Նիկոլ Փաշինյանը փոխակերպել է Գագիկ Ծառուկյանի կարգախոսը

«Պետական բանկային քաղաքականությունն ավելի շատ վաշխառուական է եղել»,- Վանաձորում կայացած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հայտարարել է Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատեր Լևոն Բաբուռյանը՝ ավելացնելով, որ ինքն իրեն համարում է լքված։ «Բանկային համակարգն ուղղված է եղել մարդու եղածը ձեռքից խլելուն, և այսօր մենք մեզ գգում ենք ավելի շատ լքված, հուսալքված»,-ասել է նա՝ ավելացնելով. «Իսկապես ողջունելի է, որ տնտեսական հեղափոխությունը առաջ գնա, բայց մինչ այդ հարցերը չլուծվեն, հավատացե՛ք, ցանկություն է առաջանում եղածը վաճառել և հեռանալ Հայաստանից»։

Ի պատախան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ումի՞ց եք լքված, նոր ինչի մասին էին խոսում մարդիկ. խոսում էին, որ մարդն իր ուժին պետք է հավատա, դուք, կներեք, հին տնտեսական համակարգի ներկայացուցիչ եք, որը տնտեսական գործունեություն անելու համար պետք է հովանավոր ունենա, «կրիշ» ունենա…Էսօր, գիտեք, ինչքան մարդ է վարկ վերցնում, գնում նիվա առնում, հետո խմում, նիվան խփում պատին, հաջորդ պահին ասում՝ կառավարություն, բա մեր համար բան չես անո՞ւմ, ի՞նչ անի կառավարությունը էդ մարդկանց համար»։ Վարչապետի ու գործարարի այս երկխոսությունը՝ առաջին հայացքից մասնավոր դեպք լինելով, վկայում է Հայաստանի տնտեսական կյանքում առկա բազմաթիվ խնդիրների ու այդ խնդիրները լուծելու հարցում կառավարության կողմից դեռևս ցուցաբերվող անկարողության մասին։ Գործարարը, քաղաքացին բարձրացնում է կոնկրետ խնդիր՝ բանկային բարձր տոկոսադրույքների խնդիրը, նա իշխանությունից, կառավարությունից, վարչապետից ակնկալում է կոնկրետ քայլեր, կոնկրետ արդյունք, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանից լսում է մեղադրանքի հետ համեմված հանդիմանանք։ Լսում է այն նույն վարչապետից, ով տնտեսական հեղափոխության իրականացնումն ու հաջողությունը պայմանավորում է քաղաքացու մասնակցությամբ։

Իշխանությունը, կառավարությունն իրականում դեռևս չունի այս հարցի՝ վարկային բարձր տոկոսադրույքների լուծման հետ կապված որևէ հայեցակարգ ու ծրագիր։ Այդ մասին ի դեպ, կառավարությունը խոստովանել է տակավին վերջերս. կառավարության ծրագրի հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 15 կետերից մեկում նշված էր, որ պետք է մշակել վարկային տոկոսադրույքների նվազեցման ռազմավարություն։ Այսպիսով, իշխանությունը չունի այդ խնդրի լուծման ռազմավարություն և առայժմ բավարարվում է քաղաքացուն ուղղված հանդիմանանքով։ Մինչդեռ այդ հարցը՝ վարկային տոկոսադրույքների խնդիրը հիմնարար նշանակություն ունի տնտեսության զարգացման, առավել ևս՝ տնտեսական հեղափոխության համար։

Բանն այն է, որ Հայաստանում գործող վարկային տոկոսադրույքներով, որոնք տատանվում են 12-18 տոկոսի սահմաններում, հնարավոր չէ որևէ բիզնես կազմակերպել և եկամուտ ստանալ։ Այդպիսի տոկոսադրույքներով վարկավորվող բիզնեսը լավագույն դեպքում կարող է սպասարկել վարկային վճարներն ու հարկային պարտավորությունները, ոչ ավելին։ Հայաստանում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր բիզնեսներ գործում են հենց նման պայմաններում և «Անահիտ» հանգստյան տան տնօրենի բարձրացրած հարցը կարելի է համարել գործարար խավի բոլոր ներկայացուցիչներին ամենաշատը հուզող խնդիրը։

Եվ երբ Նիկոլ Փաշինյանը մարդկանց առաջարկում է մասնակից դառնալ տնտեսական հեղափոխությանը, պետք է հաշվի առնի, որ գործարարների զգալի մասը աշխատում է հենց այդ՝ եկամուտ չապահովող կամ գրեթե չապահովող պայմաններում, նախկինում վերցված բարձր տոկոսադրույքներով վարկերով։ Եթե այդ տոկոսադրույքների խնդիրը որևէ ձևով չլուծվի, իրականում ոչ միայն տնտեսական հեղափոխություն,այլ անգամ սովորական տնտեսական զարգացում չի կարող լինել Հայաստանում։ Բանակային համակարգի խնդիրն ի դեպ, քաղաքական խնդիր է։

Բանն այն է, որ բանկերի մեծ մասը ուղղակի կամ անուղղակի կապերով կապված է նախկին իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կամ նրանց մերձավորների հետ և բանկային համակարգում իրականացնել փոփոխություններ՝ նշանակում է հարվածել վերջիններիս շահերին։ Չի՞ ցանկանում, թե չի՞ կարողանում գործող իշխանությունն իրականացնել այդ փոփոխությունները, դժվար է ասել։ Փաստն այն է, որ Հայաստանում կան շուրջ երկու տասնյակ բանկեր, նրանց մեջ գործում է առերևույթ մրցակցություն, սակայն նրանք բոլոր վարկավորում են իրականացնում կամ փողը վաճառում են գրեթե նույն պայմաններով։

Ո՞ւմ խնդիրն է սա՝ Կենտրոնական բանկինը՞, թե կառավարությանը, քաղաքացուն քիչ է հուզում։ Քաղաքացին, գործարարը իշխանությունից՝ առաջին հերթին գործադիր իշխանությունից պահանջում է կոնկրետ,առարկայական քայլեր, սակայն ի պատասխան տեսնում ու լսում է առայժմ միայն խոսք, որի արժեքն, ինչպես նույն միջոցառման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, թերագնահատվում է։ Իսկ գուցե ոչ թե թերագնահատավում, այլ գերագնահատվո՞ւմ է՝ կոնկրետ քայլերի ու գործողությունների բացակայությունը փոխարինելով խոսքով։

ԲՀԿ նախագահ Գագրիկ Ծառուկյանը մի քանի ընտրություններում հանդես էր գալիս «Մեր խոսքը գործ է» կարգախոսով։ Տպավորություն է, որ գործող իշխանությունը փոխակերպել է այն և աշխատում է «Մեր գործը խոսքն է» կարգախոսով։

1in.am

(Visited 256 times, 1 visits today)