Նախկին ազատամարտիկը նռնակով մուտք է գործել ՀՀ Կառավարության թիվ 1 մասնաշենք․ նոր մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Շամիր Ս.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Շամիր Ս.-ն ապօրինի ձեռք է բերել, պահել, փոխադրել ու կրել ռազմամթերք հանդիսացող, գործարանային համարով «Ֆ-1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, և 2018 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում նա նռնակը կրելով՝ մուտք է գործել Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող՝ ՀՀ Կառավորության՝ թիվ 1 կառավարական մասնաշենք: Նախկին ազատամարտիկը կենտրոնական մուտքից չի առաջացել, նրան բռնել ու վնասազերծել են ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները:

Շամիր Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Շամիր Ս.-ն արգելանքի տակ է առնվել հենց դեպքի օրը և նախնական կալանքի տակ մնացել է 1 ամիս 21 օր:

Շամիր Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանը հաշվի առավ, որ Շամիր Ս.-ն վատառողջ է՝ հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան պատերազմի օրերին: Ընդ որում՝ նա ՀՀ և Արցախի Հանրապետության պաշտպանության համար սկսել է կռվել՝ դեռ չափահաս չդարձած:

Շամիր Ս.-ի խնամքին են վատառողջ երեխան, չաշխատող կինը, իսկ երկրորդ զավակը ներկայումս ծառայում է Հայկական բանակում: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում:

Դեպքի օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ին, Շամիր Ս.-ն  մարտական ընկերների հետ այցելել է Եռաբլուր: Այդ օրը նախկին ազատամարտիկներն ավելի սուր են զգացել իրենց նկատմամբ իշխանությունների անտարբերությունը: Եվ ՀՀ Կառավարության և իշխանության մյուս մարմինների ուշադրությունը ազատամարտիկների սոցիալական և այլ խնդիրների վրա սևեռելու նպատակով Շամիր Ս.-ն դիմել է բողոքի արտահայտման անօրեն քայլի՝ նա ժամը 18-ն անց 30-ի սահմաններում նռնակով մուտք է գործել ՀՀ Կառավարության շենք:

Ըստ Շամիր Ս.-ի՝ ինքը նռնակը պայթեցնելու նպատակ չուներ, ավելին՝ Կառավարության շենք մտնելուց առաջ անձամբ է զանգել ԱԻՆ և ահազանգել է, որ Կառավարության թիվ 1 մասնաշենքից մարդկանց տարհանեն, քանի որ ինքը մուտք է գործելու նռնակով՝ ի նշան բողոքի…

Կառավարության շենքի կենտրոնական մուտքի մոտ էլ Շամիր Ս.-ն բռնվել ու վնասազերծվել է:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Շամիր Ս.-ն ճանաչվել է սահմանափակ մեղսունակ՝ մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների հետևանքով նրա առողջական խնդիրները հանգեցրել են այդ վիճակին…

Դատարանում Շամիր Ս.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի համար, զղջաց:

Դատարանը Շամիր Ս.-ին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, դատապարտեց 1 տարի ազատազրկման, այս պատժին հաշվակցվեց նախնական կալանքի տակ գտնված ժամանակը, Շամիր Ս.-ի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, և սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

1in.am

(Visited 190 times, 1 visits today)