Սաշիկ Սարգսյանի հետագա քայլերը. ներման գինը

Կառավարությունը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, 18,5 միլիոն դոլար է անհատույց նվիրաբերել պետությանը: Այս թեման ունի բավականին վաղ ծագում, դեռևս Երևանի քաղաքապետի ընտրությունից, որը քաղաքական իմաստով այլ բան չէր, քան խորհրդարանի արտահերթ ընտրության հանրաքվե: Երևանի քաղաքապետի ընտրության մեկնարկին տարածվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսումը, որից հետո եղավ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ ելույթը՝ օլիգարխներին ասֆալտին փռելու հրահանգով: Դրան հաջորդեց Սաշիկ Սարգսյանի հայտարարությունը, որ պատրաստ է իր ունեցվածքի մի մասը նվիրաբերել պետությանը:

Առերևույթ ժամանակագրության և իրադարձային հոսքի ներքո այս հանգամանքը բավականին ուշագրավ էր ներքին, տողատակային-համատեքստային առումով՝ հաշվի առնելով այն, որ Փաշինյանի ագրեսիվ ելույթի, այսպես ասած, ինֆորմացիոն առիթը փաստորեն հայտնի գաղտնալսումն էր: Իսկ այստեղ իհարկե հանրության գերակշռող մեծամասնությունը գաղտնալսման հիմնական շահառու էր համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ գաղտնալսված թեման նրա կալանքն էր:

Եվ ահա այս ֆոնին էլ հետաքրքիր էր դառնում պետությանը նվիրաբերություն անելու Սաշիկ Սարգսյանի հայտարարությունը, որը գործնականում անուղղակի, սակայն մեջքից հարված էր հենց Ռոբերտ Քոչարյանին: Եվ կասկած չկա, որ այդ հարվածը հասցնողը Սերժ Սարգսյանն էր, քանի որ հազիվ թե Սաշիկ Սարգսյանն ինքը ունակ լիներ անելու այդպիսի հայտարարություն և ընդհանրապես տիրապետեր քաղաքական հաշվարկների այդ համակարգին: Իր հերթին այդ հարվածը զարմանալի էլ չէր, եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ թավշյա հեղափոխությունից հետո իր՝ գործնականում բոլոր հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանն այս կամ այն կերպ ակնարկել է Սերժ Սարգսյանի մասին՝ թափանցիկ կերպով նրան մեղադրելով թավշյա հեղափոխության ալիքին բավականաչափ ակտիվ և կոշտ չդիմադրելու համար: Երկրորդ նախագահն այդպիսով ակնհայտորեն փորձում էր գոնե հեղափոխությունից հետո իր շուրջը կենտրոնացնել նախկին համակարգի այն ռեսուրսը, որը կամ չի պայմանավորվել նոր իշխանության հետ խաղի նոր կանոնների շուրջ, կամ որի հետ չի պայմանավորվել և այդպիսի ցանկություն չի հայտնել նոր իշխանությունը:

Այս համատեքստում ունեցվածքի մի մասը պետությանը նվիրաբերելու մասին հայտարարությամբ Սաշիկ Սարգսյանը իհարկե մի կողմից՝ փորձում էր, այսպես ասած, լուծել իր ունեցվածքի լեգիտիմության հարցը՝ սա իհարկե այլ թեմա է և փոքր-ինչ ավելի ներքևում, մյուս կողմից՝ անշուշտ տորպեդահարում էր նախկին համակարգը մոբիլիզացնելու Ռոբերտ Քոչարյանի ձգտումը՝ այդ համակարգին դնելով ի լրումն տնտեսաքաղաքական բարդությունների, նաև բարոյական բարդության առաջ: Եվ այդ հանգամանքը ներկայիս փուլում էլ յուրօրինակ ձևով է արտահայտվում արդեն այն տեղեկության ֆոնին, որ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն ներկայացված մեղադրանքի առումով հայտնել է ԱԱԾ-ն՝ մոտ 2 միլիարդ դրամի հարկային պարտավորություն թաքցնելու հետ կապված:

Այս նախկին ներհամակարգային հարաբերությունների խնդրից դուրս՝ իրողությունն իհարկե հանրային տիրույթում առաջացնում է հարցը, որ վարչապետ Փաշինյանն արդեն խորհրդարանի արտահերթ ընտրությանը շոշափեց՝ բարձրաձայնելով պետությանը նվիրաբերելու Սաշիկ Սարգսյանի հայտնած ցանկությունը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հանրայնորեն որոշվի, թե ինչքա՞ն փողի վերադարձի դեպքում է հանրությունը ներում վերադարձնողին:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ խոսքը կարող է լինել յուրացրած փողի և ռեսուրսների 99 տոկոսի մասին: Դա էր նա անուղղակի առաջարկում որպես ներման շեմ: Արդյո՞ք Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոնով մոտեցել է այդ շեմին, թե՞ դեռ շատ է հեռու:

Համենայնդեպս, հաշվի առնելով նրա գործունեության մասին հանրային և մեդիա գնահատականները՝ նախկին իշխանության շրջանում 18,5 միլիոնը ամենևին մոտ չի թվում ներման շեմին, և Սաշիկ Սարգսյանը ներման ճանապարհին դեռ շատ քայլեր ունի անելու: Բայց, իհարկե, ոչ միայն նա:

1in.am

(Visited 108 times, 1 visits today)