Նիկոլ Փաշինյանի վերելքներն ու անկումները

Կանխատեսումներ անելը, ինչպես ընդունված է ասել, անշնորհակալ գործ է։ Հատկապես քաղաաքականության մեջ։ Մյուս կողմից այդ արտահայտությանը կուրորեն հետևելը նույնքան անշնորհակալ և անօգտակար գործ է։ Որովհետև կանխատեսումները ոչ միշտ է, որ կատարվում են այս կամ այն երևույթի իրականանալու համար։ Կանխատեսումները շատ դեպքերում հանդիսանում են նաև որպես զգուշացնող, կանխարգելող ազդանշան այն մասին, որ ինչ որ բան սխալ է ընթանում, որ այդ ընթացքը փոխելու համար պետք են փոփոխություններ։ Այդ տեսանկյունից քաղաքական կանխատեսումներն ինչ-որ իմաստով իրենցից ներկայացնում են կառուցողական քննադատություններ, որոնք որոշումներ կայացնողներին մղում են փոխել իրենց քաղաքականությունը, ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, եթե ճշտգրիտ գիտությունները մշակած լինեին համապատասխան մաթեմատիկական ալգորիթմներ ու բանաձևեր, որոնք հնարավորություն կտային շատ ավելի մեծ հավաստիությամբ խոսել այս կամ այն երևույթի կանխատեսվող ընթացքի մասին։ Ցավոք, սակայն, գիտությունը նման գործիքներ դեռևս չի ստեղծել։ Ուստի կանխատեսումները հիմնվում են առավելապես ենթադրությունների, մասամբ էքստրապոլյացիայի մեթոդի (այն կանխավարկածն է, որ նախկինում տեղի ունեցած երևույթները կարող են կրկնվել ապագայում) վրա։

Եվ ուրեմն, կանխատեսումները՝ լինելով անշնորհակալ գործ, այդուհանդերձ օգտակար են երևույթների զարգացման ուղղություններն ու օրինաչափությունները գնահատելու համար։ Քանի որ խոսքը վերաբերում է կանխատեսումների և գործընթացների հնարավոր արդյունքներին, ցանկալի է ունենալ գոնե մոտավոր քանակական գնահատական։ Որպես նման գնահատական կարող է ծառայել «հավանականության» գաղափարը, որն իրենից ներկայացնում է այս կամ այն երևույթի, պատահույթների տեղի ունենալու օբյեկտիվ չափանիշի թվային արժեքը։ Հավանականության տեսության համաձայն, այդ արժեքը՝ P-ն ընկած է 0-ի և 1-ի միջակայքում։

P=0 -ի դեպքում երևույթը (պատահույթը) անհնարին է, չի կարող տեղի ունենալ

P=1-ի դեպքում երևույթն անպայման տեղի կունենա։

Քաղաքական գործընթացների առանձնահատկությունն այն է, որ կանխատեսվող երևույթների մեծամասնության համար չենք կարող ունենալ ո՛չ P=0, ո՛չ էլ P=1 արժեքները, քանի որ հիմնականում գործ ունենք տեղի ունեցող որոշակի հավանականություն ունեցող պատահույթների հետ։

Քաղաքական գործընթացների կանխատեսումները կարևոր են զարգացման այս կամ այն սցենարի ընտրության, ռիսկերի հաղթահարման և կանխարգելման նպատակով։ Իսկ կանխատեսումների համեմատական ճշգրտության համար չափազանց կարևոր է առանձնացնել գործոնների համախումբը, որոնց հիման վրա կատարվելու է կանխատեսումը։ Եթե օրինակ փորձում ենք կանխատեսել գործող իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ասենք առաջիկա 1, 3 կամ 5 տարներին, պետք է առանձնացնել այն հիմնական գործոնները, որոնք պայմանավորելու են կամ կարող են պայմանավորել նրա կողմից այս կամ այն գործողության կատարումը։

Գործոնների շարքը, բնականաբար շատ լայն է, ուստի հետազոտական նպատակահարմարության համար առանձնացնենք ներքին և արտաքին քաղաքականության ասպարեզում Նիկոլ Փաշինյանի վարքագծի վրա հնարավոր ազդեցություն թողնող երեքական գործոններ։

Ներքին իրավիճակ

Ներքաղաքական կյանքում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով իշխանության վարքագծի վրա ազդող գործոնները բավական շատ են, սակայն կանխատեսման համար ընտրենք դրանցից ամենաազդեցիկ երեքը՝

– քաղաքական ընդդիմության գործողությունների պատճառով ֆորսմաժորային իրավիճակի առաջացում

