Գրեթե 99%-ով վրացի եմ. Սահակաշվիլին ԴՆԹ թեստ է հանձնել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ չունի ոչ մի կաթիվ ոչ վրացական արյուն: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով ԱՄՆ-ում հանձնած ԴՆԹ թեստի արդյունքներով:

Սահակաշվիլիի խոսքով՝ այս թեստն այժմ շատ տարածված է Միացյալ Նահանգներում, ուստի ինքը պարզապես չի կարողացել անտարբեր անցնել:

«Ես չունեմ ոչ մի կաթիլ ոչ վրացական արյուն», — հայտարարել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ թեստի արդյունքներով՝ ինքը գրեթե 99%-ով վրացի է և 1%-ով՝ հույն:

«Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը` առնվազն վերջին հազարամյակում: Չի հայտնաբերվել որևէ կապ տարածաշրջանի այլ ազգերի հետ…Պարզվում է՝ դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որևէ մեկի հետ, և ես առաջինն եմ եղել, ով խախտել է այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացու հետ», — նշել է նա:

Վրաստանի նախկին նախագահն ընդգծել է, որ հարգում է բոլոր հարևաններին և սիրում է Վրաստանի հայրենասերներին՝ անկախ էթնիկ պատկանելությունից, սակայն միևնույն ժամանակ նա կոչ է արել այժմ այս թեստը հանձնել բոլոր նրանց, ովքեր մշտապես իրեն այլ էթնիկ պատկանելություն են վերագրել:

tert.am

(Visited 54 times, 1 visits today)