Պաշտոնական Երևանը չպետք է ունենա իր թեկնածուն Արցախի ընտրություններում

Առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեմ 2020-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Արցախի նախագահական ընտրությունների մասնակցելու մասին հայտարարել են նաև ԼՂՀ նախկին վարչապետ Արա Հարությունյանը, չեն բացառել ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ տրամաբանական էր, որ ընտրություններին ընդառաջ Արցախում պետք է լինեին նման ներքաղաքական վերադասավորումներ։ «Բայց, մյուս կողմից էլ, վաղաժամ ակտիվացումը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով, այս ամենը չէր կարող չանդրադառնալ Արցախի ներքին կյանքի վրա։ Քաղաքական ուղղվածությունների միջև սահմանազատումները շարունակում են Հայաստանից դուրս, այսինքն՝ Հայաստանում ձևավորվելով՝ շարունակություն են ունենում նաև Արցախում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս ամենում իր դերակատարությունը կունենա նաև Ռոբերտ Քոչարյանի՝ բանտում գտնվելը, Մարտի մեկի գործով քննության շարունակությունը, իսկ այդտեղ, ըստ մեր զրուցակցի, դեռ շատ կարևոր զարգացումներ են լինելու. «Մենք դեռ գործընթացի սկզբում ենք գտնվում, և առանձին քաղաքական և մերձքաղաքական սուբյեկտներ փորձում են ճշգրտել իրենց դիրքերն ու դիրքորոշումները հենց Արցախում»։

Ռուբեն Մեհրաբյանը նաև նշեց, որ պաշտոնական Երևանը, ՀՀ իշխանությունները չպետք է ուղղակի ձևով որևէ կերպ միջամտեն Արցախի ներքին գործընթացներին. «Բայց, մյուս կողմից էլ, շատ հստակ պետք է պատկերացնենք, որ անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում, ում դուրն է գալիս, ում՝ ոչ, ինչպիսին կլինի Արցախում իշխանությունը, ում դուրը կգա կամ ոչ, այնուամենայնիվ, Արցախի իշխանությունները պետք է աշխատեն պաշտոնական Երևանի հետ»։

Մեր զրուցակիցը նշում է՝ սպասվելիք ընտրություններում իր հետաքրքրությունները կունենա ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը. «Թեպետ նրանք լուրջ բազա չունեն։ Գուցե լինեն առանձին շահեր հետապնդող խմբեր, բայց նրանք հանրային բազա չունեն և չեն էլ կարող ունենալ։ Այն ժամանակի ընթացքը, ինչով նրանք զբաղվել են՝ դրա արդյունքը եղել է ինքնավարկաբեկումը»։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Արցախում ընթացող որևէ գործընթաց չի կարող կապ չունենալ Հայաստանի ներքին գործընթացների հետ։ «Արցախը մեծապես ինտեգրված է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է և, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է, որն Արցախի Հանրապետության հետ ունի ամենասերտ քաղաքական, տնտեսական, ռազմական կապերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ամբողջապես իր արտացոլանքը չի գտել Արցախում. «Այնտեղ տեղի չունեցավ իշխանափոխություն։ Մյուս կողմից՝ չի կարող այստեղ տեղի ունեցածը արձագանք չունենալ Արցախում։ Այս առումով ակնհայտ է, որ այնտեղ իրականացվող գործընթացները ուղղակիորեն կապ ունեն մեր գործընթացների հետ։ Բայց հիմա չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ տեսակի կապի մասին է. դա պետք է առանձին հետազոտել»։

Էդգար Վարդանյանը չի կարծում, թե պաշտոնական Երևանը կունենա իր թեկնածուն. «Նախ, ներկայիս իշխանությունները հստակ նշում են, որ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ժամանակ չեն կարող Արցախը ներկայացնել, որովհետև այն անկախ պետություն է, և Արցախի ժողովուրդը չի ընտրել ՀՀ իշխանությանը։ Չնայած կա խոր ինտեգրում, և ինտեգրացիոն գործընթացները շարունակվում են, ավելի խորանում, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները ձեռնպահ կմնան ուղղակիորեն Արցախի քաղաքական գործընթացներին խառնվելուց ու սեփական թեկնածու ունենալուց»։

Ըստ Վարդանյանի՝ միակ բանը, որ Հայաստանը կարող է անել, դա այն է, որ քաղաքական մակարդակով հայտարարի, որ նա աջակցելու է ցանկացած ժողովրդավարական գործընթացին, ցանկացած գործընթացի, որը խորացնելու է ժողովրդավարությունը՝ սա է լինելու Հայաստանի դիրքորոշումը. «Մի կողմից, որպես անվտանգության երաշխավոր, աջակցելու է բոլոր այն գործընթացներին, որոնք նպաստելու են անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկրում իրական կայունության ամրապնդմանը»։

1in.am

(Visited 54 times, 1 visits today)