Նիկոլ Փաշինյանի ամենասպասված այցերը

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այդ մասին վարչապետը հայտարարել է Գերմանիա կատարած այցի ընթացքում։ Իրանական այցը նոր իշխանության ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանի ամենասպասված այցն է՝ հաշվի առնելով հարևան այդ երկրի նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումները Իրանի շուրջ։ Ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այցելեց հարևան Վրաստան, սակայն մյուս հարևան ու բարեկամ երկիր այցը տեղի է ունենում շուրջ տաս ամիս անց միայն։ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն ունեն ձևի ու բովանդակության համապատասխանեցման խնդիր։ Ֆորմալ առումով հարաբերությունները հրաշալի են, առկա է այդ հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային բազան, սակայն հարաբերությունների բովանդակությունը մեղմ ասած զիջում է փաստաթղթային հիմքին։ Տարիներ, տասնամյակներ շարունակ հայտարարվող հայ-իրանական տնտեսական համագործակցությունն այդպես էլ չի ստացվում։ Մինչև հիմա հաջողվել է միայն Իրանից ստացվող գազով էլեկտրաէներգիայի արտադրության ու այն իրանական կողմին փոխանցելու սխեման։ Այլ նախագծեր Իրանի հետ գործնականում չկան։ Այն դեպքում, երբ մշտապես խոսվել է Հայաստանի միջոցով իրանական գազի տարանցման հնարավորության մասին, թմբկահարվել է Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը և այլն։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի այցն Իրան իսկապես անհրաժեշտություն է, և պետք է հուսալ, որ այն կունենա գործնական հետևանքներ։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այցն Իրան առաջինն է Հայաստանի խորհրդարանում արձանագրված սկանդալից հետո, երբ իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Իրանը որակեց որպես ավտորիտար պետություն։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ստիպված է լինելու իրանական կողմի մոտ նաև անձամբ հարթել այդ միջադեպից մնացած նստվածքը։

Ըստ պաշտոնապես դեռևս չհաստատված տեղեկությունների՝ Իրան այցից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունենալու Եվրոպական միության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Պետք է արձանագրել, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը որոշակի դրական ակտիվություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության ասպարեզում։ Գերմանիա կատարած այցից հետո նա լինելու է Իրանում, ապա մեկնելու է Բրյուսել։ Այցերի այս աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի համար չափազանց կարևոր ուղղություններ, որոնք կարող են ծառայել արտաքին քաղաքականության ռուսական ուղղվածության դիվերսիֆիկացմանն ու հավասարակշռմանը։ Այդ առումով հատկապես կարևոր է վարչապետի բրյուսելյան այցելությունը։ Նախ՝ այն նոր թափ կարող է հաղորդել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացին։ Հայտնի է, որ Հայաստանը արդեն Բրյուսելին է ներկայացրել այդ համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը, սակայն գործնական քայլեր դեռևս տեղի չեն ունեցել։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ու հանդիպումները կարող են խթան դառնալ Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման համար։ Բացի դրանից՝ բրյուսելյան այս այցելությունն ունի չափազանց կարևոր մեկ այլ նշանակություն։ Նախորդ անգամ Բրյուսել կատարած այցից հետո ՆԻկոլ Փաշինյանը հանդես եկավ Եվրոպական միությանն ուղղված բավական կոշտ քննադատությամբ, սուր որակումներով։ Դրանք, վստահաբար, որոշակի բացասական ազդեցություն ու հետք են թողել եվրոպացի պաշտոնյաների շրջանում։ Եվ շատ դրական կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին Բրյուսելում փարատի իր նախորդ հայտարարությունների պատճառով եվրոպացիների մոտ առաջացած կասկածները, գուցե որոշակի անվստահությունը։

Ինչպես Իրանը, այնպես էլ Եվրոպական միությունը, Հայաստանի կարևորագույն գործընկերներն են։ Նիկոլ Փաշինյանի այցերը պետք է միտված լինեն այդ գործընկերությունը խորացնելուն ու այդ գործընկերությունը որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման գործիքներ օգտագործելուն։ Հայաստանը պետք է կարողանա աշխատել ու գործընկերություն հաստատել հնարավորինս շատ մայրաքաղաքների հետ՝ դադարեցնելով Մոսկվային դոմինանտ դեր հատկացնելու արատավոր գործելակերպը, որ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է նախորդ իշխանություններից։

1in.am

(Visited 58 times, 1 visits today)