար» մոռանում են խոսել խնդրի քաղաքական կողմի մասին ու, բնականաբար, որևէ համատեքստում չեն բարձրաձայնում Ռուսաստանի անունը։ Որովհետև ինչպես Հայաստանի գործող իշխանության, այնպես էլ նախկինների համար Ռուսաստանն ու Պուտինը անառարկելի, անքննելի կատեգորիաներ են ու այդ մասին խոսելը տաբու է։ Որովհետև ինչպես նախկին իշխանություններն էին մտածում ու գործում 10 տարի շարունակ, այնպես էլ գործող իշխանությունն է արդեն 10 ամիս առաջնորդվում Ռուսաստանին ամեն կերպ դուր գալու, սիրաշահելու, քծնելու արժանապատիվ սկզբունքով։ Եվ եթե նախկին իշխանության քծնանքը Ռուսաստանն ընդունում էր, ապա ներկայիս իշխանության նույնպիսի գործելաոճը չի ընդունում։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա է վստահության ճգնաժամ. Ռուսաստանի իշխանությունը չի վստահում Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով

Ամենակարևոր գործոնն ու պատճառն այն է, սակայն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն ունի աննախադեպ բարձր լեգիտիմություն, ինչը խորթ է Ռուսաստանի համար։ Ռուսաստանն ավելի քան երկու տասնամյակ աշխատել է ոչ լեգիտիմ իշխանության հետ՝ ոչ լեգիտիմությունը դիտարկելով որպես նրանց վրա ներազդելու լծակ, սպառնալիք, մահակ։ Ընդ որում, այդ ավելի քան երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ընդդիմությունները ևս եղել են ռուսական ազդեցության տիրույթում, և Ռուսաստանի համար դժվարություն չի եղել գործող իշխանությանը սպառնալ իշխանության փոփոխությամբ։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունները արել են այն, ինչ անհրաժեշտ է եղել Ռուսաստանին։ Հիմա այս շղթայի օղակներից մեկը փոխվել է՝ Հայաստանի իշխանությունը լեգիտիմ է, սակայն շարունակում է աշխատել այն ռեժիմում, որը բնորոշ է եղել ոչ լեգիտիմ իշխանությանը։ Ակնհայտ է, որ այդ ռեժիմի պատճառահետևանքային կապը խախտված է. Նիկոլ Փաշինյանը պարտական չէ Վլադիմիր Պուտինին իշխանության գալու համար, ինչպես պարտական են եղել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Փաշինյանը պարտական է բացառապես ՀՀ քաղաքացիներին, որոնց նա անվանում է հպարտ քաղաքացիներ։ Բայց անվանելով հպարտ՝ միաժամանակ վիրավորում է այդ քաղաքացիներին, քանի որ նրանց անունից Ռուսաստանի հետ վարում է արժանապատիվ, առանձին դրվագներով՝ ստորացուցիչ քաղաքականություն Պուտինի վստահությանն ու բարեհաճությանն արժանանալու համար։

Սակայն Պուտինը, ինչպես ցանկացած բռնապետ, ինքնամատուցման այդ ակտերին չի խաբվում և անարժանապատվության թավշյա շքահանդեսին պատասխանում է շարունակվող անվստահությամբ։ Միանգամայն այլ կլիներ իրավիճակը, եթե Նիկոլ Փաշինյանը՝ հենվելով իր իշխանության իրական աղբյուրի՝ ՀՀ քաղաքացիների տրված վստահության վրա, Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջ քաշեր նոր օրակարգ, առաջին հերթին Հայաստանի ինքնիշխանության ու սուվերենության վրա հիմնված օրակարգ, որը անպայմանորեն կլիներ արժանապատիվ ու իրապես հպարտ քաղաքացիների իշխանությանը հարիր։ Միայն այդպիսի օրակարգը կարող էր և է՛ հաղթահարել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը և ստիպել Ռուսաստանին հաշվի նստել Հայաստանի ու նրա շահերի հետ։ Որովհետև ինչպես մարդկային փոխհարաբերություններում, այնպես էլ երկրների միջև հարաբերություններում հարգում ու վստահում են արժանապատվություն ունեցողին, ունեցողին ու ցուցաբերողին։ Նվաստացողին երբեք չեն հարգում ու չեն վստահում, որովհետև եթե մարդը կամ պետությունը պատրաստ է նվաստացման, ապա նա պատրաստ կլինի ապաբարոյական այլ արարքների ևս, ինչպես, օրինակ, դավաճանությունը։

Ինչպես վերը նշեցինք, նախորդ երկու տասնամյակներում ռուսական ազդեցության տիրույթում են եղել Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմությունները։ Այսօր էլ պատկերը գրեթե նույնն է՝ խորհրդարանում ռուսական ուղեծրում է, իշխանությունից բացի, նաև «Բարգավաճ Հայաստանը», իսկ խորհրդարանից դուրս այդ ուղեծրում են բոլորը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանը և մյուսները։ Ինստիտուցիոնալ առումով, ոչ ռուսական կամ արևմտյան դաշտում գործող միակ ուժը «Լուսավոր Հայաստանն» է, որը կարող է հանդես գալ հայ-ռուսական հարաբերությունների սեփական, նոր օրակարգով։ Այդ օրակարգը ամենևին չպետք է պարունակի Ռուսաստանին մերժելու կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները դույզն ինչ վատթարացնելու տարրեր։ Ճիշտ հակառակը՝ հայ-ռուսական հարաբերությունների նոր օրակարգը պետք է ուղղված լինի դրանց ամրապնդմանն ու էլ ավելի սերտացմանը՝ մեկ պարտադիր պայմանով՝ այն պետք է հիմված լինի Հայաստանի արժանապատվության ու ինքնիշխանության անվերապահ հարգանքի վրա։

Ինչ վերաբերում է Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլին, ապա հազիվ թե այն մեծ ազդեցություն թողնի Ռուսաստանի ու անձամբ Վլադիմիր Պուտինի վրա։ Եթե անգամ թողնի էլ, ապա այդ ազդեցությունը լինելու է բացասական՝ Հայաստանի համար։ Պուտինը կարող է պարզապես մտածել՝ իսկ ուրիշ ինչի՞ է պատրաստ Հայաստանը հանուն Ռուսաստանի։ Կարող է մտածել ու այդ հարցը որևէ խողովակով հասցնել Հայաստանի իշխանությանը՝ շարունակելով չվստահել նրան։ Իսկ այդ շարունակականությունը հանգեցնելու է նրան, որ մենք անընդհատ ունենալու ենք Վլադիմիր Պուտին VS Նիկոլ Փաշինյան հակադրություններ, որոնցում միշտ հաղթելու է Ռուսաստանի նախագահը։ Դա նման է զրոյական ելքով խաղի, որում հաղթողը շահում է ճիշտ այնքան, որքան կորցնում է պարտվողը։ Մենք կորցնում ենք մեր արժանապատվությունը։

1in.am

(Visited 63 times, 1 visits today)