– Սոցիալ-տնտեսական իրադրություն

– Բարեփոխումներ

Այս պահին Հայաստանում ընդդիմություն՝ որպես այդպիսին, բառի ընդգրկուն և ֆունկցիոնալ իմաստով գոյություն չունի։ Խորհրդարանում որպես ընդդիմություն դիրքորավորվել է «Լուսավոր Հայաստանը», որը դեռևս ընդդիմության կայացման ճանապարհին է։ Անհասականալի է Բարգավաճ Հայաստան կուսակցության վարքագիծը, որը ինչպես նախկինում մի քանի անգամ համանման իրավիճակներում, այնպես էլ հիմա՝ ոչ միարժեք դիրքավորում ունի։ Այլ է պատկերը խորհրդարանից դուրս։ ՀՀԿ, ՀՅԴ, «Սասնա Ծռեր», Ռոբերտ Քոչարյան…Սրանք այն միավորներն են, որոնք անընդհատ փորձելու են ցանկացած հարմար առիթի դեպքում տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ընդ որում՝ ամենևին բացառված չէ, որ այդ նպատակով նշված ու չնշված էլի մի քանի քաղաքական սուբյեկտներ միավորվեն։ Այս վտանգը մշտապես դամոկլյան սրի պես կախված է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին։ Ընդ որում, իշխանություն ասվածը տվյալ դեպքում բավական հարաբերական ու պայմանական է, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է Նիկոլ Փաշինյանի անձի վրա, ու այդ ամենով՝ շատ հեղհեղուկ է։ 88 հոգանոց խորհրդարանական խմբակցության քաղաքական կշիռն ու արդյունավետությունը թերևս չի անցնում 10 տոկոսից։ Իսկ դա նշանակում է, որ որևէ ֆորսմաժորային իրավիճակի դեպքում քաղաքական հողը Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից կարող է սողալ այնպես, ինչպես տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի դեպքում։ Կա, իհարկե նաև հավանականություն, որ այս վտանգը կարող է եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ չեզոքացվել։ Մասնավորապես իշխանությունն արդեն որոշակի ժեստեր է կատարում ՀՅԴ-ի ուղղությամբ, կախված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից ու նրա վերաբերյալ դատական վճռից, Քոչարյանը կարող է չցուցաբերել այն ակտիվությունը, ինչ ցուցաբերում է հիմա։ Գուցե իշխանությունը կարողանա չեզոքացնել նաև Սասնա Ծռերին՝ նրա անդամներին ինչ-ինչ ձևաչափերում ընգրկելով։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նրա հաջողությունը կամ տապալումը կախված են ներկուսակցական գործընթացներից, մասնավորապես նրանից՝ կկարողանա արդյոք ՀՀԿ-ն վերափոխվել, թե ոչ։ Դա արդեն գործող իշխանության ազդեցության տիրույթից դուրս գտնվող հարց է։ Այս գործոնը՝ արտախորհրդարանական ընդդիմության, նրա կողմից ֆորսմաժորային իրավիճակներ հարուցելու գործոնը ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանին մշտապես՝ զգալի ազդեցություն ունենալով նրա քաղաքական վարքագծի վրա։ Փաշինյանը, բնականաբար, անընդհատ փորձելու է չեզոքացնել այս գործոնը, կամ նվազեցնել դրա ազդեցության չափը, սակայն շատ դժվար է ասել՝ ե՞րբ և ի՞նչ նրան կհաջողվի այս հարցում։

Սոցիալ-տնտեսական իրադրության հետ կապված թվային կանխատեսումներ կան նաև այսօր, մասնավորապես Համաշխարհային Բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, այլ կառույցներ տնտեսության զարգացման տարբեր ցուցանիշներ են ներկայացնում։ Գործող իշխանությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրման մասին, որի առանցքը օտարեկրյա ներդրումները պետք է լինեն։ Կհաջողի՞ իշխանությունն այս հարցում, եթե այո, որքանո՞վ, ցույց կտա ժամանակը։ Անցած ինն ամիսները վկայում են, որ տնտեսական կյանքում դեռևս էական, որակական տեղաշարժեր չեն կատարվել, քանի որ իշխանությունը բացի հռչակագրային, կարգախոսային հայտարարություններից, չունի տնտեսության զարգացման իրական հայեցակարգ, ռազմավարություն։ Այս մասին է վկայում նաև կառավարության ծրագիրը, որը զերծ է ռազմավարական, հայեցակարգային որևէ հիմքից։ Տնտեսական իրական հաջողությունների բացակայությունը նշանակելու է նաև սոցիալական կյանքում էական փոփոխությունների բացակայություն։ Իսկ տնտեսության մեջ ու սոցիալական կյանքում հաջողությունների բացակայությունը, առավել ևս՝ տապալումները ուղիղ համեմատական կերպով ազդելու են իշխանության ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ու վարքագծի վրա, ինչը եթե շարունակական եղավ, ազդելու է նաև նրա էլեկտորալ հնարավորությունների վրա՝ հաջորդ ընտրական շրջափուլում։ Այսինքն՝ ինչպես առաջին գործոնի, այնպես էլ սոցիալ տնտեսական իրադրության պարագայում մենք գործ ունենք ավելի շատ բացասական զարգացման իրականանալիության հավանականության, քան հաջողության հավանականության հետ։ Չափելիության առումով նշված գործոնի ազդեցությունը տեսանելի կլինի հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե մինչև այդ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։

