Սիրիա հումանիտար առաքելություն ուղակելու իրավապայմանագրիային հենք գոյություն չունի

«Փաստերի ստուգման հարթակը»-ը հետաքննություն է իրականացրել՝ պարզելու համար Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու իրավական հիմքերը, մասնավորապես այն իրավական ակտերի ծառումնաբանությունն ու բովանդակությունը, որին հղում են անում իշխանությունները՝ այդ քայլը արդարացելու համար։ Եթե կարճ ներկայացնենք, ապա ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիրիա հումանիտար առաքելություն ուղակելու իրավապայմանագրիային հենք գոյություն չունի։

Իսկ համաձայնագիրը, որին հղում են անում իշխանությունները որևէ աղերս չունի հումանիտար առաքելության գործունեության հետ։

Ի դեպ, «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է նաև, որ Սիրիա ուղարկված առաքելության կազմում կան նաև ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչն արդեն «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի խախտում է: Նշենք, որ իշխանություններն այս քայլը արդարացնելու համար հղում են անում 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, հղում անելով պնդում են, որ ապահովված է գործողության իրավական հիմքը։

Մինչդեռ պարզվում է ճիշտ հակառակը։

Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Արտաքին գործերի նախարարությունից ստացել է նշված համաձայանգրի պատճենը, որի ուսումնասիրությամբ միանգամից պարզ է դարձել, որ այն չէր կարող հիմք հանդիսանալ Սիրիա նման խումբ ուղարկելու համար։ Նշված պայմանագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում հումանիտար (ոչ համատեղ) խմբի ուղարկում կամ այն ներառող որևէ գործողություն թվարկված չէ: Սա հարցի սոսկ իրավական կողմն է։ Սոսկ իրավական կողմը լինելով՝ չափազանց կարևոր կողմ է, քանի որ վկայում է այն մասին, որ, փաստորեն իշխանությունը խաբել է ՀՀ հպարտ քաղաքացիներին։ Բայց այս խնդիրն ունի նաև ոչ պակաս կարևոր՝ քաղաքական ասպեկտ։

Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելով՝ Հայաստանը դարձել է կողմ չափազանց զգայուն հակամարտության գոտում, որտեղ կա նաև հայկական համայնք։ Կողմ դառնալով՝ Հայաստանը մի կողմից վտանգի է ենթարկել բուն առաքելության 83 հոգանոց անձնակազմին, մյուս կողմից՝ սիրիահայ համայնքին։ Բայց դա էլ ամբողջը չէ։ Այս քայլով Հայաստանը չափազանց ծանր կացության մեջ է դրել իրեն միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, ինչի ամենավերջին վկայությունը ԱՄՆ պետդեպի՝ մեղմ ասած կոշտ դիրքորոշումն էր ինչպես Սիրիա առաքելություն ուղարկելու, այնպես էլ Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցելու Հայաստանի քաղաքականության վերաբերյալ։

Այսպիսով, առանձին վերցրած այս հարցում իշխանությունը խախտել է միանգամից մի քանի սկզբունք՝ թափանցիկության, հանրային հաշվետվողականության սկզբունքը, գործողությունների օրինականության սկզբունքը, ինչպես նաև արտաքին քաղաքականության հավասարակշռման սկզբունքը։ Այս պայմաններում ի պատասխան Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու վերաբերյալ փաստարկներ, հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքներին, իշխանության ներկայացուցիչները ոչ ավելի, ոչ պակաս հայտարարում են, թե այս թեմայի մասին բարձրաձայնելով վնասում ենք Սիրիայում առաքելություն իրականացնող միավորման անդամներին։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ շանտաժ և պատասխանատվությունից խուսափելու արտահայտություն։ Ասել է թե՝ եթե չեք ուզում վնասվեն առաքելության  մեր անդամենրը, մի հարցրեք նրանց մասին, մի խոսեք նրանց մասին։ Այդպես էին վարվում նախկին իշխանությունները, երբ նրանց հարցեր էին ուղղվում անցանկալի թեմաներով, ասենք Արցախյան հարցի, կամ ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Սա պարզագույն ու պարզամիտ հնարք է այս կամ այն խնդրի շուրջ աղմուկը լռեցնելու համար։ Բայց սա խոսում է մեկ այլ վտանգավոր երևույթի մասին. իշխանությունը կարծեք թե չի դիմանում փակ հասարակություն ունենալու գայթակղությանը։ Վկայությունները՝ առավել քան շատ են։

Ամենացայտունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Փաշինյանը ցույց տվեց, որ չի հանդուրժում որևէ այլակարծություն ու քննադատություն, հաճույքով ունկնդրեց ընդդիմախոսներին ուղղված իր վիրավորանքների ժամանակ սեփական թիմակիցների կողմից հնչած ծափերը։ Նրա թիմակիցներն էլ հայտարարում են, թե եթե չեք ուզում վնասել Սիրիա գործուղված մեր խմբի անդամներին, այդ թեման մոռացեք։ Որոշ ժամանակ անց երևի կհնչեն հորդորներ առանց «եթե»-ների, իշխանությունը երևի կհորդորի քաղաքացիներին չխոսել, իսկ որ ավելի լավ է՝ չմտածել։ Գուցե այդ հեռահար նպատակով է Նիկոլ Փաշինյանը հրաժարվում Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ տրամադրելու պահանջից՝ պահպանելով դրանք իր անմիջական վերահսողության տակ։ Ուժային կառույցների անձնական վերահսկողությունը պետության ղեկավարի կողմից փակ հասարակությունների ևս մեկ բնորոշիչ է։

1in.am

(Visited 48 times, 1 visits today)