Փաշինյանի վարչախումբը ամեն ինչ արեց, որպեսզի հիասթափեցնի լայն զանգվածներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյանինչպե՞ս եք գնահատում Կառավարությանծրագրի շուրջ քննարկումները։ Ընդդիմադիր խմբակցությունները դեմքվեարկեցին ծրագրին՝ մի շարք մտահոգություններ հայտնելովայդթվում՝ թվերի բացակայության հետ կապված։ Ընդհանրապեսնախքան ծրագրի ներկայացումը ընդդիմության հետ այն չքննարկելըճի՞շտ մոտեցում է։

– Համաձայն եմ՝ խորհրդարանական մեծամասնությունը ցուցաբերեց «բոլշևիկյան» վերաբերմունք փոքրամասնության նկատմամբ: Ռուսական հեղափոխության հաղթանակից հետո՝ առաջին իսկ տարիներից, բոլշևիկները բոլոր մակարդակի խորհուրդներում հենց այդ կերպ էին վերաբերվում էսէռներին ու մենշևիկներին: Ինչպես բոլորը տեսան, «իջևանյան կարմիր ավանդույթները» խորն են արմատավորված մեր երիտասարդների գենետիկ հիշողության մեջ և կրկնում են այն իրավիճակները, երբ հարազատ հայրերին երբեք չտեսած ու խորթ հայրերի կողմից դաստիարակված երեխաները զարմանալի կերպով կրկնօրինակում են իրենց կենսաբանական հայրերի ու պապերի մտածելակերպն ու վարքագիծը. չեն տեսել, չեն շփվել նրանց հետ, բայց նմանվում են նրանց: Այո, հետխորհրդային երկրներում ժողովրդավարության յուրացմանը ծառայելուն կոչված սորոսական «ժողովրդավարական թրեյնինգների» մեթոդաբանական այն հիմնադրույթը, համաձայն որի՝ հետխորհրդային շրջանում ծնվածներն ազատ են բոլշևիկյան մտածելակերպից, ցույց է տալիս իր սնանկությունը: Իրականում ճիշտ հակառակն է. նրանք, ովքեր տեսել են ու սեփական կենսափորձով «ճաշակել են» ամբողջատիրական խորհրդային դարաշրջանի արատները՝ այդ «գենետիկական հիվանդությունների» դեմ պայքարելու, դրանք ախտորոշելու ու հաղթահարելու հմտություններ են ձեռք բերել: Պարզ ճշմարտություն է. եթե չես տեսել ամբողջատիրական բյուրոկրատիայի վարքագիծը, ապա ինչպե՞ս պետք է նկատես ու կանխես այդ վարքագծի գենետիկական արտացոլումները քո սեփական վարքագծում: Հիշում եմ՝ Կարեն Դեմիրճյանն էր ինձ դեռ 90-ական թվականներին այդ մասին ասում. «Հմայակ, ես բոլորից լավ գիտեմ ամբողջատիրական հակաժողովրդավարական բյուրոկրատիայի արատները, բնազդներն ու մտածելակերպը, և հենց դրա համար էլ պատկերացնում եմ, թե ի՛նչ է պետք անել ժամանակակից կառավարիչների վարքագծում այդ դրսևորումները բացառելու համար»: Քաղաքականության մեջ կենսափորձի կարևորությունը հաշվի առնելով՝ անկախության նվաճումից անմիջապես հետո՝ արդեն 90-ական թվականներից, ես ստանձնեցի Կարեն Դեմիրճյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու կողմնակցի ու գլխավոր գաղափարախոսի դերը: Իմ 30-ամյա քաղաքագիտական ու քաղաքական գործունեության ընթացքում չեմ հանդիպել ավելի ուշադիր, բոլոր առաջարկությունները, տեսակետները հաշվի առնող, բոլոր ազգային քաղաքական ուժերի հետ աշխատելու և համագործակցելու պատրաստ առաջնորդի: Ես հեռու եմ ԱԺ-ում ստեղծված իրավիճակի համար, որն այդքան ցայտուն բացահայտվեց Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, և որի վերաբերյալ ես ընտրություններից անմիջապես հետո ներկայացրել եմ հենց ձեր կայքում իմ մտահոգությունները, պատասխանատվությունը դնել միայն իշխող ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի վրա: Խորհրդարանական երկու մյուս ուժերը համաձայնեցին մասնակցել ընտրություններին հին, ՀՀԿ-ական Ընտրական օրենսգրքով, ինչի բացասական հետևանքների մասին ես զգուշացնում էի: Այսօր այդ բացասական հետևանքներն ակնհայտ են, և վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խորհրդարանական ընդդիմությանը երեսով է տալիս այն, որ վեցտոկոսանոց քվեով 18 մանդատներ է տնօրինում, իսկ ԲՀԿ-ի դեպքում՝ ութտոկոսանոց քվեով՝ 26 մանդատ: Այսինքն՝ վարչապետը պարզ հասկացնում է, որ մտադիր չէ լուրջ ընդունել այն քաղաքական ուժերին, որոնք համաձայնել են վերցնել իրենց չվաստակած մանդատները. ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորների կեսից ավելին փաստորեն անհեթեթ ընտրակարգի քմահաճույքով են հայտնվել խորհրդարանում: Այդ իսկ պատճառով նրանք չեն էլ կարող բարձրացնել ԱԺ ձևավորման արատավոր կարգի վերաբերյալ սահմանադրական հայտնի դրույթների բարեփոխման հարցը, քանզի իրենք մանդատների են արժանացել հենց այդ արատավոր դրույթների շնորհիվ, ինչի վերաբերյալ իրենց դեռ շատ անգամներ է հաթաթա տալու Նիկոլը…

– Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում խորհրդարանից դուրս։ ՀՀԿնՀՅԴն, «Սասնա ծռերը» շարունակում են ակտիվգործունեությունը՝ հայտարարություններմեկնաբանություններ։Հնարավո՞ր է արդյոք իրերի այնպիսի դասավորությունորի դեպքումայս ուժերը միավորվեն և հանդես գան միասնական օրակարգովայդթվում՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ միավորվելով։

– Հայաստանում քաղաքական դաշտը փլուզված է, և այդ փլուզումը տեղի է ունեցել մի շարք պատճառներով: Այդ պատճառներից կարևորագույններին ես անդրադարձել եմ փետրվարի 15-ին «Հրապարակ» օրաթերթում: Խոստանում եմ առաջիկայում ամբողջական տեսքով ներկայացնել այդ պատճառները, իսկ այստեղ պետք է պարզապես արձանագրեմ, որ բոլոր ներկայիս կուսակցությունների հայտարարություններին, մեկնաբանություններին շատ քչերն են նշանակություն տալիս: Վերցնենք թեկուզ ձեր կողմից մատնանշված ու ձեր կայքում հրապարակված կուսակցությունների հայտարարություններն ու նայենք, թե քանի մարդ է ընթերցել, և քանի մարդ է դրանք «լայքել»: Կտեսնեք, որ ավելի քիչ, քան որևէ մասնագիտական հեղինակային վերլուծության դեպքում: Սա ինչի՞ ապացույց է: Սա այն բանի ապացույցն է, որ մարդիկ այդ «խմբավորումներին» կուսակցություն չեն համարում, նրանց լուրջ չեն վերաբերվում, նրանցից ոչ մի սպասելիք չունեն, նրանց հայտարարություններին նշանակություն չեն տալիս: Որպես այդ վերաբերմունքի մյուս կողմը՝ մարդիկ ձգտում են սեփական ուժերով, սեփական միտքը լարելով հասկանալ, թե ի՛նչ է կատարվում և ի՛նչ պետք է այս զարգացումներից սպասել: Հասարակության այս ժխտողական վերաբերմունքը կուսակցությունների և բազմակուսակցականության նկատմամբ, որն այդքան ցայտուն արտացոլվեց ԱԺ ընտրությունների արդյունքներում, և որը ոչ այլ ինչ է, քան մեզանում քաղաքական դաշտի լիակատար փլուզման հետևանք, չափազանց վտանգավոր է և կարող է, ինչպես դա ցույց է տալիս համաշխարհային պատմությունը, ճանապարհ հարթել կոշտ ավտորիտար ռեժիմի հաստատման համար: Բոնապարտիզմի վտանգը, որը ուղեկցում է հեղափոխություններին այն ժամանակաշրջանում, երբ հեղափոխական անուրջները մարում են, և վրա է հասնում հանրային հիասթափությունը չարդարացված սպասումներից, ուրվականի նման թևածում է այժմ մեր գլխին: Իմ այս պնդումն ամենևին էլ չափազանցություն չէ և բացատրվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի «ֆյուրերական» վարքագծով ու ելույթներով կամ նրա ջղաձիգ ձգտումով պահպանելու միահեծան վերահսկողությունն ուժային