Քա՞ր, թե՞ հիմնաքար. ինչ է անելու վարչապետը Մարտի 1-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Մարտի 1-ին հերթական տարելիցի առիթով երթ անելու մասին՝ միաժամանակ ազդարարելով, որ այդ օրը հանրությանը կդիմի նաև ուղերձով: Ի՞նչ բնույթ է ունենալու ուղերձը՝ վարչապետը փակագծերը չի բացել: Տրամաբանությունը հուշում է, որ ուղերձը վերաբերելու է Մարտի 1-ի ողբերգությանը, սակայն միևնույն ժամանակ հանրահայտ է, որ այդ ողբերգությունը իր քաղաքական ահռելի ազդեցությունն է թողել Հայաստանի ներքին ու արտաքին կենսագործունեության հետագա տասնամյակի վրա:

Անշուշտ ապարդյուն է մտավարժանք անել, թե ինչպիսին կլիներ Հայաստանը, եթե չլիներ Մարտի 1-ը, կամ եթե Մարտի 1-ին չլինեին զոհեր: Մենք ունենք եղած փաստ ու եղած ազդեցություն, որը թավշյա հեղափոխությունից հետո արդեն ստացել է բոլորովին նոր երանգ ու բնույթ, սակայն շարունակում է ունենալ այդ ազդեցությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով: Ու դեռ կունենա, քանի դեռ հարցը փակված չէ իրավականորեն:

Սակայն ինքնին հարց է նաև, թե արդյո՞ք կա երաշխիք, որ հարցն իրավականորեն փակելու դեպքում դրա քաղաքական ազդեցությունը պետական և հանրային հետագա ընթացքի վրա կդադարի: Այդպիսի երաշխիք ոչ միայն չկա, այլև թերևս վստահաբար կարող ենք պնդել, որ անգամ որևէ իրավական հանգուցալուծման դեպքում տեղի ունեցածի քաղաքական ազդեցությունը պահպանվելու է, և այն չի դադարելու լինել ներքաղաքական շրջանառության առարկա և ըստ այդմ՝ նաև որոշակի արտաքին ներառության գործոն: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանում չկա ինստիտուցիոնալացված քաղաքական կյանք, համակարգ, չկան ձևավորված ավանդույթներ և այդ ամենի հանդեպ հանրային վստահություն: Այդ իմաստով Մարտի 1-ը մի ավելի խորը խնդրի մի կետ է, որը, սակայն, ամենևին հատակը չէ: Հենց բանն էլ այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը նման է անհատակ մի ջրհորի, որտեղ կսուզվի այն, ինչ նետես, ու ջրհորը երբեք չի լցվի, որպեսզի այլևս անհնար լինի որևէ բան նետել, և այդ պրոցեսը դադարի:

Ինչպիսին է լինելու Մարտի 1-ին այդ ողբերգության տարելիցի առումով վարչապետ Փաշինյանի հանրային ուղերձի բովանդակությունը: Այն լինելու է անհատակ ջրհորը նետվող հերթական մի քա՞ր, թեկուզ լավագույն մղումներով նետված, թե՞ լինելու է քար, որը կդրվի Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի հատակ ձևավորելու հիմքում, որի վրա ի վերջո հնարավոր կլինի կանգնել և դադարեցնել մեր պետական ու հանրային զարգացման ճանապարհին անընդհատ արգելակող քարանետումը կամ քարաթափումը:

Այդ իմաստով հատկանշական է Փաշինյանի արձանագրումը, որ Մարտի 1-ին երթով հիշատակի տուրք կմատուցվի այդ ողբերգության զոհերին և «ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին»: Սա կարող է լինել կարևորագույն մեկնակետ մարտիմեկյան ողբերգությունը զուտ ներքաղաքական շրջանառության առարկայի կարգավիճակից քաղաքակրթական տողատակ բերելու ուղղությամբ, երբ այդ օրը Հայաստանը կդատապարտի ընդհանրապես բոլոր տեսակի քաղաքական բռնությունները՝ համաշխարհային մակարդակում: Սա կլինի կարևոր քայլ հասարակական-քաղաքական կյանքի հատակ ձևավորելու ուղղությամբ, որի վրա Հայաստանը կկարողանա կանգնել և բարձրանալ:

Ի վերջո, Մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակին լավագույն և անբեկանելի տուրքը կարող է լինել այն, որ Մարտի 1-ը դառնա Հայաստանի արժեհամակարգային, քաղաքակրթական վերելքի հիմնաքարերից մեկը, վերելք, որի ակնկալիքով էին քաղաքացիական պայքարի դուրս եկել նաև այդ օրը ողբերգության զոհերը: Հիմնաքար հանրության ու պետության ձեռքին, ոչ թե քար, որ ամենատարբեր շարժառիթներով ամենատարբեր շահառուներ կարող են նետել հանրության ու պետության վրա մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառումով:

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

(Visited 63 times, 1 visits today)