Նիկոլ Փաշինյանի վտանգավոր հայտարարությունը

Ինչպես ապրիլի 16-ին հայտարարել եմ՝ Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա՝ ՀՀ ԱԺ ամենաբարձր ամբիոնից ազդարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում, և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում․ խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծել է, որ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը լինելու է նույնը, ինչ քաղաքական հեղափոխության հենքը:

«Տնտեսական հեղափոխությունը պետք է անցնի այն նույն ճանապարհներով, կետերով, ինչով անցավ քաղաքական հեղափոխությունը: Տնտեսական հեղափոխությունը կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կփոխի իր տնտեսական վարքագիծը, և, հետևաբար, կառավարությունն իր անելիքը տեսնում է Հայաստանի քաղաքացու վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու մեջ: Այդ պատճառով է, որ կառավարության ծրագրում չկան թվեր, թվային ցուցանիշներ։ Դրանք կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի պատրաստ կլինի դառնալ «տնտեսական ակտիվիստ»,- ասել է նա:

Առաջին հայացքից՝ վարչապետը հանդես է եկել աքսիոմատիկ ճշմարտություններով, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տարբեր են մեր ու Փաշինյանի, կամ՝ հասարակության մի մասի ու իշխանության պատկերացումները հեղափոխության բովանդակության մասին։

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում քաղաքական հեղափոխությունն ավարտվել է միայն ֆորմալ առումով, կամ ավելի ստույգ՝ հեռացվել է հին համակարգը, որին այդպես էլ չի փոխարինել նորը։ Քաղաքական հեղափոխության արդյունքները հնարավոր կլիներ կապիտալիզացված համարել, եթե Հայաստանում ապամոնտաժվեր սուպերվարչապետական համակարգը։ Նման բան տեղի չի ունեցել, ըստ այդմ՝ հեղափոխության ինստիտուցիոնալ հաղթանակի մասին կարելի է խոսել միայն պայմանականորեն։ Եթե չլինի Փաշինյանի քաղաքական կամքը կամ ինչ-որ պատճառով Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա երկիրը հեշտությամբ կարող է վերադառնալ ավտորիտար համակարգին, որովհետև այսօր օրենսդրորեն ամրագրված են հենց այսպիսի կառավարման իրավա-քաղաքական հիմքեր։

Եթե տնտեսական հեղափոխությունը պետք է անցնի այն նույն ճանապարհներով, կետերով, ինչով անցավ քաղաքական հեղափոխությունը, ապա կարելի է ենթադրել, որ տնտեսության այսօրվա կառուցվածքը չի փոխվելու, այսինքն՝ կոսմետիկ փոփոխությունները չեն հարվածելու օլիգարխիկ տնտեսության հիմքերին, ինչը ենթադրում է, որ օլիգարխիան՝ որպես ինստիտուտ, ոչ միայն չի վերանալու, այլ կարող է ամբողջ ուժով ռեստավրացվել քաղաքական իրավիճակի անգամ աննշան փոփոխության դեպքում։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը երկու շատ կարևոր եզրահանգման տեղիք է տալիս։

Վարչապետն, ըստ էության, ասում է, որ կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությունը անծրագիր է լինելու՝ այն համեմատվելով քաղաքականի հետ։ Այստեղ վտանգավոր հետևանքի կարող ենք բախվել, որովհետև անցած տարի Հայաստանում, ըստ էության, ոչ թե հեղափոխությունն է հաղթել, այլ տապալվել է հին համակարգը՝ չադապտացվելով ինստիտուցիոնալ նոր իրողություններին։ Այդպիսի պնդում ենք անում, որովհետև հեղափոխության հետ գրեթե չեն ասոցացվում քաղաքական կոնկրետ արժեքներ, գաղափարներ։ Ինքնին հասկանալի է, որ նույն տրամաբանությամբ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնել հնարավոր չէ։ Ակնհայտ է, որ այս մանիպուլյատիվ զուգահեռով վարչապետը փորձում է արդարացնել ծրագրի վերացականությունը։

Ուշագրավ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարծես չի գիտակցում իր կագավիճակի որակական փոփոխությունը՝ այդպես էլ չհաղթահարելով հեղափոխության առաջնորդի կարգավիճակը ու չդառնալով պետության առաջին դեմք․ նա ամեն կերպ փորձում է պատասխանատվությունը հասցեագրել քաղաքացիներին։

Հատկանշական է նաև, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է քաղաքական մենության մեջ, որովհետև տնտեսական հեղափոխության գաղափարին հավատում է թերևս միայն նա։ Նույնիսկ կառավարության անդամներն ու խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները անհավես են պաշտպանում կառավարության ծրագիրը, իսկ դրան, ըստ ամենայնի՝ ընդդիմանալու է ոչ միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այլ նաև՝ ԲՀԿ-ն։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 405 times, 1 visits today)