«Ինձ արգելել են հանդիպել կալանավորին». Նաիրա Զոհրաբյանը դիմում է Զեյնալյանին

Տեւական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին եւ մերժում էի ստանում, որովհետեւ դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երկար դեգերումներից հետո ինձ վերջապես հաջողվեց զրուցել դատավոր Բեկթաշյանի հետ, որը օրվա բոլոր ժամերին մասնակցում էր ԲԴԽ նիստերին եւ խոսելու ժամանակ չուներ: Ներկայացրեցի, որ կալանավորը առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` Կրոնի հիվանդություն եւ ես պետք է իրեն այցելեմ: Առաջարկեց, որ կալանավորի պաշտպաները միջնորդություն գրեն եւ իրենք կքննարկեն` թույլ տա՞լ ինձ, թե` ոչ:

Երեկ պիտի կայանար նիստը, որի ժամանակ պաշտպանների միջնորդությունը պիտի քննարկվեր, սակայն նիստը չկայացավ: Ընդամենը իրազեկեմ, որ Արթուրի վիճակը երեկ կտրուկ վատացել է, որովհետեւ նա վերջին 15 օրը չէր կարողանում սնունդ ընդունել եւ ոչ այն պատճառով, որ հացադուլ էր հայտարել, այլ իր հիվանդության պատճառով եւ նրան շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց:

Արթուրը այլեւս սայլակի վրա է տեղաշարժվում եւ հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն: Դիմում եմ արդարադատության նախարարին` մարդասիրական քայլ դրսեւորենք եւ թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն, որը տեւական ժամանակ օգնության կարիք ուներ, բայց որեւէ մեկը չէր արձագանքում»:

1in.am

(Visited 20 times, 1 visits today)