«Մեռի՛, սատկի՛…».Երևանում երիտասարդը դանակի ութ հարված է հասցրել եղբոր կնոջը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Մամիկոն Բ.-ի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը Մամիկոն Բ.-ին մեղադրանք է առաջադրել սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Մամիկոնի եղբոր կինն է՝ Իզաբելլան:

Ըստ գործի տվյալների՝ Մամիկոն Բ.-ն 2018 թվականի հունվարի 22-ի կեսօրին հետևից հարձակվել է եղբոր կնոջ վրա ու դանակի 7-8 հարված է հասցրել նրան՝ գոռալով՝ մեռի՛, սատկի՛…

Նախաքննության ընթացքում Մամիկոն Բ.-ի նկատմամբ կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ Մամիկոնը ճանաչվել է անմեղսունակ:

Ներկայումս Մամիկոն Բ.-ն գործով ամբաստանյալի կարգավիճակ չունի, նա քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ է: Դատական նիստերին նա ներկա չի լինում՝ հիվանդագին վիճակի պատճառով:

Նիստին, բացի մեղադրող Չախոյանից, մասնակցում էին Մամիկոնի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, վերջինիս ներկայացուցիչը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անուշ Մխիթարյանը, տուժող Իզաբելլան, նրա ներկայացուցիչ, փաստաբան Բագրատ Պետրոսյանը:

Նման անցանկալի իրավիճակում հայտնված ընտանիքը Երևանում ապրել է բարեկեցիկ, բայց և՝ ավանդական կյանքով՝ երկհարկանի առանձնատանն ապրել է երեք սերունդ՝ տատիկ-պապիկ, հայր-մայր, երեխաներ, որոնցից մի որդին ամուսնացել, ընտանիք է կազմել, արդեն երեք երեխաներ են մեծանում այդ ընտանիքում՝ դա հենց տուժող Իզաբելլայի ու նրան դանակի 8 հարված հասցրած Մամիկոնի եղբայր Հայկի ընտանիքն է: Ինչ վերաբերում է Մամիկոնին, նա, ինչպես հարազատներն ասացին, դեռ 20 տարեկանից հոգեկան հիվանդություն ունի, ինչ-ինչ դեղորայք ընդունել է, ապրել է նույն մեծ ընտանիքում, ճիշտ է՝ առանձնատան բակում նրա համար մեկ սենյակ է առանձնացված եղել, որտեղ Մամիկոնը գիշերել է:

Մի քանի ընտանիք ամփոփող այս առանձնատունն ընդարձակ բակ ունի, տանը հարակից գործում են հյուրանոց ու ռեստորան: Ընտանիքի պապը, ապա՝ հայրը մոտ մեկ տասնյակ բիզնես է ունեցել, պապը մահացել է, ապա մահացել է ընտանիքի հայրը, և ժառանգների միջև արդեն իսկ եղած անհաշտությունը սրվել է՝ ժառանգության տիրապետման վիճելի հարցի պատճառով:

Հիվանդ երիտասարդի կողմից կատարած արարքը տևական ժամանակ ներընտանեկան լարված իրավիճակի ու անհաշտության արդյունք է, իսկ անհաշտ լարվածության պատճառը ժառանգության բաշխման ու տիրապետման հավերժական հարցն է եղել…

Գործի քննության ընթացքում տուժող Իզաբելլան հայտնել է, թե ընտանիքում գիտեին, որ Մամիկոնը հիվանդ է, բայց բոլոր ներընտանեկան լարված խոսակցությունները վարում էին նրա ներկայությամբ, նրան տրամադրում էին եղբոր ընտանիքի դեմ՝ ասելով, թե ամեն բան Հայկի ձեռքին է, Հայկը պարտավոր է Մամիկոնին տալ նրա հասանելիքը… Ճիշտ է, ինքն ու ամուսինն են աշխատեցնում տանը հարակից հյուրանոցը, բայց իրականությունն այն է, որ սկեսրայրը, այդ հյուրանոցը հիմնելով՝ վարկային մեծ պարտավորություններ է վերցրել, որոնք արդեն իր կյանքի օրոք դժվարացել է կատարել:

Տուժողն ու ամուսինը ոչ միայն հյուրանոցն աշխատեցնելու համար են ներդրումներ կատարել, այլև փակել են բանկային պարտավորությունները: Քանի որ հյուրանոցային բիզնեսում մասնաբաժին ունեն նաև Մամիկոնն ու սկեսուրը, նրանք պարբերաբար գումարներ են տվել սկեսուրին, վերջինս այդ գումարներից տվել է Մամիկոնին: Սակայն գումարի պակասի դեպքում, ըստ տուժողի, մեղադրել են իրեն ու ամուսնուն, Մամիկոնին տրամադրել են իրենց դեմ…