կառույցների նկատմամբ և սուպերվարչապետական լիազորություններն ընդհանրապես: Եթե միջազգային ուժային կենտրոնների համար վերջնականապես պարզ դառնա, որ առաջին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետևողական ջանքերն, այնուամենայնիվ, ի զորու չեն համոզել հայ հասարակությանը՝ «տարածքային զիջումներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի ընդունման առումով, ապա շատ հավանական է, որ այդ դեպքում օրակարգի հարց դառնա Հայաստանում կոշտ ավտորիտար իշխանության հաստատման միջոցով «կամակոր հայերին» պարտադրել այդ տխրահռչակ բանաձևը: Հետևապես, եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում միջազգային ուժային կենտրոնների խրախուսմամբ կամ պարտադրանքով դառնալ բռնապետ, մի նոր Անվար Սադաթ, ապա ինքը պետք է շահագրգռված լինի սուպերվարչապետական լիազորություններից ժամ առաջ հրաժարվելու և քաղաքական դաշտը վերականգնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու հարցում: Ներկայիս հետհեղափոխական բոնապարտիզմը շատ վտանգավոր է, քանզի կարող է գայթակղել միջազգային ուժային կենտրոններին հայաստանյան իշխանական բուրգի լիակատար կենտրոնացումն օգտագործելու մեր երկրին Արցախյան հիմնահարցում միակողմանի զիջումներ պարտադրելու համար: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբման հնարավորության մասին ձեր հարցին, ապա ֆորս-մաժորային զարգացումների դեպքում այդպիսի համախմբումը կանխատեսելի է: Պետք է հաշվի առնել, որ մեզանում ֆորս-մաժորային զարգացումներ կարող են լինել ոչ միայն Արցախի շուրջ բարդությունների կամ մի նոր «ապրիլյան պատերազմի» ֆոնի վրա, այլ շատ ավելի պարզունակ պատճառով: Այն նույն պատճառով, ինչի պատճառով Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի ընտրություններում տարած փայլուն հաղթանակից ընդամենը մեկ տարի անց սկսվեց «դեղին ժիլետների» շարժումը: Եթե հաշվի առնենք մեզանում օր օրի խորացող աղքատությունը, հացի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումները, ինչպես նաև աշխատողների կրճատումները պետական հատվածում, ապա կանխատեսելի է, որ շուտով մեր «դուխով կեպիավորներին» փողոցներում կփոխարինեն դեղին ժիլետներով ու շատ ավելի ագրեսիվ տրամադրված նոր բողոքավորները: Թե դրանք կձգտե՞ն համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը կամ կգերադասե՞ն, ինչպես Ֆրանսիայում, չապավինել որևէ մեկին, կախված է նաև գործող վարչախմբից: Եթե Նիկոլ Փաշինյանի վարչախմբի ներկայացուցիչները շարունակեն նույն ձևով՝ ամեն օր հայտնվելով ինչ-որ սկանդալների մեջ, անելով սոցիալական բեռի տակ կքած քաղաքացիներին ճաքացնող հայտարարություններ, հարստացնելով պետական միջոցների մսխման մեզանում ձևավորված չինովնիկական ավանդույթը և միաժամանակ շարունակելով ինքնամոռացությամբ դատափետել Քոչարյանին, ապա հասարակության օր օրի աճող դժգոհությունը թամբելու Քոչարյանի շանսերը հաստատ կմեծանան կայծակնային արագությամբ: Եթե շարունակեն ճամարտակել, որ աղքատության հաղթահարումն աղքատների գործն է, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուկայական տնտեսության օրինաչափություններից չի հասկանում, քանի որ նպատակ է դրել Միացյալ Նահանգներում ստեղծել նոր աշխատատեղեր և ընդամենը երկու տարվա ընթացքում արդեն ստեղծել է 5 միլիոն նոր աշխատատեղեր, ապա չեմ բացառում, որ գործազուրկները շուտով կհամախմբվեն Քոչարյանի շուրջը: Ոմանք կհիշեն, որ նրա նախագահության օրոք նոր աշխատատեղեր էին ստեղծվում, ոմանք կհիշեն, որ աղքատության կրճատման ծրագիր էր իրականացվում, և այդ ծրագրի իրականացման շրջանակներում ծայրահեղ աղքատների թիվը հաջողվեց էապես նվազեցնել, իսկ ոմանք պարզապես կառաջնորդվեն հեղափոխությունից հիասթափված և իրեն խաբված համարող մարդու զգացմունքներով: Այս կետում պետք է վկայակոչեմ օգոստոսի 22-28-ին ամերիկյան հեղինակավոր հաստատության՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվերով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպության կողմից իրականացված սոցիոլոգիական հատուկ հետազոտությունը, որը նպատակ ուներ պարզելու մեր ազգաբնակչության հիմնական ակնկալիքները հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի վարչախմբից: Ես հրավիրված էի այդ հետազոտության արդյունքների պրեզենտացիային «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, մասնակցեցի այնտեղ կազմակերպված հատուկ քննարկմանը նեղ մասնագիտական շրջանակում: Հետազոտության տվյալներով՝ Հայաստանի ազգաբնակչությունն ամենաշատը կարևորում է և հեղափոխությունից առաջին հերթին ակնկալում էր աշխատելու իրավունքի իրացումն ու Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը: Երկրորդ տեղում էին կոռուպցիայի վերացումը, առողջապահության, կրթության և սոցիալական ապահովությունը, նպաստները, կենսաթոշակների բարձրացումը: Հինգ տարիների կտրվածքով նորից առաջին հերթին մարդիկ կարևորել են աշխատանքի հնարավորությունը, հետո՝ տնտեսական աճը, հետո՝ օտարերկրյա ներդրումները ու աշխատող գործարանների ավելացումը, հետո՝ կոռուպցիայից զերծ երկիր ունենալը, հետո՝ արդարադատության համակարգի բարելավումը, և նշված առաջնահերթությունների մեջ միայն վեցերորդ տեղում է խաղաղությունն ու Արցախյան հարցի լուծումը: Եթե հասարակական կարծիքի համապարփակ ուսումնասիրության այս տվյալները, որոնք ցույց են տալիս ազգաբնակչության ակնկալիքները հեղափոխությունից ու Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, համադրենք վարչապետի ու նրա թիմակիցների կողմից ընդունված հնգամյա գործունեության ծրագրի, ինչպես նաև ԱԺ-ում կայացած այդ ծրագրի քննարկման ընթացքում հնչած հռետորաբանության հետ, ապա ստիպված կլինենք հանգել ամենատխուր եզրակացության. Նիկոլ Փաշինյանի վարչախումբը կարծես դիտավորյալ ամեն ինչ արեց, որպեսզի հիասթափեցնի իրեն իշխանության բերած ժողովրդական լայն զանգվածներին…

– Ինչպե՞ս եք գնահատում Մարտի մեկի գործի շուրջ ընթացողզարգացումները։ Մինչ այս պահը հանրությանը հայտնի են միայնորոշ նախկին պաշտոնյաների անուններնրանց խափանման միջոցիվերաբերյալ տեղեկություններ։ Հնարավո՞ր է առաջիկայում հասնելգործի ամբողջական բացահայտմանը։

– Դուք գիտեք, որ Հայաստանի քաղաքագետների միության վարչությունն արտակարգ դրության ռեժիմի ավարտից անմիջապես հետո՝ 2008 թվականի ապրիլին, հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ կարևորելով այդ հրեշավոր սպանությունների բացահայտումն ու բոլոր մեղավորներին պատժի ենթարկելու հարցը: Դրանից հետո ես Կարեն Դեմիրճյանի թանգարանի շենքում, որտեղ նաև տեղակայվում է ՀԺԿ գրասենյակը, կազմակերպեցի քաղաքական ուժերի ղեկավարների, իրավապաշտպանների ու քաղաքագետների կլոր սեղան, որի քննարկումների ընթացքում թարմ հետքերով սկիզբ դրվեց Մարտի մեկի սպանդի հանրային հետաքննության ջանքերին: Այդ ջանքերը բերեցին ՀՀ նախագահի հրամանագրով