Վարչապետի առաջ քաշած 15 կետով շատ ճիշտ թիրախներ են ընտրված. մտահոգությունը այդ կետերն իրականացնող թիմն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց իր կողմից հռչակված տնտեսական հեղափոխություն սկսելու ուղենիշները, որոնք բաղկացած էին 15 կետից և որոնց ուղղությամբ էլ կառավարությունը պետք է աշխատի։ «Իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից»,- ասաց վարչապետը։

Այսպիսով, ըստ վարչապետի անհրաժեշտ է․

1. Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանց ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում,

2. կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով,

3. արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը,

4. մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից,

5. հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր աշխատատեղերը, աշխատավարձով, հասցեով, ընկերություններով,

6. արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ և ավելի վարկեր են սպասարկում և միաժամանակ օգտվում են նպաստի համակարգից,

7. բանկային տոկոսադրույքի նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել:

8. միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել,

9. մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը,

10. ակտիվացնել ու զարգացնել այն բոլոր այն ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է, այս նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել հանրային և այլ հեռուստաընկերությունների հետ,

11. ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ու ակտիվացման գործում,

12. կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականանան,

13. ջրամբարաշինության և ճանապարհաշինության նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել, զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ,

14. մսի և մսամթերքի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը,

15. պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել։

Տնտեսագետ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ շատ ճիշտ շեշտադրումներ են արված այս 15 կետում, ճիշտ թիրախներ են ընտրված և ողջունելի է, որ միանշանակ չընդունված կառավարության ծրագրից անմիջապես հետո։ «Ազգային ժողովում վարչապետն ու փոխվարչապետն ասում էին, որ կդնեն գործողությունների ծրագիր, որտեղ ժամկետներ ու թվեր կերևան։ Հիմա այս կետերը շատ ողջունելի են։ Վարչապետը տվել է այն դիրեկտիվները, որոնց վրա իրենք առաջնահերթ աշխատելու են։ Ընդ որում, եթե նայում ենք ուղղությունները, ապա տեսնում ենք, որ ընտրված են և՛ կրթությունը, և՛ սոցիալական ոլորտը, էկոնոմիկան, էներգետիկան և այլ ոլորտներ։ Հիմա այս ոլորտի պատասխանատուները արագ, շտաբային մոդելով գործողություններ պետք է անեն, ցուցանիշներ հանձնեն, որը թույլ կտա դրա հիման վրա պլան կազմել։ Այսինքն` եթե կան թվեր, աշխատատեղերի հաշվարկ, ուժեղացվելու է բիզնես խորհրդատվությունը, վերանայվելու են վարկային տոկոսադրույքներ և այլն, ապա հնարավոր է սկսել կոնկրետ գործողություններ։ Դրանից հետո կառավարության բերած առաջարկները կդասակարգվեն որպես պլան ու պարզ կդառնա, թե ինչից են սկսելու և ինչ են անելու»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ ողջունելի է, որ վարչապետը այս քայլերին գնաց անմիջապես կառավարության ծրագրի ընդունումից հետո՝ սեղանին դնելով կոնկրետ գործողությունների պլան։ «Ճիշտ է, ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, բայց ծրագիրը լավն էր, ու Ազգային ժողովում ինտելեկտուալ, գաղափարական քննարկում այդպես էլ չեղավ։ Քննարկումները գնացին ավելի շատ էմոցիոնալ հարթության վրա։ Այո, ես համաձայն եմ նաև հնչեցված հեղափոխական մտածելակերպի հետ։ Եթե քաղաքացին կամ բիզնեսը սպասում է, որ ինքը չպետք է փոխվի, այլ միայն պետական ծառայությունները, ապա դա հնարավոր չէ։ Եթե պետությունը գնում է ոչ կոռումպացված, ոչ ստվերային գործիքակազմի, ապա բիզնեսն ու քաղաքացիները ևս պետք է պատրաստ լինեն աշխատել չկոռումպացված, մոդեռնիզացված և օգտվել ընձեռված հնարավորություններից։ Բոլորը պետք է փոխվեն։ Պետք է ուժգնացվի հեղափոխական մտածելակերպը, քանի որ վերջին տարիներին իդեոլոգիա չի կիրառվել քաղաքացու հանդեպ, ինչն արվում էր խորհրդային ժամանակներում»,- ընդգծեց Մակարյանը։

Մակարյանը, սակայն, մտահոգություններ ունի այս գործողությունների պլանը իրականացնող թիմի մասով։ Թիմի հնարավորությունները, տնտեսագետի խոսքերով, շատ թույլ են։ Նրանք կարող են ճիշտ, լավ չվերծանել թվերը, քանի որ իրենք չեն կարողանում զրուցել, շփվել այն կառույցների հետ, որոնք իրենց կարող են տալ այդ տվյալները։ «Երկխոսության մշակույթը կառավարության անդամների մոտ դեռևս բացակայում է։ Բացի դրանից՝ ամեն մեկը կարևորում է այնքան բան, որքան հերիքում է նրա խելքը, և շատ հաճախ պետական մարմինների ներկայացուցիչների այդ հնարավորությունները այնքան էլ մեծ չեն։ Բացի դրանից՝ նրանց մոտ առայժմ մոտիվացիան է պակասում։ Այսինքն` իրենք կարող են կատարել վարչապետի այդ 15 կետով հանձնարարականները, բերել փաստաթղթեր, թվեր, բայց այդ փաստաթղթերի որակը էականորեն զիջելու է իրականում եղածին»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։

1in.am

(Visited 50 times, 1 visits today)