Գագիկ Ծառուկյանը հրաժարվե՞լ է. Կարեն Կարապետյանի վերադարձը

Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը մեկնում է Սոչի, սակայն բավական հնչեղ տեղեկատվական ազդագրից հետո ԲՀԿ նախագահի այցը հայաստանյան տեղեկատվական դաշտում կարծես թե չունեցավ համարժեք հնչեղ լուսաբանում, գոնե առայժմ:

Գագիկ Ծառուկյանին ուղղված հրավերը պայմանավորված էր Սոչիում տեղի ունենալիք ներդրումային համաժողովով, որը լինելու էր փետրվարի 15-17-ը: ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը նախօրեին հայտարարել էր, որ ԲՀԿ առաջնորդը Սոչիում հանդիպումներում բարձրացրել է ԵՏՄ միասնական տնտեսական տարածության արդյունավետության հարցը:

Համարձակ հայտ է իհարկե, եթե ԲՀԿ առաջնորդը խոսել է նաեւ միասնական էներգետիկ շուկայի անհրաժեշտության մասին, որը կչեզոքացնի մյուս անդամների նկատմամբ ՌԴ առավելությունն ու կապահովի հավասարություն:

Այդուհանդերձ, հաշվի առնելով տպավորիչ ազդագիրը, որն ի դեպ հնչեց խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը զուգահեռ, որտեղ ԲՀԿ-ն բավականին զուսպ էր, եւ բանավիճում էին առավելապես Իմ քայլն ու Լուսավոր Հայաստանը, Սոչի այցի մասին տեղեկատվական հաշվետվությունը հայկական մեդիադաշտում կարծես թե բավական համեստ է:

Արդյոք չեն եղել այլ, այսպես ասած քաղաքական բնույթի շփումներ, հնչեղ ազդագրին համարժեք: Հատկանշական է նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը Սոչի մեկնելուց առաջ հայտարարել էր, որ տնտեսական հեղափոխության համար փող է պետք, այդպիսով ակնարկելով, որ ինքն ունի այն, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին: Իհարկե, գրեթե համաժամանակ եղավ «պատասխան»՝ իրավապահները հայտարարեցին, որ Ծառուկյանի թիկնազորի պետ, պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն:

Սոչի մեկնելուց առաջ ԲՀԿ նախագահի ինֆորմացիոն մարտավարությունը միտված էր նրան, որ Փաշինյանը նայի հետեւից, սակայն իրավապահների պատասխանից ստացվեց, որ Ծառուկյանը Սոչի էր մեկնելու մի «աչքով հետ նայելով»:

Արդյոք Պուտինի հրավերով Սոչի այցելության քաղաքական էֆեկտը բավարար չի եղել, եւ դրանով է պայմանավորված հաջորդող տեղեկատվության համեստությունը, ազդագրին համարժեք հնչեղ շարունակության բացակայությունը: Իսկ գուցե Ծառուկյանն այնտեղ պարզել է, որ հրավիրել են Պուտինի անունից, բաց ոչ Պուտինը: Եւ գուցե  Գագիկ Ծառուկյանն այդ պատճառով հրաժարվել է դերից, որ առաջարկվել է նրան՝ աչքի առաջ շատ հստակ ունենալով պատմությունը, որ հանգեցրեց 2015 թվականի փետրվարի:

Նրա հրաժարվելուց հետո՞ է օրինակ Երեւան  վերադարձել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ի դեպ՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ միեւնույն չվերթով: Մամուլը տեղեկություն էր հրապարակել, որ նա հանդիպումներ է ունեցել նախկին իշխանության որոշ շրջանակների հետ՝ այն էլ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի ամառանոցում:

lragir.am

(Visited 444 times, 1 visits today)