Փաստահավաք խմբի կազմավորմանը, որի բացահայտումները հիմք էին ստեղծում սպանդին մասնակից բանդաներին և նրանց հովանավորող օլիգարխներին պատասխանատվության կանչելու համար: Այն, որ Փաստահավաք խումբը բացահայտել էր Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի և մյուս հայտնի օլիգարխների թիկնազորների ներգրավվածությունը քաղաքացիների սպանդի ու ջարդի մեջ, ինչպես նաև նրանց կողմից ստեղծված բանդաների քողարկման նպատակով բանակից իրենց ստորագրություններով ստացականների հիման վրա դուրս գրված զինվորական համազգեստների վերաբերյալ անհերքելի փաստերը, ինչպես նաև հավաքել էր կառավարության շենքում ստեղծված և Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ ու այդ նույն օլիգարխների մասնակցությամբ գործող՝ ցուցարարներին բռնի ուժով ցրելու նպատակով ձևավորված հատուկ շտաբի վերաբերյալ տեղեկություններ, ստիպեց Սերժ Սարգսյանին կայացնել խայտառակ որոշում՝ իր հրամանագրով ցրել Փաստահավաք խումբը և դրանով կանխել գործի ամբողջական բացահայտումը, որին Փաստահավաք խումբն ընդհուպ մոտեցել էր: Տրամաբանական կլիներ այս մեր նոր պայմաններում որպես ելակետ ընդունել Փաստահավաք խմբի կողմից արձանագրված փաստերը, բացահայտել ու պատասխանատվության կանչել մարդասպաններին, բացահայտել հրազեն կիրառելու հրամաններ տվածների շղթան և հասնել սպանդի կազմակերպիչների ամենավերին օղակներին ու դեմքերին, և այդպիսով, համոզված եմ, կատարված հանցագործության ամբողջական բացահայտումը չէր ուշանա: Այս կարճ և ուղիղ ճանապարհով գնալու փոխարեն ՀՔԾ-ն գործը քրեական հարթությունից տեղափոխեց քաղաքական հարթություն, Ռոբերտ Քոչարյանին միանգամից սահմանադրական կարգը խախտելու մասին մեղադրանք ներկայացրեց՝ դրանով փաստորեն Մարտի մեկի գործը դարձնելով Քոչարյանի գործ: Դա վերջինին հնարավորություն տվեց հայտարարելու, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, և ինքը քաղբանտարկյալ է: Պարզից էլ պարզ է, որ Քոչարյանին ժամ առաջ բանտում փակելը դարձել էր ինքնանպատակ և այնքան էր կլանել ՀՔԾ-ին, որ այդ կարևոր հաստատության ղեկավարությունը նույնիսկ չօգտվեց վկայի կարգավիճակում ցուցմունքներ տալու Ռոբերտ Քոչարյանի պատրաստակամությունից՝ շտապեց ժամ առաջ նրան մեղադրանք ներկայացնել ու ձերբակալել, ինչից հետո Քոչարյանը հրաժարվեց ցուցմունքներ տալուց, իսկ մարդկանց մոտ ստեղծվեց տպավորություն, որ քննչականի պետը չէր էլ ուզում, որ Քոչարյանը ցուցմունքներ տա: Գուցե վախենո՞ւմ էր, որ Քոչարյանի ցուցմունքները կարող էին տանել դեպի Սերժ Սարգսյանին հարցաքննելու անհրաժեշտություն, ինչն այն ժամանակ՝ դեռ չհաղթահարված «երկիշխանության» պայմաններում, ցանկալի չէր: Ինչ խոսք, երբ գործը հասնի Եվրոպական դատարան, այս շտապողականության ու հապճեպության վրա նույնպես կսևեռվի այնտեղի բծախնդիր դատավորների ուշադրությունը: Անձամբ ինձ Մարտի մեկի գործի այս քննությունը չի բավարարում այն առումով, որ կարծես լռելյայն փորձ է արվում անտեսել սպանություններն իրականացրածներին, անհամաչափ ուժ գործադրածներին պատասխանատվության ենթարկելու և ամենայն խստությամբ պատժելու հարցը: Օրինակ՝ Սարգիս Քլոյանը քանիցս հայտարարել է, որ ինքը գիտի, թե ով է սպանել իր որդուն: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ և մյուս սպանություններ կատարածները առ այսօր ձերբակալված չեն: Մեզ ասում են, որ կարևորը հրաման տվողներին, այլ ոչ թե հանցագործ հրամանները