Բարեփոխումները որոշակիորեն սինթեզող նշանակություն ունեցող գործոն են։ Բարեփոխումների, իրական բարեփոխումների կայացումը դրական ազդեցություն կարող է ունենալ ինչպես սոցիալ տնտեսական կյանքում, այնպես էլ խորհրդարանից դուրս քաղաքական գործընթացների զարգացման տեսանկյունից։ Որքան իշխանությունը հաջողեց բարեփոխումների հարցում, այնքան կնվազի խորհրդարանից դուրս տարբեր գործընթացների հարուցման ու դրանով իշխանության համար վտանգի առաջացման գործոնի հավանականությունը։ Եվ հակառակը՝ եթե իշխանությունը տապալվեց բարեփոխումներում, դա ուղիղ համեմատական կերպով կազդի ինչպես սոցիալ տնտեսական իրադրության, այնպես էլ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի ու հնարավոր հաղթանակի վրա։ Բայց մենք իրական բարեփոխումների նախադրյալներ չենք տեսնում ո՛չ իշխանության գործողություններում, ոչ էլ՝ առավել ևս՝ կառավարության ծրագրում։ Իշխանությունը չունի կամ առայժմ չունի բարեփոխումների ռազմավարություն ու հայեցակարգ, այդ պատճառով դեռևս զբաղված է միայն օպերատիվ կառավարմամբ։ Իսկ դա նշանակում է, որ ամեն օրվա հետ իշխանությունը մեծացնում է ներքին կյանքում որոշիչ նշանակություն ունեցող գործոնների բացասական ընթացքի հավականությունը։ P-ն մոտենում է 1-ի։

Մենք ենք ու Ավստրիան

Արտաքին քաղաքականության մեջ, դժբախտաբար սպառնալիքները ավելի շատ են, քան ներքին կյանքում։ Դրանք կարող ենք խմբավորել հետևյալ կերպ

– Հայաստանի և Արցախի անվտանգություն

– Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցություններում հնարավոր ճնշումներ, փաստաթղթի ստորագրում

– Միջազգային իրադրության փոփոխություն, որը կազդի նաև Հայաստանի վրա

Վերջին մի քանի ամիսներին իրավիճակը ղարաբաղաադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում, բարեբախտաբար հարաբերականորեն հանգիստ է։ Դա սակայն երաշխավորված հանդարտություն չէ, եթե իհարկե որպես երաշխիք չհամարենք երկու երկրների ղեկավարների վերելակային զրույցը։

2016 թվականի ապրիլին նախորդող շրջանում ևս սահմանագծին իրադրությունը հարաբերականորեն խաղաղ էր։ Կախված մի կողմից ղարաբաղյան բանակցությունների՝ վերջին ամիսներին ինտենսիվացած ընթացքից, մյուս կողմից՝ ռուս-թուրքական, թուրք-ամերիկյան հարաբերություններով պայմանավորված նպաստավոր իրավիճակից, Արդբեջանը կարող է կրկնել ապրիլյան ագրեսիան՝ փորձելով ստանալ ավելին, քան 2016-ին կարողացավ։ Ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, օպերատիվ անվտանգության գործոնը ամենահեղհեղուկ գործոնն է, որը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Աստված մի արասցե, հնարավոր պատերազմի դեպքում իշխանության ու Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սկզբնական փուլում կարող է աճել ՝ միասնականության կոչերին ի պատասխան, սակայն հետո շատ արագ անկում է ապրել։ Այս գործոնի դեպքում P-ն, բարեբախտաբար 1 չէ, սակայն դժբախտաբար, նաև 0 չէ։

