«Բոլորը գիտեն՝ ո՞վ եմ ես, ո՞ւմ ընկերն եմ․ սա թատրոն ա, սարքովի գործ…». «Ֆլեշի Բարսեղ»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆլեշի Բարսեղի»՝ Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Բեգլարյանն ու Հովսեփյանը 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն՝ վերջինիս շահերին պատճառելով էական վնաս:

Բարսեղ Բեգլարյանին և Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Ըստ տուժողի՝ Հրայր Հովսեփյանը ընկերության կոնֆերենս սրահում Բարսեղ Բեգլարյանի ցուցումով ու ներկայությամբ երկու ձեռքով հարվածել է իր ուսերին, գցել է գետնին: Պահանջել են վերականգնել իր ենթակայության տակ աշխատած մենեջերների կողմից հափշտակված գումարը:

Ըստ տուժողի՝ իր նկատմամբ կատարված գործողությունները ինքը որպես ռեալ սպառնալիք է ընդունել, զբաղվել է իր բնակարանը «Արարատբանկում» գրավ դնելով: Բնակարանը գրավադրել, բայց գումար չի ստացել, քանի որ, ըստ տուժողի, Բարսեղ Բեգլարյանն է «Արարատբանկի» տերը, գումարը անուղղակի փոխանցվել է նրան:

Ըստ տուժողի ՝ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից հափշտակություն կատարած երկու աշխատողները մեղադրվել ու արդեն դատապարտվել են, իսկ ինքը ենթարկվել է վարչական տուգանքի՝ 280 հազար դրամի չափով:

Բարսեղ Բեգլարյանը դատարանի շենք մտավ ժամանակին ու բարձր տրամադրությամբ: Նա նայեց դատարանի սպասարահում դրված՝ «Դատալեքս» անվանումով չաշխատող սարքերին ու բարձրաձայն հարցրեց՝ էս Դատալեքսն ի՞նչ ա…

Դատական նիստի սկզբում ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հանդես եկավ գործով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի դեմ բացարկի միջնորդությամբ:

Միջնորդությունը բաղկացած էր 16 էջից: Ըստ պաշտպանի՝ գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացրած դատախազ Աբգար Առաքելյանի կողմից թույլ են տրվել «բազմաթիվ դատավարական խախտումներ… Դատախազի անօրեն գործողությունների արդյունքում սահմանափակվել են մեղադրյալների իրավունքներն ու ազատությունները»:

Պաշտպանի պնդմամբ՝ դատախազ Առաքելյանը ուղղակի շահագրգռված է եղել գործի ելքով, կողմնակալ մոտեցում է դրսևորել, նախաքննության ընթացքում չեն պարզվել մեղադրյալներին արդարացնող հանգամանքները, մեղադրյալների դեմ ցուցմունք տված երեք անձինք՝ տուժողն ու երկու ենթադրյալ վկաները, առերես չեն հարցաքննվել պաշտպանական կողմի ավելի մեծաթիվ վկաների հետ:

Դատախազը, ըստ պաշտպանի, պատշաճ դատավարական հսկողություն չի իրականացրել, չի կայացրել պատճառաբանված որոշումներ՝ իր գրավոր միջնորդությունների վերաբերյալ…

Ամբաստանյալները միացան իրենց պաշտպանի միջնորդությանը: Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ այն գնահատելով որպես անհիմն: Ըստ մեղադրողի՝ պաշտպանը միջնորդության մեջ փաստերը ոչ ճիշտ էր ներկայացրել, տվել էր սխալ գնահատականներ: Գործի նախաքննության նկատմամբ ինքն իրականացրել է պատշաճ հսկողություն, կողմնակալություն չի դրսևորել, պաշտպանի բոլոր գրավոր միջնորդություններին տրվել են պատճառաբանված ու հիմնավոր լուծումներ, իր կայացրած որոշումներից ոչ մեկը չի վերացվել վերադաս դատախազի կողմից:

Տուժողը միացավ մեղադրողին ու հավելեց, որ լսելով Կրոմվել Գրիգորյանի 16 էջանոց միջնորդությունը, իր համար պարզ է ամբաստանյալների պաշտպանական մարտավարությունը՝ հնարավորինս ձգձգել գործի դատավարությունը:

