Չկա մեկը, որ ինչ-որ բան անի, բոլորը զբաղված են հեղափոխությամբ

Ամիսներ առաջ մասնավոր հատվածից որպես տնտեսական զարգացման փոխնախարար տեղափոխված անձը, իր դիմումի համաձայն, հեռացավ պետական համակարգից: Բայց ոչ վարչապետ Փաշինյանի ասած՝ ցածր աշխատավարձի պատճառով: Գալուց նա գիտեր՝ ուր է գալիս և ինչ է ստանալու դրա դիմաց: Եկել էր ՏՏ ոլորտից, ոգևորված, հույսով, որ նոր իրավիճակում, որպես խնդիրները խորքից իմացող մարդու, կկարողանա ոլորտի օրենսդրական կարգավորումներին ուղղված լուրջ քայլեր անել: Հետաքրքիր ծրագրեր էր մշակել, ու սրանց մի մասն արդեն ստարտային վիճակում էին: Բայց շուրջ կես տարի աշխատելուց հետո գերադասեց հեռանալ: Թերևս, այդ ընթացքում հասկացավ, որ անիմաստ է, ոչինչ փոխել չի կարողանալու: Առանցքային, ոլորտի համար կենսական խնդիրների լուծումները, որ փորձում էր առաջ տանել, հանդիպում էին պետեկամուտների ու ֆինանսների նախարարության «պատերին»: Նախարարի մոտ էլ օրերով չէր հաջողում մտնել: Հասկացավ, որ նման միջավայրում չի հաջողելու, եթե նույնիսկ տարիներով մնա: Ի վերջո հեռանալու էր, ոլորտի համար ոչինչ չարած, «պարտված»: Գերադասեց ժամանակ չձգել: Իհարկե, ցանկություն ուներ մինչ ազատման դիմումը ստորագրելը հանդիպել վարչապետին: Թերևս, նրան «հուշելու» բաներ ուներ: Մեր տեղեկություններով՝ վարչապետն առանց վերջինիս հետ հանդիպելու է մակագրել ազատման դիմումը:

Երեկ Երևանի ավագանու նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը քաղաքապետ Հայկ Մարությանին բացատրում էր, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հեղափոխության օրերին հեղափոխության դեմ «դեբոշներ» սարքած անձ է, որ մինչ այդ էլ համապետական ու Երևան քաղաքի ընտրություններում հանդես է եկել որպես ՀՀԿ-ական «ընտրակազմակերպիչ»: Բազմաթիվ դրվագներում աչքի է ընկել քրեորեն հետապնդելի արարքներով: Բազմաթիվ թերթեր են անդրադարձել այս անձին, այդ թվում և «Հայկական ժամանակը» (որպես ներկա իշխանությունների համար վստահելի աղբյուր), ամենայն մանրամասնությամբ նշելով վերջինիս «քաջագործությունները»: Կան դրան վերաբերող բազմաթիվ տեսանկարահանումներ, նաև իրավապահ մարմինների մոտ: Ի պատասխան, հեղափոխական քաղաքապետը ավագանու անդամին ու ազգին «բացատրեց», որ «եթե ինչ-որ մեկը, անգամ ունենալով այսպիսի անցյալ, այս պահին դեռ աշխատում է, ուրեմն իր ծառայությունը դեռ պետք է»: ՀՀԿ-ն, որպես կանոն, մարդկանց ընտրում էր հատուկ նման ծառայություններ մատուցելու նպատակով: Հեղափոխությունից հետո նման ծառայությունները պետք է, որ իշխանություններին չհետաքրքրեն: Քաղաքապետը դա լավ գիտի: Այդ դեպքում «Իմ քայլի» ինչի՞ն է պետք նման գործիքը, որ պահում են: Տարակուսելի է: Նույն սկզբունքով հեղափոխության օրերին ուսանող երիտասարդության դեմ «սուր ճոճող», սպառնացող, դասադուլի չթողնող, դեպարտամենտի պետը, որ, համաձայն խիստ ինֆորմացված աղբյուրների, բուհում կաշառք վերցնողների առաջամարտիկներից էր, ՀՀԿ կանանց հանրապետական խորհրդի անդամ, Ծիծեռնակաբերդի հայտնի «դեբոշի» ակտիվ մասնակից, դեկտեմբերի ընտրություններում ակտիվորեն աշխատում էր Նիկոլ Փաշինյանի համար: Վերջինս օրերս նշանակվել է Ագրարային համալսարանի գիտահետազոտական կենտրոններից մեկի տնօրեն: «Աշխատանքն» ըստ արժանվույն է գնահատվել պաշտոնի բարձրացման տեսքով: Միայն հասկանալի չէ, թե ում կողմից: Միանշանակ է, որ համալսարանի նորընտիր ղեկավարությունը երբեք չէր համարձակվի նման հակահեղափոխական քայլի գնալ: Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, որպես կանոն, հնի ու նորի պայքարին զուգահեռ նորի բանակն են սողոսկում հնի ներկայացուցիչները: Հայաստանյան հեղափոխության պարագայում, ինչպես խոստովանում է վարչապետը, կառավարող թիմի 90%-ը հնի ներկայացուցիչներ են: Այդ առումով վարչապետի գործը շատ դժվար է: Իրականում սարսափելի դժվար է, որովհետև Հայկ Մարությանը հաստատ հներից չէ, հեղափոխական է, եթե անգամ Փաշինյանի հին զինակիցներից չէ: Իսկ Արարատի մարզպետը, ի տարբերություն շատ ու շատերի, ի սկզբանե է Նիկոլ Փաշինյանի զինակիցը: Թերևս, ամենահներից մեկը, որ երբեք ՀՀԿ-ի հետ չի շփվել: Նա հեղափոխական սերունդն է ներկայացնում և նախկիններից ոչինչ չի «ժառանգել»: Այդուհանդերձ պարզվում է, որ այս օրերին ՌԴ-ից, խոպանից կանչել, Հայաստան է բերել քրոջ 32-ամյա ամուսնում, որպեսզի վերջինս մասնակցի Արարատի ՋՕԸ-ի գործադիր տնօրենի համար հայտարարված մրցույթին: Սա էլ մասնակցել ու հաղթել է: Երբեք որևէ հաստատությունում չաշխատած մարդը միանգամից հաղթում է ՋՕԸ-ի տնօրենի ընտրություններում, չնայած այն բանին, որ ՋՕԸ-երի մասին օրենքը նման հնարավորություն չպետք է որ տար: Մարզպետը, հասկանալի է՝ մրցույթով չի ընտրել, բայց, որպես մարզպետի օգնականի ամենալավ թեկնածու, տեսել է քեռու որդուն, աշխատակազմի ղեկավարի ամենալավ պաշտոնակատարի թեկնածուի՝ մորաքրոջ հարսին, ամենաարժանի փոխմարզպետի՝ քենակալին: Բայց, ինչպես ասում են. «Սա այն չէ, ինչ դուք մտածում եք»: Այստեղ ոչ կոռուպցիա կա, ոչ հովանավորչություն, ոչ պաշտոնական դիրքի չարաշահում:

Ինչի համար եմ ներկայացնում այս ամենը: Պարոն Փաշինյանը շարունակ պնդում է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա: Կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում ևս բազմիցս անդրադարձավ այդ հարցին: Մյուս կողմից էլ, ծրագրի ներկայացման «գաղափարական հիմքը» տնտեսական հեղափոխությունն էր, որ, ինչպես հասկացվեց, սկսել են իրենք ծրագրի ներկայացմամբ, բայց անելու է ժողովուրդը՝ ՀԴՄ կտրոնները պահանջելով: Փաստորեն ստացվում է, որ տնտեսական հեղափոխությունը դա «Իմ քայլի» իշխանությունն է՝ պլյուս ժողովրդի կողմից ՀԴՄ կտրոնը պահանջելը:

Ժամանակին Լենինը ասում էր, որ կադրերն են որոշում ամեն ինչ: Իրոք այդպես է, կադրերն են որոշողը: Դա գրեթե ամեն օր ապացուցում է գործող կառավարությունը՝ թույլ տված կոպտագույն սխալներով: Ինչևէ: Կոռուպցիայի վերացման մասին գրեթե ամեն օր խոսող վարչապետի եղբորորդին փոխնախարար է, միմիայն այն բանի համար, որ վարչապետի եղբորորդին է: Աներորդին էլ պատգամավոր է նույն սկզբունքով: Այդ դեպքում խիստ տրամաբանական է, որ Արարատի մարզպետի մորաքույրը պետք է վարչության պետ լինի, փեսան էլ՝ ՋՕԸ-ի տնօրեն: Ի միջի այլոց, հիշեցնեմ, որ այստեղ է, որ շատ լուրջ քեշ փողեր են շրջանառվում, և ՋՕԸ-երի նկատմամբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ վերաբերմունք ուներ: Տրամաբանական էր, որ այս պաշտոնը զբաղեցներ ոչ թե երբեք ոչ մի հաստիքային տեղ չզբաղեցրած փեսան, այլ խիստ պրոֆեսիոնալ մեկը, որովհետև վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունը նախատեսում է առաջիկայում գյուղացուն ապահովել ջրով այնպես, ինչպես հանրապետության բոլոր քաղաքացիներին ապահովում են լույսով: Եթե վարչապետը տնտեսական հեղափոխությունը խոպանից կանչած բերածներն են անելու, ապա դրական ելքը խիստ կասկածելի է:

Տնտեսական հեղափոխություն անելու էր եկել տնտեսական զարգացման փոխնախարարը, որ 6 ամիս «պատերին խփելուց» հետո հասկացավ, որ անիմաստ է ու հեռացավ: Տնտեսական հեղափոխություն անելու է եկել ՌԴ-ում կարևորագույն պաշտոններ զբաղեցրած, ոլորտի նկատմամբ շատ հետաքրքիր մոտեցումներ ունեցող գյուղատնտեսության փոխնախարարը, որ ոլորտի պրոֆեսիոնալ է, բայց ինչպես և մյուսները, անտեղյակ կառավարության ծրագրի գյուղատնտեսությանը վերաբերող մասից: Տնտեսական հեղափոխություն առանց ծրագրերի իրականացնում է հայ գյուղացին, որ նույնիսկ 50-60 տարվա տեխնիկայով արտադրում է աշխարհի չափանիշներով մրցունակ մթերք, բայց իրացման հնարավորություն չունի, իսկ հեղափոխական կառավարությունը դրան կոչված նախարարությունը, ի վերջո, նախարարություն սարքելու փոխարեն գերադասում է այն խցկել մի ուրիշի մեջ ու հարցերը փակել: Եվ վերջապես. ՏՏ ոլորտից հետո ամենառազմավարականը համարվող տուրիզմի ոլորտում տնտեսական հեղափոխություն անելու համար նախ կոմիտեի նախագահ պետք է նշանակել, տեղակալ ու աշխատակազմի ղեկավար: Արդեն երեք ամիս է՝ այս կոմիտեն բացարձակ անգլուխ գործում է ու որևէ մեկի մտքով իսկ չի անցնում գոնե մեկին ժամանակավոր պաշտոնակատար դնել, մինչև մի բան կորոշեն: Նորմալ, բավականին հաջող թիմ էր գործում՝ Զարմինե Զեյթունցյանի ղեկավարությամբ: Հեղափոխությունից հետո Զարմինեին, որպես ոչ յուրայինի, հեռացրին, նա, ով փոխարինեց վերջինիս, մի քանի ամիս անց թռավ ԱԺ, գնալուց առաջ ազատելով նաև տեղակալին: Աշխատակազմի ղեկավարի ժամկետն էլ լրացել է ու չկա մեկը, որ ինչ-որ բան անի: Բոլորը զբաղված են հեղափոխությամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

(Visited 35 times, 1 visits today)