Ղարաբաղյան բանակցությունների վերջին ամիսների ընթացքը ցույց է տալիս, որ կա հետկուլիսային գործընթաց։ Մինչև ո՞ւր այն կհասնի, դժվար է ասել, բայց բազմաթիվ ազդակներ խոսում են այն մասին, որ միջազգային հանրության, մասնավորապես համանախագահների շրջանում կա նպատակադրում՝ տեսանելի ապագայում ղարաբաղյան հարցը լուծելու համար։ Սա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա ամենամեծ բացասական ազդեցությունը թողնող գործոնը կարող է դառնալ. ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր է միայն փոխզիջման դեպքում, ինչը երկու կողմերի հասարակություններն էլ ցավոտ են ընդունելու։ Այդ պատճառով համանախագահներն ու մյուսները վերջերս այդքան հաճախ են կոչ անում հասարակություններին պատրաստել խաղաղության։ Եթե գերտերությունները որոշել են լուծել ղարաբաղյան հարցը, ապա դրա համար կկիրառեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում զանազան ճնշումները երկրների ղեկավարների նկատմամբ։ Եվ եթե Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ կոմպրոմիսի է եկել Ղարաբաղյան հարցը կարգավորելու հարցում, ապա կփորձի օգտագործել ազդեցության ու ճնշման լծակները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին՝ Նիկոլ Փաշինյանին խաղաղության համաձայնագիրը ստորագրել ստիպելու համար։ Կգնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը իր վարկանիշի հաշվին խաղաղության համաձայնագիր ստորագրելու ռիսկային քայլին, իրապես դժվար է ասել։ Դա կարող է նրա համար արժենալ իշխանություն, եթե անգամ միջզագային հանրությունը պարգևատրի ասենք Խաղաղության Նոբելյան մրցանակով, ինչը Նիկոլ Փաշինյանը վստահաբար կցանկանա ստանալ։ Այս գործոնի հավանականությունը, դժբախտաբար, զգալիորեն մեծ է 0-ից, բարեբախտաբար դեռևս ամբողջությամբ հավասար չէ 1-ի։

Ասել, որ միջազգային իրադրությունը ներկայումս լարված է, նշանակում է ոչինչ չասել։ Հատկապես մեր մեծ տարածաշրջանը ուղղակի եռացող կաթսա է, որն ամեն պահի կարող է պայթել. Սիրիա, Աֆղանստան, Իրան… սա երկրների փոքր ցանկն է, որոնցում գերտերությունների շահերը բախվում են,բախվում են այնպես, որ ամեն պահի կարող են ստատուս քվոյի փոփոխության պատճառ դառնալ։ Մեր մեծ տարածաշրջանում ընթացող գործընթացներում ակտիվորեն ներգրավված են մեր անմիջական հարևաններ Իրանն ու Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ միակ պետությունը տարածաշրջանում։ Առաջիկայում մեծ հավանականությամբ ՆԱՏՕ-ին կանդամակցի նաև մյուս հարևանը՝ Վրաստանը։ Ինչպես գերտերությունների, այնպես էլ Թուրքիայի ու Իրանի վարքագծից են կախված շատ հարցեր, որոնք ուղիղ գծով կարող են ազդել ինչպես ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Իրադարձություններն այս ուղղություններով կարող են զարգանալ տարբեր վեկտորներով, սակայն գոնե ներկայիս միտումները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ վտանգներն ու սպառնալիքները շատ ավելին են, քան կարգավորման հնարավորությունները։ Այս դեպքում ևս, հարաբերական գնահատմամբ, պատահույթների թվային արժեքները տատանվում են 0.5-ի սահմաններում։ Միջազգային իրադրության փոփոխությունը , ինչպես նշեցինք մեր դեպքում առաջին հերթին կարող է ազդել մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի՝ ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Ակնհայտ է, որ այս ուղղությամբ ցանկացած փոփոխություն ազդելու է իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի վարքագծի և որպես դրա հետևանք՝ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության վրա։

Բոլոր գործոնների քննարկման դեպքում շեշտում ենք Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու վարքագիծը, քանի որ օբյեկտիվորեն կամ ոչ, այսօր Հայաստանում ամեն ինչ հիմնված է այդ գործոնների վրա։ Իշխանությունը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշի շնորհիվ, իշխանության ցանկացած քայլ էլ պայմանավորված է նրա վարքագծով։ Նշված ուղղություններով ո՞ր սցենարները իրականություն կդառնան, դժվար է ասել։ Կարելի է արձանագրել միայն, որ առնվազն գործոնների այս համախմբի վերլուծությամբ, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները ավելի շատ են, քան ուժեղ կողմերն ու հնարավորությունները։ Նիկոլ Փաշինյանի որոշումներից է կախված՝ ինչպես կօգտագործվեն ներքին ուժեղ կողմերն ու արտաքին հնարավորությունները, սպառնալիքները չեզոքացնելու նպատակով։ Ակնհայտ է միայն, որ Նիկոլ Փաշինյանի անկումները լինելու են պետության ձախողումները, իսկ նրա վերելքներից շահելու են բոլորը՝ անհատապես և որպես հավաքականություն։

1in.am

(Visited 46 times, 1 visits today)