Ես ինձ զգում եմ լքված…Դուք, կներեք, հին տնտեսական համակարգի ներկայացուցիչն եք

Լոռու մարզում այսօր անցկացվող ներդրումային համաժոովի ժամանակ Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատեր Լևոն Բավուրյանը կառավարության անդամներին դժգոհեց, որ լքված ու հուսալքված վիճակում են: Նա նշեց, որ ընկերությունների վերաբերյալ բանկային տուգանքների ներման ոչ մի քայլ չեղավ:

«Բանկերի խարդախությունների հետևանքով գործարարների վրա տուգանքներ կան, այս պայմաններում մարդը ո՞նց կարող է գոյատևել ու աշխատել: Ցանկություն է առաջանում եղածն էլ վաճառել ու հեռանալ Հայաստանից»,- հայտարարեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ իրեն  զարմացնում է գործարարի այդ մտածելակերպը: «Գործարարը վեր է կենում, ասում է՝ ես ինձ զգում եմ լքված: Ումի՞ց լքված: Նոր ինչի՞ մասին էին խոսում մարդիկ, խոսում էին, որ մարդը պետք է առաջին հերթին իր ուժին հավատա: Դուք, կներեք, հին տնտեսական համակարգի ներկայացուցիչն եք, որը տնտեսական գործունեություն ունենալու համար պետք է հովանավոր ունենա, կռիշա ունենա: Բա վարկը վերցրել եք, ստորագրել եք, չեք նայե՞լ՝ էդ վարկը ձեզ համար տանելի է, թե՞ տանելի չէ: Էսօր գիտե՞ք ինչքան մարդ կա, գյուղվարկ է վերցնում, գնում Նիվա է առնում, գնում խմում, նիվեն խփում պատին:

Հաջորդ պահին մեզ ասում է՝ բա կառավարություն, մեզ համար բան չես անո՞ւմ: Ի՞նչ  անի կառավարությունն էդ մարդկանց համար: Եվ ես խնդրում եմ էդ բանը թողեք, որ՝ կառավարությունից լքված ենք, հուսահատված ենք, բանկային համակարգը, Վճռաբեկ դատարանը: Բա որ վերցրել եք էդ վարկը, փակել եք, թե՞ չեք փակել: Մարդ կա, գնում բանկից վարկ է վերցնում, քեֆ է անում, գալիս կառավարության դեմը ցույց է անում, ասում է՝ մեր տոկոսը չեք տալի՞ս: Ինչի՞ համար, մենք էդ ենք ասում՝ ամեն մարդ պետք է իր պատասխանատվությունը ունենա: Հետո էլ գանք, ասենք՝ դե ընտրությունների ժամանակ էդ կոլեկտիվին Գազել կնստացնես, կտանեք քվեարկենք, դուք էլ ասեք՝ եղավ, կբերենք: Էս կարգի հարաբերությո՞ւն եք ուզում, չկա Հայաստան այս կարգի հարաբերություն և չի լինելու»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն նշեց, որ այսօր կառավարությունը հստակ քաղաքականություն է վարում, որ բանկային տոկոսներն իջնեն: «Սա շատ կարևոր է, բայց ձեր պատմության առաջին պատասխանատուն դուք եք, որովհետև կառավարությունը չի վերցրել վարկը: Եվ եթե հիմա խնդիրն այն մասին է, որ մենք օգնենք, որ այդ վարկը վերակառուցվի, որ դուք շարունակեք աշխատել՝ պայմանով, որ դուք ինչ-որ մայր գումար կփակեք, դա ուրիշ խոսակցություն է, այդտեղ մենք կարող ենք աջակցել»,- նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ կառավարության ամենակարևոր գործը գործարարին չխանգարելն է: «Մենք չպետք է մտնենք բանկի ու գործարարի հարաբերության մեջ: Մենք այսօր ի՞նչ խնդիր ունենք, մարդկանց ֆինանսական գրագիտությունը մեծացնել, որովհետև գնում են, վարկը վերցնում են, չեն հաշվարկում, որ կարող են տոկոսի տակ ընկնել, տուն կորցնել: Բա որ էդ պայմանագիրը դուք ստորագրում էիք, պլան, ռազմավարություն, ներդրումային ծրագիր ունեի՞ք: Քաղաքական զանգերով ու որոշումով Թեղուտում հեն ա, 380 մլն վարկ են տվել, հիմա տեսնո՞ւմ եք ինչ ա կատարվում, համ բնապահպանական, համ սոցիալական աղետ ա: Անցել են էն ժամանակները, որ վարչապետի զանգով պետք է վարկ ստանալ, վարկ վերցնել: Բոլորի համար պայմանները պետք է լինեն նույնը: Եվ այդ պայմաններում տնտեսությունը պետք է առաջ տանեն հաղթողները: Մյուսներին մենք կօգնենք, որ դառնան հաղթող, բայց կառավարությունից ձեզ համար հաղթանակներ մի ուզեք, ձեր հաղթանակներն ինքներդ պետք է կերտեք»,- ասաց նա:

lragir.am

(Visited 71 times, 1 visits today)