Պուտինը խոսեց. երկու ուղղություն Հայաստանի համար

Ռուսաստանում Պետդումայի վերին պալատում հնչել է այդ երկրի նախագահ Պուտինի ամենամյա ուղերձը, որը, սակայն, այս տարի տարբերվել է նախորդներից իր ընդգծված ներքին բնույթով, սոցիալ-տնտեսական հարցերի վրա կենտրոնացվածությամբ:

Այդ հանգամանքը ամենևին զարմանալի չէ՝ նկատի ունենալով ՌԴ այն տնտեսական խնդիրները, որ կուտակվում են արևմտյան պատժամիջոցների քաղաքականության արդյունքում, երբ ի լրումն դրա՝ նաև Ռուսաստանը ստիպված էր սպասարկել ուղղակի թե անուղղակի երկու մեծածավալ ռազմարշավ՝ ուկրաինական և սիրիական: Դրանց ուղղությամբ Մոսկվան անցնող տարիներին ծախսել է տարեկան միլիարդավոր դոլարներ՝ այն դեպքում, երբ պատժամիջոցները էապես թուլացրել են ՌԴ տնտեսական ներուժը, իսկ նավթի գինն էլ արձանագրել զգալի նվազում: Հենց դա է պատճառը, որ Պուտինը հայտարարում է այն մասին, թե իրենց խաղաղություն է պետք:

Russian President Vladimir Putin shakes hands with Armenian Prime Minister Nikol Pashinyan during their meeting in Sochi, Russia May 14, 2018. Sputnik/Mikhail Klimentyev/Kremlin via REUTERS

Առաջին հայացքից այդ ֆորմալ ձևակերպումն իրականում հատկանշական կետ է, քանի որ որևէ նոր պատերազմ Մոսկվայի համար լինելու է հավելյալ միլիարդավոր դոլարների հոսք՝ դրանց, այսպես ասած, ներհոսքի բացակայության կամ խիստ սահմանափակվածության պայմաններում: Սա էլ իր հերթին առաջ է բերում մեկ այլ կարևոր կետ: Պուտինն անկասկած արդեն իսկ «ոտքով ու գլխով» մի հարցի մեջ է՝ ինչ անել իշխանությունը 2022 թվականից հետո, երբ ավարտվում է նախագահական երկրորդ գալստյան երկրորդ ժամկետը, և ըստ Սահմանադրության՝ չկա առաջադրման հնարավորություն: Ինչպե՞ս է շարունակելու Պուտինը: Մի բան թերևս հստակ է, որ հնարավոր չէ կրկնել Մեդվեդևի հետ փոխատեղումը՝ թեկուզ այլ անձի մասնակցությամբ: Դա այլևս սպառված տեխնոլոգիա է, ինտրիգ չպարունակող: Պուտինին պետք է ինտրիգ, դա թույլ է տալիս կառավարել ռուսական առանձնահատուկ մտածողությամբ հանրությունը:

Այստեղ է, որ խաղաղության անհրաժեշտության արձանագրումը շատ էական է, որովհետև հանրային մտածողությունը կառավարելու մի ձև էլ արտաքին թշնամին ու պատերազմն են՝ հատկապես մեծապետական գիտակցությամբ ռուսական հանրության համար, որը հաց չի ուտի, բայց հրթիռով կհպարտանա: Մյուս կողմից, սակայն, ժամանակը և տեխնոլոգիաներն են փոխվում, ըստ այդմ՝ փոխվում է կյանքի հանրային ընկալումը, հանրությունը: Եվ այս իմաստով էլ ավելի ու ավելի բարդ է պատերազմով հանրություն կառավարելը, և այս հանգամանքը բերում է մտքին, որ ելքերը պետք է փնտրվեն ՌԴ ներքին դաշտում, ինչն էլ Պուտինի ուղերձը կենտրոնացնում է ներքին իրողությունների վրա:

Սա իր հերթին Հայաստանի համար ունի երկու դիտարկման ուղղություն կամ երկու հիմնական դիտարկման ուղղություն: Ինչպիսի տրանսֆորմացիաներ կարող են լինել ռուսական ներքին կյանքում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, և դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար կամ ինչ հնարավորություն կարող են բացել: Այստեղ պետք է դիտարկել ամենատարբեր սցենարներ՝ հաշվի առնելով, բնականաբար, այն հանգամանքը, որ Ռուսաստանում ապրում է մեր մոտ 2,5 միլիոն հայրենակից՝ դրանից բխող արդեն բազմաթիվ խնդրահարույց ճյուղավորումներով:

Ներքին փոփոխությունները ինչպես կառնչվեն նրանց, ըստ այդմ՝ նրանց ինչ վարքագիծ կթելադրեն, այն ինչպես կպրոյեկցվի Հայաստանի վրա: Սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ պետք է մանրակրկիտ հետազոտական աշխատանք:

Ի վերջո, եթե Ռուսաստանում սկսվում է ներքին ռեֆորմացիայի որոշակի փուլ՝ թեկուզ և իհարկե պուտինյան մամլիչի տրամաբանության ներքո, ապա այստեղ հայկական համայնքը կարող է տեսնել նաև սեփական դերակատարում և ըստ այդմ՝ նաև այդ միջոցով առանձնահատուկ դիվիդենդներ Հայաստանի համար, եթե, իհարկե, կա դրան ունակ կամքով ու պոտենցիալով, ինտելեկտով համայնքային վերնախավ, ինչը առնվազն այս պահին մեծ հարց է:

Մյուս հանգամանքը այն է, որ եթե Ռուսաստանը կենտրոնանում է ներքին խնդիրների վրա, արդյո՞ք դա կարող է բերել նրան, որ թուլանա նրա ուշադրությունը Կովկասում: Ինչի՞ կարող է հանգեցնել դա: Այստեղ, սակայն, պետք է նկատի առնել, որ Կովկասը Մոսկվան դիտարկում է ոչ թե զուտ շահերի գոտի, այլ կենսական գոտի՝ լավ պատկերացնելով, որ դա հարավից դարպասն է, և այն բաց թողնելու դեպքում Հյուսիսային Կովկասը առնվազն հայտնվելու է թեժ գործընթացների ծիրում: Ըստ այդմ՝ Կովկասի խաղաղությունը մեծ հավանականությամբ առաջնահերթություն է Մոսկվայի համար, և սա կարող է լինել լրացուցիչ զսպող գործոն մասնավորապես Արցախյան խնդրում Ադրբեջանի համար:

Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ Հայաստանը պետք է դույզն իսկ նվազեցնի վտանգի գնահատման աստիճանը և պատերազմին պատրաստ լինելու մակարդակը կամ դույզն իսկ թուլացնի այն բարձրացնելու տեմպը: Պարզապես այստեղ կարող է բացվել դիվանագիտական, քաղաքական հավելյալ աշխատանքի դաշտ, այդ թվում նաև՝ Արևմուտքի հետ, ինչը պետք է օգտագործել ոչ միայն մարտավարական ռեժիմում:

1in.am

(Visited 98 times, 1 visits today)