Նիկոլ Փաշինյանի «հունձը»

«Ոչ մի կաշկանդվածություն քաղաքական առումով չունենք, կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ՝ մի քայլ, հնձել, բայց դրա արդյունքում կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներ, նույնիսկ ամենաէֆեկտիվ կառավարման դեպքում հնարավոր չի լինի հաղթահարել:

Պետական կառավարման համակարգը և պետությունը զգայուն է մարդու օրգանիզմի նման, և այնտեղ ճիշտ չախտորոշված բուժումներ նշանակելը կարող է բերել մահացու հետևանքների»,- այսօր կառավարության նիստի ընթացքում խոսելով պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին , հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա միանգամայն ճիշտ է, նրա հայտարարությունն ամբողջությամբ տեղին է և ոչինչ հնարավոր չէ հակադրել։ Այո, պետական կառավարման համակարգը շատ զգայուն է և ցանկացած չմտածված քայլ պետական կառավարման համակարգը կարող է հասցնել ցնցումների, անդառնալի հետևանքների։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ այս՝ միանգամայն իրավացի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն անում է այն բանից հետո, երբ արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել կառավարության նոր կառուցվածքի վերաբերյալ։ Դրանով, հիշեցնենք, գործող 17 նախարարությունների փոխարեն նախատեսված են 12 նոր նախարարություններ։

Մինչև այս պահն առկա տեղեկություններից դատելով, օպտիմալացվող նախարարությունների կրճատումն ու միացումը այլ կառույցների կատարվել է գրեթե մեխանիկորեն, առանց դրանց գործառութային նշանակությունները հաշվի առնելու։ Ամենաշատ քննադատության արժանացած փոփոխությունները վերաբերում են Սփյուռքի և մշակույթի նախարարությունները կրթության և գիտության նախարարության կառուցվածքում ընդգրկելու որոշմանը, տակավին անհայտ է Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող էներգետիկայի նախարարության ապագա ճակատագիրը, խնդրահարույց է նաև այլ նախարարությունների կրճատումն ու միացումը գրեթե կապ չունեցող այլ նախարարություններին։ Կառավարությունը, իհարկե, առայժմ չի ներկայացրել կառավարության կառուցվածքի օպտիմալացման հիմնավորումները, թեև, դատելով այս թեմայով իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններից, հիմնավորումներ՝ որպես այդպիսին կամ չկան, կամ կան ձևականորեն։ Գուցե մենք դրանք կլսենք ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշում է կայացրել կատարելու այն, ինչը, նրա այսօրվա հայտարարությունների համաձայն, կարող է կործանարար հետևանքներ ունենալ պետական կառավարման համակարգի համար։

Ու ստացվում է, որ անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր հայտարարությամբ հերքում էր ինքն իրեն կամ քննադատում էր իր իսկ կայացրած քաղաքական որոշումը։ Քանի՞ տարի է անհրաժեշտ լինելու պետական կառավարման համակարգի՝ առաջիկայում ապրելիք շոկը հաղթահարելու համար, դժվար է ասել։ Ակնհայտ է, սակայն, որ այդ շոկը լինելու է և այն ունենալու է զգալի սոցիալ տնտեսական հետևանքներ։

Պետական կառավարման համակարգն իսկապես շատ զգայուն համակարգ է և դրա գործունեությունը կարգավորվում է ոչ միայն ֆորմալ կանոններով՝ օրենքներով ու այլ իրավական ակտերով, այլ նաև ավանդույթի ուժով, այդ համակարգի ներքին տրամաբանությունից բխող կառավարչական մշակույթով։ Հիմա իշխանությունն իսկապես գերանդիով հնձում է պետական կառավարման համակարգը՝ վերացնելով նշված բոլոր ինստիտուտները։ Գուցե ինչ-ինչ հաշվարկներով դա արդարացված է, գուցե կան օպտիմալացման հիմնավորումներ։ Սակայն գործնական կյանքում շատ դժվար է լինելու պետական կառավարման նոր համակարգի ադապտացման գործընթացը։ Դրա համար պահանջվելու են ամիսներ, եթե ոչ տարիներ։ Իսկ այդ ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որն անհրաժեշտ է՝ ինչպես իշխանությունն է ասում՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու, տնտեսության մեջ իրական գործ անելու և տնտեսական աճ ապահովելու համար։ Եվ ուրեմն, գործի փոխարեն կամ մինչև այդ նոր կառուցվածք ունեցող պետական կառավարման համակարգը դեռ պետք է հարմարվի նոր իրողություններին, նոր միջավայրին ու նոր Հայաստանին։ Տնտեսական աճը փաստորեն պետք է սպասի։ Ինչպես որ պետք է սպասեն այդ աճին սպասող քաղաքացիները։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 58 times, 1 visits today)