Տեր-Պետրոսյանի առաջարկը Նիկոլ Փաշինյանին. ե՞րբ կկայանա գործարքը

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է փոխել աղքատի հոգեբանությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է փոխել Սահմանադրությունը։ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս երկու առաջարկությունների միջև կա օրգանական, դիալեկտիկական կապ. մինչ հանրությունը զբաղված կլինի սեփական հոգեբանության փոփոխությամբ, իշխանությունը ու իշխանությանն առաջարկ ներկայացնողները զբաղված կլինեն ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությամբ՝ հանուն հասարակության, բնականաբար։ Իշխանությանն անհրաժեշտ է հանրության զբաղվածությունը, որպեսզի իշխանությանը շատ հարցեր չհղվեն ու շատ պահանջներ չներկայացվեն։

Եվ ուրեմն, ՀԱԿ-ը, իմա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանին առաջարկում է փոխել Սահմանադրությունն ու մեկ տարվա ընթացքում անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգի։ Անցում կատարել ու անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։

Հասկանալի է՝ երաշխավորված հաղթանակով։ Հասկանալի է՝ այլ, հատկապես արտախորհրդարանական ուժերի, հաստատապես՝ այդ առաջարկը ներկայացրած ՀԱԿ-ի մասնակցությամբ։ Ինչպես կարձագանքի Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, այս պահին դժվար է ասել։ Ոչ Նիկոլ Փաշինյանի, սակայն նրա թիմակիցներից Լենա Նազարյանի կողմից արդեն իսկ հնչել է կարծիք, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Որքան հեռուն կգնա այդ անհրաժեշտությունը, կառնչվի՞ արդյոք երկրի կառավարման կարգին, ցույց կտա ժամանակը։ Այն ժամանակը, որի երկարաձգումն այդքան անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին՝ իրական գործողություների ու քայլերի բացակայության պայմաններում։ Հենց ժամանակն է այն անկյունաքարը, որը կարող է Նիկոլ Փաշինյանին ստիպել անսալ Տեր-Պետրոսյանի առաջարկին, քանի որ դրա ընդունումն ու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը բավական երկարատև ժամանակահատված կարող է ընդգրկել։ Դա հնարավորություն կտա քաղաքական իրական օրակարգը փոխարինել կեղծ օրակարգով և հանրային ողջ ուշադրությունն ու ակնկալիքների ողջ չափաբաժինն ուղղել այդ հարցին։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անձնական հավակնություններին, ապա նա, ըստ ամենայնի, դեմ չի լինի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո զբաղեցնել նաև նախագահի պաշտոնը, հատկապես որ կիսանախագահական կառավարման համակարգում այն նույնպես գերլիազորություններով է օժտում նախագահին։ Այս գործարքը՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու ՀԱԿ-ի առաջարկը վերջինիս ռեաբիլիտացվելու և ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու հնարավորություն կարող է տալ։ Նիկոլ Փաշինյանի համար այս առաջարկը կարող է գրավիչ լինել մեկ այլ առումով ևս. կիսանախագահական համակարգին անցում կատարելու դեպքում կլուծարվի նախագահի՝ այսօր գործող պաշտոնը, այսինքն՝ կլուծվի Արմեն Սարգսյանի խնդիրը. Նիկոլ Փաշինյանը նրան վերաբերվում է որպես մրցակցի և դեմ չի լինի սահմանադրական փոփոխությունների անվան տակ չեզոքացնել նրան։

Սահմանադրական փոփոխությունների թեման արհեստականորեն հրապարակ է բերվում ոչ միայն ՀԱԿ-ի կողմից։ Արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր՝ ԱԻՄ-ը, Կառուցողական կուսակցությունը, քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ խոսում են սահմանադրական փոփոխությունների մասին։ Ամեն մեկը, բնականաբար, խոսում է իրեն հարմար տեսանկյունից ու իրեն համապատասխան փոփոխությունների մասին։ Ով ինչ է առաջարկում, այնքան էլ էական չէ։ Էականն այն է, որ այդ առաջարկներով ձևավորվում է կեղծ օրակարգ՝ երկրորդական, երրորդական պլան մղելով իրական, Հայաստանի զարգացմանն անհրաժեշտ օրակարգերը։ Հայաստանին եթե անգամ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, ապա գործող՝ խորհրդարանական կառավարման կարգ ենթադրող Սահմանադրության բարելավումների նպատակով միայն։

Հայաստանին որևէ դեպքում պետք չէ սահմանադրական կարգի փոփոխություն, առավել ևս, եթե այդ փոփոխությունը պետությանը վերադարձնելու է անցյալի ավտորիտար ժամանակներ։ Ուշագրավ է ի դեպ, որ խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ն ընդհանրապես չի խոսում Սահմանադրության փոփոխությունների մասին, «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է բարեփոխումների փաթեթ ներկայացնել գործող Սահմանադրության բարելավումների համար, որը չի ենթադրելու կառավարման կարգի փոփոխություն։ Այսինքն՝ խորհրդարանական ուժերի դիրքորոշումները ևս վկայում են այն մասին, որ սահմանադրական կարգի փոփոխություն ենթադրող օրակարգը կեղծ է, և անթույլատրելի է հասարակությանը ներքաշել այդ՝ որևէ տեղ չտանող քննարկումների հորձանուտ։

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

(Visited 92 times, 1 visits today)