Նահանգները չի պաշտպանում Հայաստանի քայլը.

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հարցին ի պատասխան ներկայացրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը՝ Սիրիա հայկական մարդասիրական առաքելության գործուղման և այդ հարցում ՌԴ հետ Հայաստանի գործակցության նկատմամբ: ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը հասկանում է քրիստոնեական փոքրամասնությունների վիճակին առնչվող մտահոգությունը, բայց չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական, թե ռազմական նպատակով: Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարում է, որ չի պաշտպանում նաև ՌԴ հետ գործակցությունը, քանի որ Ռուսաստանը սիրիական ճգնաժամում եղել է Ասադի հովանավոր և ներկայացել նրա վայրագությունների պաշտպանության դիրքից: Հայաստանի առաքելության հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը միանգամայն սպասելի է ու տրամաբանական, քանի որ Նահանգներն այդպիսով փաստացի արտահայտում է ընդհանրապես իր դիրքորոշումը սիրիական խնդրի նկատմամբ և պատկերացնել, որ Հայաստանի առաքելության հարցում այն ունենալու էր այլ շեշտադրում, կլիներ մոլորություն:

ԱՄՆ-ը Հայաստանի հարցում ասում է այն, ինչ գործնականում միշտ ասել է Սիրիայի ճգնաժամի հարցում թե՛ Ասադի իշխանության, թե՛ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Արդյո՞ք սրանից կարելի է եզրակացնել, որ հայկական առաքելությունը կթողնի իր բացասական հետքը Արևմուտքի հետ հարաբերության վրա, ինչպես Հայաստանում «մտահոգվում» են տարբեր շրջանակներ, հիմնականում նախկին իշխանությունից: Համենայն դեպս ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ չի արտահայտվում այդօրինակ որևէ մտահոգություն կամ առավել ևս որևէ արձանագրում, որ Հայաստանը Սիրիայում առաքելությամբ և ՌԴ հետ այդ հարցում գործակցելով վտանգի տակ է դնում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունը: Ավելին, ընդամենն օրեր առաջ Նահանգների պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Լորա Քուպերը հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու հայ-ամերիկյան ռազմական գործակցության հեռանկարը քննարկելու համար:

Հազիվ թե լուրջ դժգոհության դեպքում Նահանգները Հայաստանի հետ քննարկեին այդպիսի հեռանկար, ու նաև հազիվ թե Նահանգների համար հայկական սիրիական առաքելությունը լիներ անակնկալ: Ի վերջո, այդ առաքելությունը անհրաժեշտ է Հայաստանին, իր ամբողջ բարդությամբ հանդերձ: Այն, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում առաքելությունը, անշուշտ չի կարող լինել հաճելի տեղեկություն: Սակայն մյուս կողմից քաղաքականությունը հաճելիի ու տհաճի գործընթաց չէ, այլ կազմված է փոխադարձ շահերից կամ անհամաձայնություններից, որոնք ընդ որում, մի զգալի մասով ունենում են երկու կողմ կամ մակերես ու խորք, և հաճախ խորքում ունենում են բոլորովին այլ պատկեր, քան առերևույթ: Դրանով հանդերձ, հայ-ամերիկյան հարաբերությունն անշուշտ ունի շատ ավելի բազմաշերտ և խորքային ներուժ, հեռանկար, ռազմավարական ընդհանրություններ, որոնք բնականաբար պահանջում են ամենօրյա լուրջ աշխատանք և այդ աշխատանքի դաշտ կարող է լինել հենց սիրիական առաքելությունը, անգամ եթե Նահանգները հրապարակավ հայտարարում է այն չպաշտպանելու մասին: Բանն այն է, որ մեկ տարի առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն էր հայտարարում մերձավորարևելյան քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտության մասին, շեշտելով, որ ԱՄՆ-ն անցնելու է այդ փոքրամասնությունների պաշտպանության այսպես ասած անմիջական մեխանիզմների, քանի որ ՄԱԿ խողովակները չեն ապահովում բավարար արդյունավետություն: Դե ֆակտո, Հայաստանը իր պատասխանատվության չափն է իրացնում այդ խնդրում, որի մասին բարձրաձայնել է ԱՄՆ-ի փոխնախագահը՝ անմիջական օժանդակություն ցուցաբերելով հայկական համայնքին, և անելով դա ՌԴ-ի հետ գործակցված, որովհետև այլ խողովակ ուղղակի չի հասնում այնտեղ, որտեղ հայկական համայնքն է: Եվ այս իմաստով, ի դեպ, չնայած չպաշտպանելուն, այդուհանդերձ Նահանգները կարող է աշխատել Հայաստանի հետ քրիստոնյա փոքրամասնությունների հետ կապված մտահոգության հարցում, որ արտահայտել է Վաշինգտոնը: Ի վերջո, Նահանգները լրջագույն անհամաձայնություններ ունեն նաև Թուրքիայի հետ՝ Սիրիայի հարցում, սակայն դա ոչ միայն չի խանգարում, այլ բերում է կողմերին համատեղ աշխատանքի:

1in.am

(Visited 54 times, 1 visits today)