Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) դիմել է Հայաստանում գտնվող դեսպանատներին

Պատգամավոր ընտրվելու յուրաքանչյուր անհաջող փորձից հետո ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) իրեն նվիրում է ֆիլմարտադրությանը։ 2014 թվականին Հակոբյանը ձեռնամուխ էր եղել իր սցենարով ու պրոդյուսերությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմի նկարահանմանը։ Ֆիլմը, սակայն, միանշանակ չընդունվեց, արժանացավ բազմաթիվ քննադատությունների, և նկարահանումից հետո տևական ժամանակ կինոթատրոնները հրաժարվում էին ցուցադրել այն։

Այս օրերին գործարարը աշխատում է ինչպես նոր ֆիլմերի, այնպես էլ «Հիշողություն» ֆիլմը ապրիլ ամսին կրկին շրջանառության մեջ դնելու ուղղությամբ։ Մասնավորապես, Հակոբյանը նամակներով, գրություններով դիմել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ՀՀ-ում դեսպանատներ ունեցող երկրներին և խնդրել ապրիլի 24-ին դեսպանատներում կազմակերպել «Հիշողություն» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև հնարավորության դեպքում իրենց երկրի հեռուստաընկերություններից մեկով ևս ցուցադրել ֆիլմը:

«Մեր այս նախաձեռնությամբ մենք նախ շնորհակալություն ենք հայտնում այդ երկրներին, որ իրենք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, կիսել են մեր ցավը։ Սա է։ Թե չէ որևէ շահ, եկամտի ակնկալիք չկա։ Տեսնենք, թե որ երկիրը ինչ քաղաքական դիրքորոշում ցույց կտա, ինչպես կարձագանքի մեր նախաձեռնությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ ապրիլ ամսին այստեղ՝ «Մոսկվա» կինոթատրոնում, ևս կցուցադրվի ֆիլմը. «Նախկինում ոչ մի կինոթատրոն չցուցադրեց իմ ֆիլմը։ Նախկին իշխանություններին ես ինքս առաջարկել էի մասնակցություն ունենալ ֆիլմում։ Մասնավորապես, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին առաջարկել էի, որ ինքը ֆիլմում գաղթականի դեր խաղա, որ իշխանությունն անմիջական մասնակցություն ունենա, ցույց տա աշխարհին, որ անգամ նախարարն իր փոքր դերով ցույց է տալիս աշխարհին, թե ինչ են արել թուրքերը։ Նախարարը սկզբում շատ էր ոգևորվել, բայց հետո իրեն ցուցում էին տվել չգնալ այդ քայլին, ու նա հրաժարվեց նկարահանվել ֆիլմում, որից հետո էլ սկսվեց ֆիլմի հանդեպ իրենց վերաբերմունքի դրսևորումը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ հիմա որևէ խոչընդուտ չկա ֆիլմի ցուցադրության համար։

Հակոբ Հակոբյանը նշեց, որ ներկայումս էլ արդեն պատրաստ է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ֆիլմը, որը կցուցադրեն միայն «հարմար առիթի՝ երբ ժողովրդի տրամադրությունները մոտ լինեն ֆիլմում արտացոլվածին»։ «Բացի այդ, հիմա մենք աշխատում ենք երրորդ ֆիլմի վրա, երբ հայ ու ադրբեջանցի հովիվները դաշտում նստած խաղաղության հուշագիր են ստորագրում։ Դա է ֆիլմի մեխը։ Բացի այդ, կա հիշողություն, պատմություն, էմոցիաներ»,- ընդգծեց Հակոբյանը։

Մեր դիտարկմանը՝ այս ֆիլմը կապ ունի՞ վերջին շրջանում քննարկվող՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեմայի հետ, միտումնավո՞ր են դա հիմա նկարահանում, Հակոբյանը պատասխանեց, որ ինքն այս ֆիլմի նկարահանումները սկսել է երկու տարի առաջ, երբ խաղաղության թեմայով ոչ ոք չէր խոսում. «Բայց մեր ֆիլմը հենց խաղաղություն է քարոզում։ Այսինքն՝ այդ ֆիլմն այսօր չի ստեղծվել, երկու տարի առաջ։ Մեր ֆիլմը խաղաղություն է քարոզում, բայց մենք երբեք չպետք է դադարենք մեր բանակը պատերազմի նախապատրաստել։ Մենք պետք է միշտ պայքարենք, որ կարողանանք մեր սահմանները պահպանել։ Խաղաղություն քարոզելով մենք չենք ասում, որ պետք է թուլացնենք բանակը, սահմանները»։

(Visited 252 times, 1 visits today)