Վարչապետի բացահայտումը.«Հակահեղափոխության» պաշտոնական կարգավիճակ

Կառավարման համակարգը կազմված է 90 տոկոս հին և 10 տոկոս նոր պաշտոնյաների հարաբերակցությամբ, որոնցից հները փորձում են նորը տանել իրենց դաշտ, նորերը՝ հինը փոխել: Այդ միտքը կառավարության ծրագրի խորհրդարանական ներկայացման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործնականում արձանագրելով բավականին նուրբ և բազմաշերտ մի իրողություն:

Վարչապետը փաստորեն ազդարարեց, որ «հակահեղափոխությունը» կառավարման համակարգում է և փորձում է դիմել սաբոտաժի, և այդ փորձն արել է հենց նախորդ տարվա մայիսից, օրինակ՝ հարկերի թերհավաքագրման տեսքով: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ ՀՀԿ-ն խորհրդարանի ընտրությանը ավելի շատ ձայն հավաքել է այն տեղերում, որտեղ կա չինովնիկ ընտրողների մեծ կոնցենտրացիա: Վարչապետը, փաստորեն, ոչ միայն «ուժի մեջ» թողեց հակահեղափոխության վտանգը, այլ նաև ազդարարեց, որ այն հենց կառավարման համակարգում է:

Այս արձանագրումը հատկանշական է մի քանի առումներով: Նախ՝ սրանով, իհարկե, Նիկոլ Փաշինյանն իրեն վերապահում է որոշակի գործողությունների դիապազոն, որոնք կարող է հիմնավորել հակահեղափոխության սպառնալիքով: Իսկ այդ համատեքստում էլ նա փաստորեն ներկայացնում է հիմքերը և փաստարկները, թե ինչու է ժամանակավրեպ համարում այսպես կոչված գերվարչապետական լիազորությունը թողնելը և իշխանության լիազորությունների որոշակի վերաբաշխում կատարելը: Մյուս կողմից՝ Փաշինյանն իր հայտարարությամբ ազդարարեց կառավարման համակարգի այդ շերտերին կամ 90 տոկոսին, որ նրանք աչալուրջ հսկողության, հայացքի տակ են և կարող են ամեն պահի դառնալ «հակահեղափոխության» դեմ պայքարի թիրախ: Միևնույն ժամանակ, հարցի նրբությունը նաև այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրավացի է իրավիճակի և վտանգների իր գնահատականում, և կադրային այս հարաբերակցությունը՝ գուցե մի քանի տոկոսի սխալանքով, իրականում իսկապես առկա է, և իսկապես առկա է սաբոտաժի իրողությունը:

Այստեղ, սակայն, հարցն այն է, թե ո՞վ է ավելի շատ կառավարում այն՝ նախկին համակա՞րգը, որը գուցե իջեցնում է հրահանգները, թե՞ նոր իշխանությունը, որը վարչապետի շուրթերով զգուշացնում է այդ շերտերին: Իսկ կա՞ ինքնահոս, չկառավարվող կամ այսպես ասած՝ «ինքնաբավ» սաբոտաժի բաղադրիչ, երբ միջին կամ ստորին օղակի պաշտոնյաները, զրկվելով նախկին համակարգի հովանուց, միաժամանակ մնալով կառավարման համակարգում, պարզապես ընդվզում են այսպես ասած՝ «անհատական նախաձեռնությամբ»: Մեծ հավանականությամբ, կա թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց, այսպես թե այնպես, անկասկած է, որ կա սաբոտաժ և նաև որոշակի նյարդերի և դիրքային պայքար՝ նոր իշխանության ու նախկին համակարգի ուղղակի թե անուղղակի ազդեցության:

Այստեղ հարց է առաջանում, թե ինչու չեն հեռացվում «սաբոտաժ» անողները: Կամ բավական դժվար է հայտնաբերել ու հիմնավորել դա, կամ պարզապես «կառավարվող սաբոտաժը» քաղաքական խաղաքարտ է վարչապետի ձեռքին: Մյուս կողմից՝ հնարավոր է գործում է «գործակալների բացահայտման» որոշակի սկզբունք, երբ նրանց դիտարկում են հակառակ օգտագործման համար, տվյալ դեպքում՝ նախկին համակարգի, այսպես ասած, «շտաբների» վրա դուրս գալու համար: Սակայն, ի վերջո, այդ ամենը՝ տակտիկական, դիրքային այդ պայքարը, ընթանում է պետական կառավարման համակարգում, ընդ որում՝ պարզ չէ, թե որ օղակում ինչ ուժգնությամբ է այն ընթանում, հետևաբար՝ կառավարման արդյունավետության վրա ինչ ազդեցությամբ: Իհարկե, ճակատագրական կամ առավել ևս ապոկալիպտիկ վիճակ չկա, սակայն, այդուհանդերձ, որքա՞ն է շարունակվելու կառավարման համակարգի այդ «երկատված» իրականությունը:

1in.am

(Visited 44 times, 1 visits today)