կատարողներին պատժելն է: Պատկերացրեք, եթե ելնելով այս «տրամաբանությունից» մեկն ասի՝ եկեք Նաիրի Հունանյանին բաց թողնենք, քանզի նա ընդամենը հանձնարարություն էր կատարում, և կարևորը ոչ թե նրան, այլ ուղղորդողներին պատժելն է: Իրականում, եթե մեկ անգամ խստիվ պատժվեն հանցագործ հրամաններ կատարողները, այլևս ոչ ոք չի համարձակվի սեփական հայրենակիցների դեմ ուժ, այն էլ՝ հրազեն կիրառել: Եթե այլևս չլինեն հանցագործ հրամաններ կատարողներ, ապա անիմաստ և նույնիսկ պաշտոնատար անձանց համար վտանգավոր կդառնա նաև այդպիսի հրամանների արձակումը: Այդ իսկ պատճառով հասարակության համար ավելի կարևոր է և ավելի իրատեսական է ուժայինների մոտ հանցագործ հրամանների կատարումից հրաժարվելու մշակույթի ու իրավագիտակցության արմատավորումը, քան իշխանավորների մոտ ուժի կիրառումից հրաժարվելու տրամադրության ձևավորումը: Իշխանությունն այնպիսի մոլուցք է, որը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, դրդում է իշխանավորներին այն պահպանելու նպատակով չարաշահել ուժային լծակները: Դրա համար էլ պետք է կարևորել ինչպես ուժային կառույցների՝ խորհրդարանի առջև հաշվետու լինելու և որևէ մեկի մենաշնորհային վերահսկողության ներքո չգտնվելու, այնպես էլ ուժայինների կողմից հանցագործ հրամանների կատարման համար պատասխանատվության նախադեպի ստեղծումը և այդ նախադեպով առաջնորդվելը: Հետխորհրդային իրականության մեջ փաստ է այն, որ եթե ուժայինները պատրաստ են հրաման ստանալու դեպքում կրակել սեփական ժողովրդի վրա, ապա իշխանությունը պահպանելու նպատակով հրաման տվողն անպայման կլինի: 1993 թվականի հոկտեմբերին տանկերով ՌԴ Գերագույն խորհուրդը գնդակոծելու մասին նախագահ Բորիս Ելցինի բանավոր հրամանը պաշտպանության նախարար Պավել Գրաչովը հրաժարվեց կատարել՝ պատասխանելով, որ միայն Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից գրավոր ու պաշտոնապես իրեն ներկայացված հրամանի առկայության դեպքում կենթարկվի: Եվ ժողովրդի ձեռքերի վրա 1991 թվականին իշխանության եկած Բորիս Ելցինը հաջորդ օրը տվեց Գրաչովի ձեռքը իր կողմից ստորագրված համապատասխան հրաման, որին ի կատարումն հոկտեմբերի 3-ին օրինական կարգով ընտրված խորհրդարանը տանկերից գնդակոծվեց, և հարյուրավոր քաղաքացիներ Մոսկվայի կենտրոնում զոհվեցին: Առաջադեմ ժողովրդավարական Արևմուտքը չդատապարտեց «ժողովրդավար» Ելցինին, քանզի կարծում էր՝ «ցար Բորիսը» կոշտ ավտորիտար մեթոդներով «քաղաքակրթում է» Ռուսաստանը և վերացնում է այնտեղ խորհրդային իշխանության ժառանգությունը: Չի բացառվում, որ վաղը Երևանի կենտրոնում մոտավորապես նույն կերպ ցրեն ազգայնական «ոչմիթիզհողականներին», իսկ Արևմուտքը դա համարի «խաղաղության պարտադրման» նպատակով «ժողովրդավարական ուժերի» կողմից արված անհրաժեշտ քայլ: Ես չեմ կարծում, որ այդ քայլը կհամաձայնի անել սուպերվարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց մի՞թե Սերժ Սարգսյանը ենթադրում էր, որ սուպերվարչապետի իր հագով կարված կոստյումը բաժին է հասնելու մեկ ուրիշին: Ճակատագրի հեգնանքով նա այդպես էլ այդ «կոստյումը» չվայելեց, քանզի այն հայտնվեց Նիկոլի ձեռքում: Հիմա էլ Նիկոլը պետք է մտածի, որ վաղն այդ չարաբաստիկ կոստյումը կարող է հայտնվել հենց իր քաղաքական հակառակորդի ձեռքում և բերել իմ կողմից մատնանշված աղետի: Նման աղետներից խուսափելու համար կարևոր է, որպեսզի անզեն հայրենակցի դեմ բռնություն գործադրելու որևէ հրաման համարվի հանցագործ ու ենթակա չլինի կատարման: Հենց դրա համար էլ ես Մարտի մեկի գործում կարևորում եմ առաջին հերթին մարդասպաններին, հանցագործություններ կատարած ջարդարարներին բացահայտելու ու պատժելու խնդիրը: Այն մարդիկ, ովքեր հայրենակիցների վրա ձեռք են բարձրացրել, ում վրա արյուն կա, պետք է խստիվ պատժվեն: Դրանից հետո արդեն զբաղվեք երեք նախագահների պատասխանատվության ու մեղքի չափը պարզելու քաղաքական հարցերով:

– Արցախի որոշ պաշտոնյաների և պաշտոնական Երևանիդիրքորոշումների հակասությունները այս թեմայի շուրջ ի՞նչվտանգներով են հղի։ Տպավորություն էոր Հայաստանում տեղիունեցածըՀայաստանի նոր ղեկավարությունը այդպես էլ Արցախիհամար ընկալելի չեղան։

– Արցախի ղեկավարության համար մտահոգիչ է հենց այն, որ Մարտի մեկի գործով քննությունը կարծես հրաժարվել է Փաստահավաք խմբի այն վարկածից, որ Մարտի մեկի սպանդի կազմակերպիչներն էին օլիգարխները, իսկ իրագործողները՝ նրանց թիկնապահների կողմից հավաքագրված ու զինվորական համազգեստով գործի դրված հրոսակախմբերը: Այս ուղղությամբ Փաստահավաք խմբի ջանքերով ձեռք բերված ապացույցները դրվեցին մի կողմ, և առաջին պլան մղվեց բանակի բարձրագույն ղեկավարության մեղավորության վարկածը: Բանը հասավ նրան, որ բանակի այսօր ողջ երեք գեներալ-գնդապետներից երեքն էլ՝  Հարությունյանը, Խաչատուրովը ու Օհանյանը, այսօր մեղադրվում են Մարտի մեկի գործով: Սա դիտվում է որպես լուրջ հարված հայկական բանակի հեղինակությանը, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել Ադրբեջանի կողմից նորագույն սպառազինությունների արսենալները մեծացնելու ջանքերի համատեքստում: Արցախում մտահոգություն է առաջացրել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու շուրջ Խաչատուրովին հեռացնելուց հետո սկիզբ առած անհամաձայնությունն ու այդ կազմակերպությունում Հայաստանի փաստացի «իզգոյացումը»: Հասկանալի է նաև այն, որ Արցախում մտահոգված են Փաշինյան-Քոչարյան դիմակայությամբ, քանզի խոսքը գնում է Արցախի առաջին նախագահի, պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության կոմիտեի նախագահի և Հայաստանի գործող վարչապետի՝ այժմ Հայաստանում միահեծան իշխող քաղաքական ուժի առաջնորդի չմարող առճակատման մասին: Կարծում եմ, որ այդ դիմակայության պայմաններում և դրա հետևանքով առաջիկայում պետք է սպասել Արցախում Դաշնակցության ակտիվացմանը: Ինչպես 90-ականներին արցախահայությունը ձգտեց Դաշնակցության միջոցով հավասարակշռել Լևոն Տեր-Պետրոսյանի ճնշումները ու ավելի սերտ հարաբերություններ ստեղծել հայկական Սփյուռքի հետ, այնպես էլ այժմ՝ «նեոլևոնականության» պայմաններում, փորձ է արվելու Սփյուռքի միջոցով չեզոքացնել «պարտվողական քաղաքականության» հնարավոր նոր դրսևորումները: Այդպիսով ներկայիս դեժավյուն գնալով ավելի ու ավելի է ամբողջականանում, և 90-ականների պատկերի լիակատար կրկնության համար գնալով ավելի ու ավելի քիչ բան է մնում: Եթե հիշում եք՝ ես ամիսներ առաջ էի կանխատեսում Հայաստան-Արցախ փոխհարաբերություններում այսպիսի զարգացումների հավանականությունը և 90-ական թվականների դեժավյուի հասունացումը: Հույսով լինենք, որ այս անգամ բանը չի հասնի Հայաստանում Դաշնակցության գործունեության կասեցմանը, բայց այն, որ Դաշնակցությունը շուտով 90-ական թվականների եռանդով պախարակելու է Նիկոլ Փաշինյանի «նեոլևոնականությունը»՝ ոչ մի կասկած չի հարուցում…

1in.am

(Visited 151 times, 1 visits today)