Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի շահերը համընկել են

«ՀԱՊԿ-ը 2019 թվականին հնարավոր է մնա առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումն այս պաշտոնում հետաձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով:

ՀԱՊԿ-ում համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինի, և այդ պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը»,- գրում է ռուսական «Коммерсант»-ը: Պարբերականին Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև 2020-ի սկիզբ ՀԱՊԿ-ը կղեկավարի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը: «Նշանակումն ակնկալում ենք հաջորդ տարի: Կազմակերպությունում կոլապս և հոգեբանական անկայունություն չկա, այն աշխատում է օրակարգին համապատասխան»,- ասել է ՀԱՊԿ-ին մոտ գտնվող «Коммерсант»-ի զրուցակիցը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն այսպիսով շարունակում է չլուծված մնալ։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր է մնացել 2018 թ. հուլիսից՝ երբ Հայաստանը այդ պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի հետկանչի գործընթաց սկսեց. Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ի գործով։ Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը քվոտայով մինչև 2020 թվականը պատկանում է Հայաստանին։ Այն Հայաստանին տրամադրելու հարցը գրեթե փակված կարելի է համարել, թեև փորձագիտական շրջանակներում կա կարծիք, որ ռուս-բելառուսական հակասությունների պատճառով Ռուսաստանը կարող է պաշտպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին տրամադրելու որոշումը։ Սակայն այդ դեպքում կառաջանա Բելառուսի ու Ղազախստանի դիրքորոշման հարցը, որոնք երկուսն էլ դեմ կքվեարկեն Հայաստանի ներկայացուցչին։ Այսպիսով, եթե կարելի է փակված համարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին հատկացնելու հարցը, ապա միանգամայն բաց է այդ պաշտոնում Բելառուսի կամ որևէ այլ երկրի թեկնածուի հաստատման հարցը։ Հայաստանը օգտագործում է վետոյի իր իրավունքը և, ըստ ռուսական պարբերականի հրապարակման, շարունակելու է այդպես վարվել։

Ընդհանրապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը որոշակի իմաստով կատալիզատորի դեր խաղաց մի կողմից հայ-ռուսական, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում։ Սկզբնական փուլում թվում էր, թե Հայաստանը տեղի է տվել ռուսական ճնշումներին և համաձայնելու է ցանկացած տարբերակի, որը կպաշտպանի Ռուսաստանը։ Սակայն նաև ռուս-բելառուսական լարվածության պատճառով Հայաստանը կարողացավ օգտագործել վետոյի իր իրավունքը և արգելափակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Զասի նշանակման հարցը։ Հիմա Հայաստանի խնդիրն է շարունակել այդ քաղաքականությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում։ Ընդ որում, Հայաստանը պետք է շարունակի խաղալ Պուտին-Լուկաշենկո հարաբերությունների վրա՝ դրական իմաստով օգտագործելով Պուտինի աջակցությունը այս հարցում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, այսպիսով, շահերի օբյեկտիվ համընկման հիման վրա առաջացել է հայ-ռուսական տանդեմ. Ռուսաստանին ևս ձեռնտու է այս իրավիճակը, քանի որ մինչև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը այդ պաշտոնը զբաղեցնելու է Ռուսաստանը ներկայացնող Վալերի Սեմերիկովը։ Հայաստանին այս իրավիճակը ձեռնտու է երկու իմաստով։ Նախ՝ Հայաստանի համար հեղինակության հարց է, որպեսզի մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չընտրվի որևէ երկիր ներկայացնող թեկնածու, եթե պաշտոնը չի տրվում Հայաստանին։

Մյուս կողմից՝ կոնկրետ Բելառուսը ներկայացնող Ստանիսլավ Զասի թեկնածությունը Հայաստանի համար ձեռնտու չէ այդ երկրի՝ ադրբեջանամետ քաղաքականության պատճառով։ Հատկապես Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին խոսակցությունների ֆոնին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ստեղծված իրավիճակը կարելի է համարել ոչ այնքան հարթ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության քիչ դրսևորումներից մեկը։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի շահերը համընկել են։

1in.am

(Visited 47 times, 1 visits today)