Տուժողը հայտնել է, թե տվյալ ընտանիքում ինքը 17 տարվա հարս է, երեք երեխա ունի, երբեք չի ցանկանա, որ իր երեխաների միջև այնպիսի թշնամանք լինի, ինչպիսին ամուսնու ընտանիքում են փորձել սերմանել երկու եղբայրների՝ Հայկի ու Մամիկոնի միջև՝ անտեսելով, որ Մամիկոնը հոգեպես առողջ չէ…

Դեպքի օրը՝ կեսօրին մոտ, Իզաբելլան դուրս է եկել տանից, որ գնա նույն բակում գտնվող հյուրանոց: Ձեռքին 10 հազար դրամ կար՝ պետք է լվացքի համար վճարում կատարեր: Բակում Իզաբելլան տեսել է Մամիկոնին: Վերջինս հայհոյանքներ է տվել Իզաբելլայի հասցեին: Իզաբելլան անցել է նրա կողքով, շարունակել է գնալ դեպի հյուրանոց, հանկարծ լսել է սկեսուրի ճիչը՝ Բելա՛, փախի՛: Հասկացել է, որ Մամիկոնը հետապնդում է իրեն, վազել է հյուրանոց, մտել է միջանցք, բայց Մամիկոնը հասել ու հետևից սկսել է հարվածներ հասցնել դանակով: Երկու-երեք հարվածից հետո Իզաբելլան ընկել ու կորցրել է գիտակցությունը, նա այլ մանրամասներ չի հիշում: Նրա հագին մուշտակ է եղել, ինչը, ըստ երևույթին, փոքր-ինչ պաշտպանել է նրան, բայց վնասվել են նրա կենսական կարևոր մի քանի օրգանները…

Դեպքի օրը Հայկը՝ Իզաբելլայի ամուսինն ու Մամիկոնի եղբայրը, որդու հետ առավոտյան գործով դուրս է եկել տանից: Մինչ այդ՝ բակում հանդիպել է Մամիկոնին, ով բարկացած, գրգռված վիճակում ասել է՝ տես, թե ձեզ ինչ եմ անելու: Հայկը նայել է շուրջը՝ ուրիշ մարդ չի եղել, հասկացել է, որ Մամիկոնի ասածն իրեն էր ուղղված, բայց մտքով չի անցել, որ Մամիկոնը կանի այն, ինչ արել է մի քանի ժամ անց…

Ըստ վկաների՝ Մամիկոնը սովորաբար հանգիստ էր, բայց երբ սևեռվում էր որևէ մեկի վրա, կարող էր շատ ագրեսիվ լինել: Նա մի քանի անգամ ոստիկանություն է ընկել, մասնավորապես՝ խուլիգանության համար: Նաև՝ նրա մեքենայում «կաստետ» է հայտնաբերվել, դրա համար էլ է ոստիկանություն տարվել… Հայրը Մամիկոնի հետ խիստ է եղել, ասել է՝ թող պատժվի, որ հասկանա՝ ինչ չի կարելի անել: Էնպես չէր, որ հայրը հնարավորություն չուներ Մամիկոնի արածները փակելու, բայց, հավանաբար՝ «դաստիարակչական» նկատառումներով, թողնում էր, որ իրավապահները նրան տանեն-բերեն…
Ժառանգության բաժանման հարցը վերածեցիք մարդասպանության՝ եղբոր ընտանիքին մեղադրել է հորաքույր Անահիտը՝ դատարանում ասելով, թե Մամիկոնն իր հետ մտերիմ է եղել, մինչև հիմա էլ նա իրեն լսում է, ինքն էլ պարբերաբար այցելում է նրան…

Դեպքի օրը հորաքույր Անահիտը առողջական խնդիր է ունեցել ու պառկած է եղել, երբ նրան զանգել է Մամիկոնն ու ասել է, թե դարպասի մոտ է, խնդրել է, որ հորաքույրը դուռը բացի:

Հորաքույրը դուռը բացել, ներս է թողել Մամիկոնին, ինքը գնացել է հագնվելու: Երբ հագնվել, սենյակից դուրս է եկել, տեսել է, որ Մամիկոնը դուրս է գալիս լվացքասենյակից:

Մամիկոնը հորաքրոջն ասել է. «Բելլային սատկացրի»: Այդ ժամանակ ոստիկանական մեքենայի ազդանշան է լսվել, Մամիկոնն ասել է, թե իր հետևից են եկել: Նա հորաքրոջն ասել է, թե մոտը փող չկա, փող է խնդրել: Հորաքույրը նրան տվել է 2 հազար դրամ:

Այդ պահին նա Մամիկոնի վրա արյան հետքեր չի տեսել՝ հնարավոր է, որ Մամիկոնը լվացվել էր լվացքասենյակում: Մամիկոնի ձեռքին դանակ էլ չի տեսել հորաքույրը:

Մամիկոնը տան հետևի դարպասով հեռացել է, օրվա ընթացքում մի քանի անգամ զանգել է հորաքրոջը: Հետագայում, քանի որ իրենց բարեկամը եղել է գործի քննությամբ զբաղվողների մեջ և հորաքրոջը հորդորել է Մամիկոնին գտնել ու համոզել, որ ներկայանա, հորաքույրը Մամիկոնին հեռախոսով համոզել է՝ գնալ հենց հիշյալ բարեկամի տուն ու ներկայանալ:

Նաև նույն բարեկամն ու քննիչն ասել են, թե Մամիկոնը հնարավոր է՝ դանակը գցած լինի հորաքրոջ պարտեզում՝ հետևի դարպասի մոտ: Հորաքույրը տան այդ հատվածում ուշադիր է եղել ու նկատել է ընկած դանակը: Նա անմիջապես տեղյակ է պահել իրավապահներին, դանակը հայտնաբերվել է խոտերի մեջ, ընթերակաների ներկայությամբ առգրավվել է…

Հորաքույրը ժառանգության բաժանման պատճառով եղբոր ընտանիքում տիրող իրավիճակն էր համարում կատարվածի պատճառ: Դատարանում նա ասել է, թե եղբայրն էլ մեղքի բաժին է ունեցել, որ ժառանգությունը հավասարաչափ չի բաշխել, Մամիկոնին չի հատկացրել այն, ինչ հասնում էր նրան…

Դատական այս նիստին դատարանը հետազոտեց գործում առկա լազերային կրիչը: Դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների կողմից ֆիքսված կադրերն էին՝ Մամիկոնը մտնում է ճաշարան, մայրը գնում է նրա հետևից, հետո Մամիկոնը գնում է տուժողի՝ եղբոր կնոջ հետևից… Բուն դանակահարության պահը ֆիքսված չէ, քանի որ այն դուրս է եղել տեսախցիկների տեսադաշտից:

Տուժողն ու նրա ներկայացուցիչը դատարանին ներկայացրին, ու դատարանը հետազոտեց նույն տեսագրության ևս մի քանի հատված: Ըստ տուժողի՝ այդ հատվածներում երևում է, որ դեպքից առաջ Մամիկոնը ուսումնասիրել է այն տեղանքը, որտեղ պատրաստվում էր ի կատար ածել մտադրությունը…

Տուժողը հայտարարեց, թե Մամիկոնը գործել է կանխամտածված, արարքը կատարելու պահին, իր կարծիքով, նա չի գտնվել անմեղսունակության վիճակում, այլ գիտակցել է գործողությունները ու ցանկացել է իր մահը:

Այս դիրքորոշումից բխեց նաև տուժողի ու նրա ներկայացուցչի միջնորդությունը՝ գործով նշանակել կրկնակի հանձնաժողովային դատահոգեբուժական փորձաքննություն: Տուժողը, փաստորեն, կասկածի տակ էր դնում արդեն իսկ կատարված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որով Մամիկոնը ճանաչվել է անմեղսունակ:

Մեղադրող Չախոյանն առարկեց այս միջնորդության դեմ՝ նշելով, որ գործում առկա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը հիմնավոր է, ոչ մի կասկած չի հարուցում, ներկայումս էլ Մամիկոնը գտնվում է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում, նրան դատական նիստերին էլ չեն բերում՝ համաձայն եզրակացության:

Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Մամիկոն Բ.-ի օրինական ներկայացուցիչն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը նույնպես առարկեցին տուժող կողմի միջնորդության դեմ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Քիչ անց հրապարակվեց դատարանի որոշումը՝ դատարանը մերժեց տուժող կողմի միջնորդությունը՝ Մամիկոն Բ.-ի նկատմամբ կրկնակի հանձնաժողովային դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Կողմերը դատաքննությունը լրացնելու այլ միջնորդություններ չունեին:

Դատարանն անցավ դատական վիճաբանություններին:

Մեղադրող Չախոյանը նշեց, թե գործի քննությամբ ապացուցվել է, որ Մամիկոն Բ.-ն քրեական օրենքով արգելված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, նրա նկատմամբ, համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, պետք է կիրառվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ բուժում հոգեբուժական կլինիկայի հատուկ բաժանմունքում:

Տուժողն ու նրա ներկայացուցիչը միացան մեղադրողի ճառին: Տուժող Իզաբելլան ասաց՝ Մամիկոնը վտանգավոր է իր ընտանիքի համար, նա պետք է հարկադիր բուժման ենթարկվի հոգեբուժական կլինիկայի հատուկ պահպանվող բաժանմունքում:

Մամիկոն Բ.-ի օրինական ներկայացուցիչն ու նրա ներկայացուցիչ փաստաբանն իրենց դիրքորոշումը կհայտնեն հաջորդ դատական նիստին
:

1in.am

(Visited 654 times, 1 visits today)