Քաշում են աթոռը Սերժ Սարգսյանի տակից

ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է հանրային գործունեություն սկսելու մասին՝ որպես փաստաբան և իրավախորհրդատու, ըստ այդմ՝ կասեցրել է անդամությունը ՀՀԿ-ին, որպեսզի գործունեությունը չդիտվի, այսպես ասած, կուսակցականացված:

Իհարկե, հազիվ թե այդ հանգամանքը օգնի Արփինե Հովհաննիսյանին խուսափել ՀՀԿ-ի հետ ասոցացումից: Պատճառը շատ պարզ է՝ նա կուսակցությունը թողնում է ոչ թե քաղաքական գնահատականով՝ անընդունելի համարելով ՀՀԿ գործունեությունը հատկապես իշխանության կարգավիճակում, այլ պարզապես անձնական գործի բերումով, որ ՀՀԿ-ն չխանգարի այդ գործին: Ու քանի որ Հովհաննիսյանը մինչ այդ եղել է ՀՀԿ, այսպես ասած, առաջամարտիկներից ու հատկապես հետիշխանական շրջանում սուր քննադատության ենթարկել նոր իշխանությանը ՀՀԿ-ի անունից, ապա հետագա ֆորմալ բաժանումը հազիվ թե հանրության համար դառնա նրան ՀՀԿ-ից կամ, ավելի շուտ, նախկին իշխող համակարգից առանձին դիտարկելու պատճառ կամ հիմք: Սա իհարկե կարող էր լինել Արփինե Հովհաննիսյանի խնդիրը, ի վերջո՝ ազդելու է նրա անձնական գործունեության տիրույթի վրա:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակն ունի մի կողմ, որն առնվազն դիտարկելի է իբրև կանխավարկած: Բանն այն է, որ հանրությունը կարող է գործ ունենալ ՀՀԿ, այսպես ասած, ապակենտրոնացման մի յուրօրինակ երևույթի հետ, երբ կուսակցությունը կիրառում է տարբեր դաշտերում տարրալուծվելու մարտավարություն՝ «անկուսակցական» կարգավիճակով: Համենայնդեպս, նույն Հովհաննիսյանը կարծես թե դուրս չի գալիս կուսակցությունից, այլ կասեցնում է, ինչը ենթադրում է իքս պահին վերադարձ կուսակցություն: Ըստ այդմ՝ հնարավոր է ենթադրել, որ բաժանումը կարող է լինել կուսակցական տակտիկայի մաս կամ անձնական կարիերայի և կուսակցական տակտիկայի որոշակի համատեղում:

Ի վերջո, ՀՀԿ-ի համար տեսանելի է, որ կուսակցական բրենդը խանգարում է, երկարաժամկետ առումով այն բեռ է և թույլ չի տալիս արդյունավետ իրականացնել ընթացիկ խնդիրները: Ըստ այդմ, կուսակցության ռեսուրսի մի մասը «բաց է թողնվում», բայց թելերը պահելով՝ «կեսցումով», ոչ թե կուսակցությունից հեռանալով: «Բաց ծովում» այդ ռեսուրսը պետք է աշխատի այն նպատակների համար, որը հետապնդում է նաև ՀՀԿ-ն, իհարկե՝ ոչ միայն, իշխող նախկին համակարգն ամբողջությամբ: Ըստ այդմ՝ պետք չէ բացառել և այն, որ տակտիկական բաժանումը ենթադրելու է իհարկե անհրաժեշտ պահին միավորում մեկ այլ սեգմենտի, քաղաքական այլ բրենդի ներքո, և հիմա կա ուղղակի նախկին բրենդից «մաքրվելու» խնդիր:

Ի վերջո, երրորդ տարբերակն այն է, որ նախկին իշխող համակարգի առանցքային դեմք-բևեռները կամ անձ-բևեռները ՀՀԿ-ից դուրս են բերում իրենց կադրերին՝ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ կուսակցությունից դուրս չի գալիս Սերժ Սարգսյանը և մտադիր չէ հանձնել կուսակցությունը: Այդ դեպքում որևէ մեկը չի ցանկանում իր ռեսուրսները թողնել Սերժ Սարգսյանի տրամադրության տակ, և, այսպես ասած, փորձում են քաշել աթոռը նրա տակից:

1in.am

(Visited 140 times, 1 visits today)