Արցախի հարցում թավշյա հեղափոխություն, ինչն է մերժվում

Կառավարության ծրագիրը խորհրդարանի ամբիոնից ներկայացնելու ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական է բնութագրել այն քայլերը և մոտեցումները, որ անում է արցախյան գործընթացում: Նիկոլ Փաշինյանն այդ առիթով ավելի վաղ հայտարարել էր, որ նոր իշխանությունն իրականացնում է քաղաքականություն, որը ոչ մի ընդհանրություն չունի նախկին երեք նախագահների վարած քաղաքականությանը: Խոշոր հաշվով, լայն հանրության համար բավական դժվար է մատնանշել, թե որն է արցախյան խնդրում նոր իշխանության վարած քաղաքականության հեղափոխականությունը: Մյուս կողմից ակնառու է, որ արվել են հայտարարություններ, որոնք սկզբունքորեն տարբերվում են Երևանի նախորդ հռետորաբանությունից: Խոսքը, մասնավորապես, թե՛ այն մասին է, որ Երևանը չունի բանակցելու այն մանդատը, որ պետք է ունենա Ստեփանակերտը և թե՛ այն մասին, որ Հայաստանը կամ հայկական կողմը չպետք է լինի փոխզիջումների վերաբերյալ միջազգային հարցադրումների առաջին հասցեատերը՝ առաջինը պետք է հարց ուղղել Բաքվին: Հեղափոխակա՞ն են այս հայտարարությունները, թե՞ ոչ: Տեսանելիության առումով, իհարկե, դեռևս ոչ, սակայն, մեծ հաշվով, դրանք կարող են դիտարկվել հեղափոխական ռազմավարության առաջին քայլեր կամ, այլ կերպ ասած, արցախյան խնդրում թավշյա հեղափոխության մեկնարկ: Պարզապես պետք է հասկանալ, թե որն է այդ հեղափոխության ռազմավարական նպատակը կամ, այսպես ասած, մերժման թիրախը:

Ահա, այս տեսանկյունից ակնառու է, դատելով նախորդ քառորդ դարի գործընթացի տրամաբանությունից և դրա հետևանքներից, որ այս դեպքում «թավշյա հեղափոխության» «մերժման» թիրախ կարող են լինել «մադրիդյան սկզբունքները», և այդ սկզբունքների ճանաչման վրա կառուցված քաղաքականությունից դուրս գալը միայն կարող է վկայել արցախյան հարցում հեղափոխության մասին: Ընդ որում, սա չի խոսում միայն հայաստանյան դիտանկյունից երևացող պատկերի և դրանից բխող հրամայականների մասին: Հայաստանի այդ հեղափոխական հրամայականը պահանջված է նաև միջազգային հարաբերությունների և համաշխարհային նոր իրողությունների համատեքստում, այդ իրողություններում կազմելով Հայաստանի առանցքային և այդ իմաստով բացառիկ դերակատարման հենքը: Խոշոր հաշվով, այստեղ է նաև միջազգային ասպարեզում թավշյա հեղափոխության հանդեպ ուշադրության մեծ աստիճանն ու պարբերական ռևերանսները: Այս հանգամանքը առերևույթ հակասության մեջ է այն հնչող հայտարարությունների հետ, որոնք ուղղված են հենց մադրիդյան սկզբունքների շրջանակում փոխզիջումների հասնելուն: Մյուս կողմից մենք բազմաթիվ անգամներ առիթ ենք ունեցել անդրադառնալ այս իրողությանն ու արձանագրել, որ միջազգային հանրությունն այս տեսանկյունից դուրս կգա այդ հռետորաբանությունից այն ժամանակ, երբ դրանից դուրս գալու գործընթաց կսկսի կողմերից մեկը: Խոշոր հաշվով, պատրանք է, թե Ադրբեջանը ունի մադրիդյան սկզբունքների շրջանակում մնալու մտադրություն: Այդ սկզբունքները Բաքվի համար միջոց են խորացնել ծուղակն ու փակուղին Հայաստանի համար անցանկալի տրամաբանությամբ այնքան, մինչև հնարավոր կլինի հասունացնել արդեն «ամբողջի» և «անվերապահի», այսպես ասած, անկասելի տրամաբանություն ենթադրող քաղաքական մթնոլորտ միջնորդ կենտրոնների շրջանում:

Իրատեսական է սա, թե ոչ, այլ հարց է, սակայն հստակ է Բաքվի այս ռազմավարությունը և այն միայն մոլորության դեպքում է հնարավոր համարել մադրիդյան սկզբունքներին հակվածություն: Այլապես, Բաքուն վաղուց էր ստորագրել Կազանի պլանը: Հետևաբար, բարդ իրավիճակում խնդիրը, իհարկե, բավական պարզ է՝ Հայաստանն էլ իր հերթին պետք է անցում կատարի ամբողջը պահելու տրանսպարենտ քաղաքականության, դրանով միջնորդներին հնարավորություն տալով հակակշռել Բաքվի ջանքերը և ստեղծելով նախադրյալ, որ արցախյան հարցում էլ Երևանի հեղափոխությունը ճանաչեն այնպես, ինչպես ճանաչեցին Հայաստանի ներքին կյանքում կատարվածը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 65 times, 1 visits today)