Գայթակղությունը ճակատագրական կլինի. զգուշացում Բաքվին

Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի փետրվարի 21-ին տարածած տեղեկությունը հայկական անօդաչու սարքի խոցման մասին: Ընդ որում, հերքման հաղորդագրության մեջ նկատվում է, որ Բաքուն տեղեկությունը տարածել է Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջան այցին զուգահեռ:

Համանախագահների եռյակը դրանից առաջ Երեւանում էր: Ռեգիոնալ այցի մանրամասները սուղ են, թեեւ ըստ տարածված տեղեկությունների` համանախագահները փորձում են կազմակերպել Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Մինչ այդ Դուշանբեում եւ Դավոսում տեղի ունեցած երկու հանդիպումները եղել են ոչ ֆորմալ:

Դավոսից հետո Ադրբեջանի նախագահ Ալիեւը մի քանի օր անց վերհիշեց ռազմական հռետորաբանությունը, հայտարարելով, թե Բաքուն ունի բանակցային եւ ռազմական առավելություն եւ հարկ եղած դեպքում հարցը կլուծի զենքով:

Դավոսի հանդիպումից հետո Հայաստանում արձագանքները ուշագրավ էին: Փաշինյանի ընդդիմախոսները մեջբերում էին լուսանկարների կամ տեսանյութի պատկերի վրա կառուցված դատողություններ, մատնացույց անելով Ալիեւի ինքնագոհ կեցվածքը:

Մինչդեռ, Դավոսից հետո ռազմական հռետորաբանության վերադառնալով, Ալիեւը մատնեց իր դժգոհությունը, ոչ թե ինքնագոհությունը: Որովհետեւ, եթե գործընթացում նրա համար ամեն ինչ գնում էր այն ժպիտն ու գոհ կեցվածքն առաջացնող տրամաբանությամբ, որ նա փորձել էր կիրառել տեսախցիկների առաջ Շվեյցարիայում, ապա հարց է առաջանում, թե Ադրբեջանի նախագահն ինչու՞ պետք է ավելորդ ռազմական հռետորաբանությամբ անիմաստ հակազդեցություն խթաներ այդ գործընթացի հանդեպ: Կլռեր եւ կբավարարվեր միայն ինքնագոհ կեցվածքով:

Բայց Ալիեւն անցավ ռազմատենչության, ինչն այլ բան չէր, քան շանտաժի փորձ՝ ռազմական շանտաժի վերականգնման փորձ: Եվ դա այն հստակ ուղերձների ֆոնին, որ Բաքուն ստացավ համանախագահ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից: Դավոսից մեկ շաբաթ անց նրան էր զանգահարել Ջոն Բոլթոնն ու նշել, որ ԱՄՆ աջակցում է խաղաղ գործընթացին, իսկ նույն օրերին էլ Երեւանում ՌԴ արտգործնախարարի տեղակալ Կարասինն էր հայտարարել, որ միջազգային հանրությունն ունի ռազմական լուծման փորձ թույլ չտալու կոնսենսուս: Դրանք ուղերձներ էին Բաքվին:

Ադրբեջանին օգնության հասավ Իսրայելը, հայտարարելով մարտական անօդաչուների վաճառքի արտոնագիրը վերականգնելու մասին: Այդ հայտարարությունը հաջորդել էր վարչապետ Փաշինյանի Գերմանիա այցին, որտեղ Անգելա Մերկելը խիզախ էր որակել Փաշինյանի քաղաքականությունն Արցախի հարցում, իսկ նույն այցի ընթացքում էլ Հայաստանի վարչապետը հայտարարել էր փետրվարի 27-ին Իրան այցելելու մտադրության մասին:

Մեկ շաբաթ անց էլ Հայաստանը հայտարարեց Սիրիա մարդասիրական առաքելության մեկնարկի մասին՝ Սոչիում Սիրիայի հարցում ՌԴ, Իրան, Թուրքիա Վեհաժողովից առաջ, որտեղ քննարկվելու էր Սիրիայից ԱՄՆ զորքի դուրբերումից հետո ստեղծվելիք վիճակը:

Ալիեւի ռազմական շանտաժի փորձը հենց այս մաքոքին զուգահեռ էր, պայմանավորված թերեւս ոչ միայն զուտ արցախյան գործընթացով, այլ ավելի լայն գործընթացից դուրս մնալու մտավախությամբ, փորձելով հիշեցնել իր մասին:

Այդ համատեքստում, հայկական անօդաչու խոցելու մասին տեղեկատվությունը խաղ վերադառնալու կամ դրանից դուրս չմնալու Ալիեւի ջանքի տրամաբանության մեջ է, որն իբրեւ փաստարկ նա անկասկած դրել է համանախագահների սեղանին:

Սակայն, դրան հաջորդեց երկու ուշագրավ հայտարարություն՝ մեկը ԱՄՆ-ից, մյուսը՝ Հայաստանում: Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարեց, որ Լավրովի պլանը մերժված է երկու կողմից էլ, իսկ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի նոր սերունդը, թերեւս ակնարկելով, որ Ադրբեջանը գործ ունի այլեւս նոր Հայաստանի հետ, որի համար մադրիդյան սկզբունքների վրա գծված Լավրովյան պլանն այլեւս հին է: Հոգլանդը թերեւս ակնարկում էր, որ Ադրբեջանը բաց է թողել պահը:

Սա անշուշտ հասկանում է նաեւ Ալիեւը, որի գործողությունները վկայում են դրա մասին: Միաժամանակ սակայն, դա նշանակում է, որ պահը բաց թողած Ալիեւը կարող է եւ փորձել «գնացքի հետեւից» հասնել իրավիճակը լարելով: Սա իհարկե որեւէ կերպ հազիվ թե ռացիոնալ դիտվի նրա համար, սակայն բավական բարդ է կանխատեսել Ադրբեջանի նախագահի հոգեվիճակը, թեեւ ռազմական արկածախնդրության դեպքում Ադրբեջանը թերեւս կպատժվի արդեն անկասելիորեն:

Եվ այդ համատեքստում ուշագրավ է Թեւան Պողոսյանի հայտարարությունը Նա ասել է, որ հարաբերական անդորրի վեց ամիսների ընթացքում հնչում են ադրբեջանական կրակոցներ, սակայն չկա պատասխան հայկական կողմից, եւ վերջին զորակոչիկները փաստորեն չեն առել վառոդի հոտ եւ կարող են վախ ունենալ առաջնագծում, ինչը պարունակում է վտանգներ: Պողոսյանի գրառումը մի կողմից ստացվում է տագնապի հնչեցում, սակայն զուգահեռ ծավալվող հանրային ուշադրության տեսքով դիվանագիտորեն քողարկված ակնարկն է Ադրբեջանին, որ հայկական կողմի ուշադրությունը բթացած չէ, եւ դրանից օգտվելու գայթակղությունը կարող է խիստ վտանգավոր լինել: Թեւան Պողոսյանի գրառումն ուշագրավ է նրանով, որ նա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականն է, որը մի քանի օր առաջ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին եւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ զրույցով:

Իսկ Ալիեւը թերեւս լավ գիտե, թե ով է Ջո Բայդենը եւ ինչ գիտե ապրիլյան քառօրյա պատերազմի մասին:

lragir.am

(Visited 111 times, 1 visits today)