Թուրքիայի խանութից բան է առել, տան, մորքուրի կամ հորքուրի համար բերել․ Փաշինյանը սահմանում է ոչ առևտրային նպատակը

ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի քննարկումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ իրեն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր բողոքում էին Թուրքիայից ապրանք ներկրելու քանակի կրճատումից , դիմել են նաև փողոցային առևտուր իրականցնողները:

Պատգամավորը նշեց, որ ԱԺ հարակից տարածքում հավաքվել էին Թուրքիայից ապրանք ներկրողները և դժգոհում էին ոչ առևտրային նպատակով 50 կգ ապրանք ներկրելու հնարավորությունը 50%-ով կրճատելու և 25 կգ դարձնելու որոշումից: Պատգամավորը նշեց, որ դրանից ավելին արդեն կիլոգրամը հարկվում է 4 եվրո, ինչը, ըստ քաղաքացիների, բարձր է: Անդրադառնալով փողոցային առևտուր անողների խնդրին` Էնֆիաջյանը նշեց, որ այդ քաղաքացիները ևս ուզում են՝ ոլորտը կարգավորվի, փողոցային առևտուրը վերանա: «Բայց արգելելով ի՞նչ ենք առաջարկում փոխարենը, խոսքը 1000-ից ավելի քաղաքացիների մասին է»,-ասաց Էնֆիաջյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ այս հարցերի քննարկման արդյունքում պետք է 100%-ով ազնիվ լինել: «Տեսեք, Դուք ասում եք՝ ապրանք ներկրողները բողոքում են և ավելացնում, որ ոչ առևտրային նպատակով են բերում, ու խոսքը 600 շահառունեի մասին է: Եթե շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբել, ոչ մի բան չի ստացվի, ոչ առևտրային նպատակով ապրանք բերողը նա է, որ ՀՀ-ից ուրիշ գործով է գնացել, խանութից բան է առել, տան, մորքուրի կամ հորքուրի համար բերել, եթե պարբերաբար ապրանք են բերել, դա ոչ առևտրային նպատակով չի»,-ասաց նա: Ըստ նրա՝ այն ժամանակ արտոնյալները ֆուրով ապրանքը բերում էին և 50, 50 կգ-ներով անցկացնում: «Ո՛չ և ո՛չ, չեն լինելու նման անսկզբունք կոմպրոմիսներ, ասեն՝ ցույց ենք անելու Ձեր դեմ, մեզ համար այս արեք, ցույց կանենք, այս քանակությամբ սահմանեք, չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք ու իրար ֆռացնենք, ով ավելի «շուստրի» է, կառավարությանը ստիպում է՝ այլ որոշում կայացնի… ուրիշ տարբերակ չի լինելու, բերելու եք մաքսազերծելու և նոր միայն անցկացնելու, օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի: Խաբեությունը, սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ, չի լինելու, ոչ մեկին չեմ թույլ տալու ստի լեզվով հարաբերվել, հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր, ստի վերջը եկել է»,-բարձր տոնով հավելեց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/14809.html?lang=hy&fbclid=IwAR1fRNUB9ZTnApoEd7vTp1rXjb-3mWLjAEcoOzP5-3oGXj9ArTt49EA2K-s

(Visited 95 times, 1 visits today)