Որոշ ժամանակ խորհրդակցական սենյակում մնալուց հետո նախագահողը հրապարակեց որոշումը՝ տվյալ փուլում, երբ դատարանը դեռևս չի հետազոտել գործով ներկայացված ապացույցները, պաշտպանի ներկայացրած հանգամանքների հիմքով գնահատական տալ այդ ապացույցներին՝ կնշանակի վարույթի հանգուցային հարցերի վերաբերյալ դատարանի դիրքորոշումը ի ցույց հանել: Այդ համատեքստում, ինչպես նաև նկատի ունենալով, որ այս փուլում օրենսդրի կողմից սահմանված՝ դատախազի մասնակցությունը դատաքննությանը բացառելու հիմքերի բացակայության պայմաններում, դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ դատախազ Աբգար Առաքելյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց նաև իր պաշտպանյալների խափանման միջոցները վերացնելու վերաբերյալ: Նշեց, որ իր պաշտպանյալներին անհիմն մեղադրանք է առաջադրվել և ի սկզբանե անհարկի խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Իր միջնորդություններից ու բողոքներից հետո դատախազի որոշմամբ Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը փոխվել, խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը: Այնուամենայնիվ, ըստ պաշտպան Կրոմվել Գրիգորյանի, իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները կրում են պատժի տարրեր: Պաշտպանը նշեց, որ առաջադրված մեղադրանքի հաստատման ու մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում անգամ իր պաշտպանյալների նկատմամբ կիրառելի են Համաներման ակտի համապատասխան դրույթները՝ օրինակ՝ 60 տարին լրացած լինելու և Արցախյան պատերազմի մասնակից լինելու մասով, և նրանք ենթակա են պատժից ազատման, հետևաբար՝ դատավճռի կատարում, ըստ էության, չի լինելու, ուրեմն և՝ անհրաժեշտություն չկա խափանման որևէ միջոց ընտրելու, իսկ արդեն ընտրված խափանման միջոցները ենթակա են վերացման:

Մեղադրողն առարկեց պաշտպանի միջնորդության մեջ՝ նշելով, թե խափանման միջոցներն ընտրվել են, որպեսզի ապահովեն ամբաստանյալների պատշաճ վարքագիծը, ինչպես նաև ապահովեն դատավճռի կատարումը: Ըստ մեղադրողի՝ այս պայմանները միաժամանակյա պայմաններ չեն, օրենսդիրը դրանք առանձին-առանձին է նկատի ունեցել…

Քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը կհրապարակի փետրվարի 20-ին, ժամը 12-ին:
Բարսեղ Բեգլարյանը դատական նիստի նախորդ ընդմիջմանը, երբ դատավորը հեռացել էր քննելու պաշտպանի միջնորդությունը դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ, բավական ջերմ զրուցում էր դատախազի հետ, ասում էր, թե անձնական որևէ բան չունի նրա դեմ, իսկ խափանման միջոցների վերացման միջնորդության դեմ դատախազի առարկությունից հետո, հենց որ նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ, Բարսեղ Բեգլարյանը դատախազին ասաց՝ ձեր առարկությամբ դուք ի ցույց դրեցիք ձեր կողմնակալ լինելը…

Լրագրողների հարցերին բարձր տրամադրությամբ պատասխանելով՝ Բարսեղ Բեգլարյանն ասաց, թե իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն ու սարքովի են: Այն հարցին՝ ո՞վ է «սարքել» նրա դեմ գործը, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց, որ դա ակնհայտ է, քանի որ բոլորը գիտեն՝ ով է ինքը և ում ընկերն է:

Լրագրողների հարցին՝ «Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք», Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց՝ դուք էլ շատ լավ գիտեք՝ ում նկատի ունեմ…

Հարցին՝ «Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Սերժ Սարգսյանին»՝ Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Չեմ հիշում»: Նա ավելացրեց՝ բենզինի մասին հարցրեք, ամեն բան ասեմ…

Հարցին՝ տուժողը պնդում է, թե Հրայր Հովսեփյանը ձեր ցուցումով ու ներկայությամբ է իր նկատմամբ բռնություն գործադրել, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Էշ-էշ խոսում ա, էլի, դուք էլ հավատում եք, տենց բան չի էղել, սա թատրոն ա… Դուք էլ եք էդ թատրոնի մասնակիցներից…

Այ ես ձեր ցավը տանեմ, դուք ձեր գործը լավ կատարեք… »:

Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ մեր երկրում բենզինի շուկայում երբեք մենաշնորհ չի եղել, նա թվարկեց բենզինի ներկրմամբ ու առևտրով զբաղվող ընկերությունների անուններ, ապա ասաց՝ ներկա վարչապետն ու կառավարությունը հայտարարել են, թե բիզնեսն ազատ է. «Ես վախենալու ոչ մի բան չունեմ…»:

Պատասխանելով բենզինի գների վերաբերյալ հարցին՝ Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ բենզինի գները մեր երկրում չեն իջնի, այլ կբարձրանան, քանի որ միջազգային գները վերջին օրերին «ուժեղ բարձրացել են՝ 70-80 դոլարով»…

1in.am

(Visited 135 times, 1 visits today)