Ուր են փողն ու գաղափարը. ժամանակ կա, բայց արագացնել է պետք

Թեև կառավարության ծրագրով հայտարարված տնտեսական հեղափոխության առանցքային շարժիչ է դիտարկվում քաղաքացիների մտածողության հեղափոխությունը կամ այսպես ասած աղքատության հաղաթահարումը մարդու գլխում, այդուհանդերձ տնտեսական հեղափոխության օրակարգային հրատապությունը շարունակում է պայմանավորված լինեն ֆինանսական ռեսուրսներով, կամ ինչպես կասեր Ծառուկյանը՝ փողով:

Կասկած չկա, որ քաղաքացիների, անհատի մտածողության փոփոխությունը հիմնարար նշանակություն ունի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության խորքային ամբողջականացման համար: Անհերքելի է, որ մինչև չփոխվի պետության ընկալումը քաղաքացիների շրջանում, պետության մասին անհատի ընկալումը, չի փոխվի նաև այդ պետությունում անհատի, քաղաքացու վարքագիծը: Այդ իմաստով պատմական շատ հեռու էքսկուրս անելու անհրաժեշտություն չկա, բավարար է արձանագրել մի իրողություն, որն իր հակադարձ էֆեկտն ունի այժմ և այդ էֆեկտը արձանագրում է նաև նոր իշխանությունը: Խոսքն այն մասին է, որ նախորդ քառորդդարյա ժամանակահատվածում իշխանական էլիտայի քայլերի հետևանքով տեղի էր ունենում քաղաքացուց պետության և պետությունից անհատի հետևողական օտարում, քաղաքացին պետության հանդեպ ենթագիտակցաբար դիրքավորվում էր բողոքական, մրցակցային դիրքերից, եթե փորձենք մեղմասացություն կիրառենք մի երևույթի հանդեպ, որը իրականում իհարկե ուղղակի հակառակորդային տրամաբանությամբ պայքար էր՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Ընդ որում, այդ պայքարը իրականում քաղաքացի-իշխանություն ռեժիմում էր, սակայն տարիների ընթացքում մի շարք պատճառներ հանգեցրել էին նրան, որ առկա էր իշխանություն-պետություն հասկացությունների նույնացում: Թավշյա հեղափոխությունից հետո այդ ռեժիմը եթե ամբողջապես չեզոքացված չէ, ապա թուլացած է հիմնովին: Սակայն, նոր կառավարության ձևավորման, նոր իշխանության ամբողջացման և խնդիրների լուծման ամբողջ դիապազոնի ֆոնին ակնառու է դառնում, որ միայն նախկին քաղաքացի-պետություն դիմակայության ռեժիմի թուլացումը չի նպաստում նոր իրավիճակի ձևավորման, նոր որակի իրականության հիմնարար ամրագրումների:

Պայքարը, կռիվը իշխանություն-պետության դեմ դադարել է, սակայն ավելի ու ավելի նկատլի է դառնում, որ դադարել է զինադադարի, ոչ թե խաղաղության և հարաբերության նոր կանոնների և մեխանիզմների տրամաբանությամբ: Կառավարության ծրագրի քննարկմանն այդ թեմայով ծավալված բանավեճն ու խոսակցությունները խոշոր հաշվով պայմանավորված էին հենց այդ իրողությամբ: Այս խնդիրների լուծումը պահանջում է ժամանակ, պահանջում է խորքային լուրջ ուսումնասիրություններ և դրանց վրա կառուցվող եզրահանգումներ ու լուծումներ, որոնք պետք է կազմեն քաղաքացու մտածողություն փոխելու հայեցակարգ-ռազմավարությունը: Կառավարության ծրագրի քննարկումներով և անընդհատ ելույթներով այդ մտածողությունը չի փոխվելու, և ավելին, կարող է այսպես ասած ստանալ ազդակներն ու աստիճանաբար կարծրանալ, առնվազն իր մի մասով: Մտածողությունը պետք է փոխվի կոնկրետ ազդակներով, որ պետք է ստացվեն հանրային համակեցության ամենատարբեր ենթակառուցվածքներով և այստեղ իշխող վերնախավի դերը բավականին մեծ է: Ու մեծ է նաև ֆինանսական ռեսուրսների դերը, ինչպես էլ վերաբերենք փողին: Ինչպես ասում են, փողը դեռ ոչ ոք չի չեղարկել, մինչդեռ ներկայումս այն ավելի շատ գալիս է նախորդ իշխող համակարգից և հոսում է դեպի քաղաքացի-իշխանություն դիմակայության ռեժիմը վերականգնելուն: Ժամանակի ընթացքում այն դարձյալ կնույնականանա քաղաքացի-պետություն դիմակայության ռեժիմի, փակելով շրջանն ու ըստ այդմ քաղաքական էվոլյուցիայի ճանապարհը:

Այստեղ է իշխող վերնախավի առաքելությունը՝ գտնել գաղափարի և փողի հատման ամենաներդաշնակ կետը: Սա գործնականում ցանկացած պետության առանցքային հարցն է: Հայաստանում նախկին իշխող համակարգում գտնվել էր իշխանության և փողի հատման «ներդաշնակությունը», և այդ ներդաշնակության խախտումը քայքայեց համակարգը: Նոր համակարգը պետք է ձևավորվի գաղափարի և փողի ներդաշնակությունը գտնելով: Առայժմ այն չկա: Կա իհարկե ժամանակ և առկա չէ դրա ճակատագրական դեֆիցիտ, իրավիճակն այսպես ասած բնականի սահմանում է, բայց դա պետք է բերի ոչ թե չշտապելու, այլ արագացնելու եզրահանգման:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 43 times, 1 visits today)