ՀՀ Նախագահ.յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային

«Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր», «Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է առերեսվենք իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին», «Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է դրամատիկ կերպով։ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա», «Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք՝ շատ սերտ փոխկապակցված. մի ազգ, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների խաչմերուկում ու կարողացել վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է։ Մեր երկրում, որտեղ բնական պաշարները շատ չեն, մենք ունենք գիտության և տեխնոլոգիաների շատ լավ դպրոց, որը զարգացել է ավելի քան հարյուր տարի առաջ։ Ունենք մեծ մշակութային ժառանգություն, քրիստոնյա ժառանգություն։ Մենք երիտասարդ ազգ և պետություն ենք, որը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա»։ Սրանք հատվածներ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օրերս Հայդելբերգի համալսարանում ունեցած ելույթից։

Նմանատիպ շեշտադրումներով ելույթներ Արմեն Սարգսյանն ունեցել է նաև վերջերս Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, այդ թեմաների մասին Արմեն Սարգսյանը խոսում է նաև Հայաստանի տարբեր բնակավայրեր ու հաստատություններ այցելելիս։ Արմեն Սարգսյանի բոլոր ելույթներում աչքի են զարնում բարձր նշաձողերը, որոնք նա սահմանում է որպես պետություն՝ Հայաստանի համար և որպես հասարակություն՝ հայ ժողովրդի պարագային։ Արմեն Սարգսյանն իր այդ բոլոր ելույթներում շեշտում է իր անձնական պատասխանատվությունն ու պատրաստակամությունը՝ իր իսկ նշած նպատակներին հասնելու համար։ Նա ըստ ամենայնի ազնիվ է, չի կեղծում։ Այլ հարց է սակայն՝ որքանով Արմեն Սարգսյանը կկարողանա հասնել իր իսկ սահմանած որակապես նոր ու բարձր նշաձողերին այն պայմաններում, որում նա գործում է այսօր։

Խնդիրն այն է, որ Արմեն Սարգսյանի ներկայացրած բոլոր նպատակադրումները ներքին ու արտաքին քաղաքական լրջագույն բարեփոխումներ ենթադրող նախաձեռնություններ ու քայլեր են։ Այդ նախաձեռնություններն ու քայլերը կարող են կյանքի կոչվել միայն իրական իշխանության առկայության պարագայում։ Այն, ինչը չունի Արմեն Սարգսյանը։ Նա չունի ոչ միայն գործադիր իշխանության գործուն, ազդեցիկ լծակներ, այլ չունի նաև իր քաղաքականությունն ու գաղափարները պաշտպանող ու կյանքի կոչելու պատրաստ քաղաքական թիմ։

Արմեն Սարգսյանը Հայաստանում մենակ է իր տեսլականների, գաղափարների ու նախաձեռնությունների հետ։ Այլ կլիներ իրավիճակը, եթե գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արմեն Սարգսյանին դիտարկեին ոչ թե որպես մրցակից, այլ որպես աջակից ու գործընկեր։ Ակնհայտ է սակայն, որ այդ ընկալումն ու վերաբերմունքը չկա Արմեն Սարգսյանի նկատմամբ ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ նրա թիմի կողմից։ Ճիշտ հակառակը՝ Արմեն Սարգսյանի ցանկացած նախաձեռնություն ու քայլ փաշինյանականների կողմից որակվում է որպես իրենց դեմ ուղղված նախաձեռնություն, իրենց վարկանիշին ու հեղինակությանն ուղղված քայլ։ Այդ մասին, իհարկե, չի բարձրաձայնվում, բայց դա տեսանելի ու լսելի է անգամ աձանց բարձրաձայնումների։

Այս պայմաններում Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է նոր քաղաքական թիմ ձևավորի, կամ փորձի համախոհներ ու քաղաքական աջակցություն գտնել եղած քաղաքական թիմերում, այն թիմերում որոնց ծրագրային դրույթները համապատասխանում են Արմեն Սարգսյանի հայտարարություններին ու հռչակումներին։ Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում չիրացված, չօգտագործված մեծ ռեսուրս է, որը սակայն՝ անհատական ռեսուրս լինելով հանդերձ, պահանջում է ինստիտուցիոնալ, համակարգային իրացման հնարավորություններ։ Նա սահմանում է Հայաստանը նոր որակի պետություն դարձնելու նշաձողեր, որոնց հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական ու քաղաքացիական աջակցություն ու ներգրավվածություն։

1in.am

(Visited 60 times, 1 visits today)