Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումները շարունակում են մնալ տեղական և միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում։ Մի կողմից ողջունվեցին Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Մամեդյարով-Մնացականյան ձևաչափով հանդիպումները, մյուս կողմից էլ՝ նկատելի էր այդ հանդիպումների շուրջ որոշակի մտահոգություն՝ առ այն, որ երկարատև այդ զրույցները ենթադրում են ինչ-որ պայմանավորվածություն։

Սպասվում էր, որ Մամեդյարով-Մնացականյան հերթական հանդիպումը տեղի կունենա Մյունխենում, քաղաքագետները նույնիսկ նշում էին, որ դրանից հետո կհստակեցվի ավելի բարձր՝ նախագահների մակարդակով հանդիպման ժամանակը, սակայն երկու երկրների արտգործնախարարների հանդիպում տեղի չունեցավ։ Ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը՝ դա օրակարգով նախատեսված չէր։ Հարկ է նաև ընդգծել, որ այս ընթացքում՝ փետրվարի 10-16 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Արցախի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու միայն իմիտացիա. «Կա ընդամենը պարզ տեղեկատվական մանիպուլյացիաներ, գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա և ոչ ավելին… Ակտիվություն ասվածն իր մեջ ենթադրում է զորքերի ակտիվ տեղաշարժ, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ, տարբեր խմբերի՝ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայություն առաջնագծում: Էլ չեմ ասում, որ ակտիվություն ասվածը նաև ենթադրում է քաղաքական հայտարարություններ, քարոզչություն, տեղեկատվական ապահովում և այլն»:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համաձայն է այն մոտեցման հետ, որ Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու միայն իմիտացիա։ «Ալիևը վարում է ալիևյան քաղաքականություն։ Նա Եվրոպայի կամ ԱՄՆ-ի առաջ փորձում է երևալ որպես խաղաղասեր և, իբրև թե, պատրաստակամ գնալ կոնֆլիկտի կարգավորմանը, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե ուշադիր հետևեք իրենց քաղաքական գծին, ապա կտեսնեք միայն ռազմատենչ, միլիտարիստական քաղաքականություն։ Նրանք չեն հրաժարվում այն բոլոր կոնցեպցիաներից, որ կան այդ փաստաթղթերում, իրենց բանավոր և գրավոր հայտարարություններում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանն ընդգծեց. «Նույնիսկ եթե դիվանագիտությանն ենք անդրադառնում՝ իրենց մոտ հղում կա միայն Մադրիդյան սկզբունքներին և ուրիշ ոչ մի բան։ Այսինքն՝ ասում են՝ հողերը տվեք, իսկ թե դիմացը ինչ կստանաք՝ Աստված գիտի»։

Ըստ մեր զրուցակցի՝ Բաքվի ուզածն այժմ խաղաղասիրության ֆոն ստեղծելն է. «Որովհետև հիմա աշխարհաքաղաքական բարդ իրադրություն է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Ադրբեջանը չի ուզում երևալ որպես ագրեսոր, բայց միջազգային հարթակներում անում են ամեն ինչ, որ Հայաստանը ներկայացնի որպես օկուպանտ և ասեմ ձեզ՝ դա իրենց հաջողվում է, թեպետ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Մենք հաղթելով պատերազմի դաշտում՝ տանուլ տվեցինք ինֆորմացիոն դաշտում, այսինքն՝ դարձանք ագրեսոր, որ հողեր է գրավել և իբր փախստականներին տնից հանել։ Այս ամենը քաղաքական բլեֆ է և ուրիշ ոչ մի բան։ Եթե լինի այնպես, ինչպես իրենք են թելադրում, ապա մենք կկորցնենք Ղարաբաղը»։

Արման Նավասարդյանը նաև չի կարծում, թե Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի չի ունեցել արարողակարգում նախատեսված չլինելու պատճառաբանությամբ. «Դիվանագիտության մեջ հանդիպել-չհանդիպելը իր հետևում ունի քաղաքական պատճառներ»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը բավականին երկար ժամանակ է իմիտացիա անում, թե բանակցում է. «Իսկ իրականում Ադրբեջանը կոնկրետ պատրաստվում է ռազմական գործողությունների։ Ալիևը հենց այնպես ահռելի քանակությամբ զենք չի գնում և դրա ապացույցը Ապրիլյան կարճատև պատերազմն է։ Մի ասացվածք կա, որ արդիական է նաև այս հարցի շուրջ՝ պատից կախված հրացանը մի օր կկրակի»։

Ըստ նրա ՝ադրբեջանական կողմն այս տարիները օգտագործել է իր բարոյալքված բանակը կառուցելու համար. «Եվ մեզ էլ պարտադրեց սպառազինությունների մրցավազք, ինչի հետևանքը եղավ Ապրիլյան կարճատև պատերազմը։ 2016-ից հետո ոչինչ չի փոխվել, իրենց ձեռք բերած զենքը հիմնականում հարձակվողական է։ Վերջերս էլ Իսրայելից մեծ քանակության անօդաչու թռչող սարքեր ձեռք բերեց, հիշեցնեմ, հենց դրանք Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակին մեծ վնաս հասցրին»։

Համբարյանը հավելեց՝ Իլհամ Ալիևը երբեք չի թաքցրել իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ «Ադրբեջանի համար չկա տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը։ Ադրբեջանական կողմը շատ վաղուց է նախապատրաստվում պատերազմի. «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հիմա նույն բանը չի կրկնվելու։ Հենց Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը կանգնած չէ Հայաստանի կողքին, որևիցե մեկն ադրբեջանական կողմի ագրեսիան չդատապարտեց։ Հիմա էլ պետք չէ հավատալ նրանց խաղաղության իմիտացիային»,- եզրափակեց Համբարյանը։

(Visited 429 times, 1 visits today)