Նախկին նախարարի ուշագրավ ակնարկը երեք նախագահների մասին

Պաշտպանության նախկին նախարար, 2008 թվականի մարտի 1-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, մարտիմեկյան գործով ներկայումս որպես մեղադրյալ անցնող Սեյրան Օհանյանը ուշագրավ տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ անում է բավականին հատկանշական և ինչ-որ իմաստով արտասովոր մի արձանագրում: Նա նշում է, որ Մարտի 1-ի գործը հիմնված է նախկին երեք նախագահների եռանկյունու վրա և այդ համատեքստում անհավասար պայմաններում է Քոչարյանը, որը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի, գտնվում է կալանքի տակ: Սեյրան Օհանյանի արձանագրումը ուշագրավ է թե՛ ինքնին երեք նախագահների եռանկյունու առումով, թե՛ այդ համատեքստում էլ Ռոբերտ Քոչարյանի անհավասար պայմանների:

Ստացվում է, որ Սեյրան Օհանյանն ակնարկում է Ռոբերտ Քոչարյանի դեմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի համատեղ խաղի մասին, կամ գուցե խաղի, որտեղ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը փաստորեն խաղարկվում են Ռոբերտ Քոչարյանի դեմ: Միաժամանակ, Սեյրան Օհանյանի այդ արձանագրումը թերևս առաջացնում է նաև հարց, թե արդյո՞ք նրա միջոցով, այսպես ասած, ուղերձ է հղում Ռոբերտ Քոչարյանը՝ իր նախկին երկու գործընկերներին, նրանց հորդորելով կամ ունենալ հավասար պայմաններում մրցակցելու համարձակություն, կամ էլ համարձակություն ունենալ համատեղ կերպով արտահայտվել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու օգտին, անել այդպիսի կոչ: Բոլոր դեպքերում, երեք նախագահների եռանկյունու, իհարկե, ամենևին ոչ նոր արձանագրումը՝ ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլ ընդհանրապես Հայաստանի անցնող քառորդ դարի ներքաղաքական զարգացումների տարբեր այլ դրվագների համատեքստում, առաջին անգամ է հնչում փորձագիտական, մեդիաշրջանակից դուրս և արձանագրվում թեկուզ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակում:

Մյուս կողմից, եթե դիտարկենք Օհանյանի հայտարարության ոչ այն կանխավարկած-ենթադրությունը, որ դա Ռոբերտ Քոչարյանից եկող ուղերձ է, այլ հենց գեներալի նախաձեռնությունն է, ապա այս դեպքում այն արտացոլում է թերևս նախկին ամբողջ իշխող համակարգի տրամաբանությունը՝ թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներով, թե՛ նաև այլ առանցքային դեմքերով, որ բիզնեսի կամ քաղաքականության տիրույթում գործել են այդ համակարգի շրջանակում: Ի վերջո, մարտիմեկյան գործն այդ տեսանկյունից ներառում է մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, և այս առումով գեներալ Օհանյանի ուղերձը ևս բավականին հատկանշական է: Փաստացի, նա արձանագրում է, որ մարտիմեկյան ողբերգությունը երեք նախագահների եռանկյունում հարաբերությունների պարզաբանման գործընթացի հետևանք էր և պետք է դիտարկվի այդ համատեքստում, ըստ այդմ՝ մյուս պաշտոնյաները դիտարկվում են որպես այդ նախագահական հարաբերությունների պարզաբանման «անմեղ զոհեր»:

Այլ կերպ ասած, Սեյրան Օհանյանն ակնարկում է, որ նախկին երեք նախագահները միմյանց հետ, այսպես ասած, հին հաշիվներ են մաքրում, և դրա համար իրավապահները չպետք է «հաշիվ ներկայացնեն» մյուս պաշտոնյաներին, որոնք ընդամենը եղել են այսպես ասած՝ «շարքային ծառայողներ», թեկուզ գեներալի կոչումներով: Այս դեպքում հետաքրքիր է հասկանալ, թե արդյո՞ք «ուղերձը» պատրաստ են ստորագրել մարտիմեկյան գործով անցնող մյուս բոլոր պաշտոնյաները և առանցքային դեմքերը: Այդ դեպքում նրանք պատրա՞ստ են արդեն «շարքային ծառայություն» մատուցել ողբերգական գործի լիարժեք քննությանը:

1in.am

(Visited 78 times, 1 visits today)