Արմեն Սարգսյանը Մյունխենում ձևակերպել և տեղավորել է Արցախի հարցը

Մյունխենում երեկ մեկնարկել է անվտանգության ամենամյա համաժողովը, որը միջազգային անվտանգության օրակարգի տարեկան քննարկման ամենահեղինակավոր հարթակներից է, որտեղ ամեն տարի հավաքվում են տասնյակ պետությունների նախագահներ, վարչապետներ, դիվանագետներ և քննարկում համաշխարհային անվտանգության հարցերը: Մյունխենի ներկայիս համաժողովում, իհարկե, չեն մասնակցում համաշխարհային քաղաքականության «աստղերից» շատերը՝ Թրամփ, Պուտին, Մակրոն, Նեթանյահու, չկա Իրանի նախագահը, սակայն դա չի խանգարել կազմակերպիչներին հայտարարել, որ համաժողովը ամենամեծն ու կարևորագույնն է լինելու իր հիսնամյա պատմության ընթացքում: Հայաստանը Մյունխենի համաժողովում ներկայացնելու է նախագահ Արմեն Սարգսյանը: Թե ինչու չի մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ: Ի դեպ, Մյունխեն չի մեկնել նաև Ադրբեջանի նախագահը: Փոխարենը այնտեղ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական, թվով հինգերորդ հանդիպումը: Սակայն մենք, իհարկե, Մյունխենի համաժողովը պետք է դիտարկենք անվտանգության շատ ավելի լայն դիապազոնով և այս իմաստով արցախյան հարցը տեղավորենք համաշխարհային անվտանգության մեր ավելի լայն պատկերացումների շրջանակ՝ այդ համատեքստում մատուցելով աշխարհին մեր լայն պատկերացումների հետ:

Այս իմաստով հատկանշական է Արմեն Սարգսյանի խոսքը Հայդելբերգի հեղինակավոր համալսարանում, որտեղ նա ելույթ է ունեցել մինչ համաժողովի մեկնարկը: Արմեն Սարգսյանը, անդրադառնալով Արցախի խնդրին, ասել է, որ համընդհանուր աղետից խուսափելու համար շատ կարևոր է, որ չհանգուցալուծված հակամարտությունը ճիշտ կառավարվի: Այս առաջին հայացքից հասարակ թվացող ձևակերպումը գործնականում արտացոլում է այն ամբողջ ընդգրկումը, որ ունի արցախյան հարցն ու դրանում Հայաստանի դերակատարումն ու պատասխանատվությունը միջազգային անվտանգության համակարգի համատեքստում: Հայաստանը ձևակերպում է խնդիրը՝ դա արցախյան խնդրում միջազգային ճիշտ մենեջմենթն է, որի առանցքային նպատակը պետք է լինի ռազմական վտանգների չեզոքացումը, քանի որ հակառակ դեպքում այստեղ չեն լինելու հաղթողներ ու պարտվողներ, աղետ է լինելու բոլորի համար: Ասել կուզի, մենեջմենթ է պետք, ոչ թե, այսպես ասած, լուծում կամ ստատուս-քվոյի փոփոխություն, ինչը մինչ այժմ գերիշխած և անարդյունավետ հռետորաբանությունն է: Իրավիճակի, այսինքն՝ ստատուս-քվոյի ճիշտ կառավարում, ոչ թե փոփոխություն:

Նախագահ Սարգսյանն այդ իմաստով մատնացույց է արել այն ուժային կենտրոնների շրջանակը, որ անմիջականորեն ընդգրկված են այդ պոտենցիալ «աղետի գոտում», այդպիսով փաստորեն ճիշտ կառավարումը դարձնելով նրանց համար խնդիր ու հրամայական: Այս իմաստով, Հայաստանը Մյունխենում ներկայացնում է իր գլխավոր ուղերձը՝ որ Արցախում անվտանգության հարցը միայն Հայաստանի և Արցախի անվտանգության հարց չէ, այլ ռեգիոնալ և միջազգային աղետի կանխարգելման հարց, ու, ըստ այդմ, դրա համար պատասխանատվությունը պետք է ավելի հստակ և ձևակերպված կրի նաև միջազգային հանրությունը, չթողնելով այն միայն հայկական կողմի վրա: Եվ այս համատեքստում քաղաքական հռետորաբանության և խնդրի ձևակերպման այդ ուղերձը բավական խորհրդանշական կերպով լրացվում է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությամբ՝ ցույց տալով, որ Հայաստանն էլ գործնականում կրում է համաշխարհային մեծ օրակարգի բարդ խնդիրների կառավարման իր թեկուզ փոքր, բայց պատասխանատու բաժինը, նույնն ակնկալելով համաշխարհային դերակատարներից մեր խնդիրների առումով:

1in.am

(Visited 43 times, 1 visits today)