Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության մասին հարցումներ ու գնահատումներ վաղուց չեն կատարվել։ Չի գնահատվել նաև հեղափոխական էյֆորիայի, ոգևորության մակարդակը։ Գնահատողները չեն գնահատել, բայց Նիկոլ Փաշինյանն ինքը գնահատել ու հետևություններ արել է։

Հենց այդ գնահատումի ու հետևության արտահայտությունը պետք է համարել դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը։ Դա հապճեպ կայացված որոշում էր, որի հիմքում ընկած էր մի կարևորագույն գործոն՝ հեղափոխական էյֆորիայի նվազման, անկման կանխատեսումը։ Նիկոլ Փաշինյանն արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զգաց, որ հեղափոխական էյֆորիան սկսում է տատանվել, անկում ապրել։ Զգաց ու մի քանի քայլեր ձեռնարկեց՝ ձերբակալություններ, կոռուպցիոն բացահայտումներ և այլն։ Սակայն Փաշինյանը միանգամայն իրավացիորեն զգաց նաև, որ ձերբակալությունների ու բացահայտումների ռեսուրսը ևս սահմանափակ է ու դրանք անվերջ չեն կարող բարձր պահել հանրային էյֆորիան։

Այդ գործոնների հիման վրա թերևս հաշվարկվեց, որ հեղափոխական էյֆորիայի պիկը նոյեմբեր-դեկտեմբերին կլինի, ու ընտրությունները նշանակվեցին դեկտեմբերի 9-ին։ Հաշվարկն արդարացվեց, իշխող թիմը ստացավ ձայների ավելի քան 70 տոկոսը։ Սակայն ընտրություններում արձանագրված արդյունքները չավելացրին հանրային ոգևորությունը։ Կարճ ժամանակ անց հեղափոխական էյֆորիան մտավ օբյեկտիվ անկման փուլ, ինչը շարունակվում է մինչև այսօր։ Հիմա շատ ավելի հաճախ են հանրային տարբեր շերտերից հարցեր հնչում տարբեր խնդիրների վերաբերյալ, այլևս իշխանության ցանկացած քայլ չի ընկալվում ու ընդունվում կույր ոգևորությամբ։ Մարդիկ սկսել են մտածել, մտածել ու վերլուծել, վերլուծել ու հարցեր ձևակերպել։

Հեղափոխական էյֆորիան նույն մակարդակի վրա պահպանել չէր լինելու բոլոր դեպքերում։ Այն նվազելու էր օբյեկտիվորեն։ Սակայն եթե խորհրդարանական ընտրություններին հետևեին իշխանության կողմից կատարվող տեսանելի, առարկայական քայլեր, եթե ներկայացվեր մրցունակ ծրագիր ու այդ ծրագիրն իրագործող արհեստավարժների թիմ, ապա ոգևորության անկումը շատ ավելի դանդաղ կլիներ։ Մինչդեռ, ընտրություններից հետո մենք տեսնում ենք նույն կադրային քաղաքականությունը, որի հիմքում դրված է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ հավատարմությունը հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին, մենք տեսնում ենք կառավարության ներկայացրած անորակ ծրագիրը և տեսնում ենք քննադատության հանդեպ ամբողջովին փակ իշխանություն։

Իշխանությունը հեղափոխական էյֆորիան պահպանելու, այդ էյֆորիան իշխանության հանդեպ հանրային կայուն վստահության վերածելու մի ճանապարհ ուներ և ունի՝ արդյունավետ աշխատանք ու տեսանելի արդյունքներ։ Առայժմ չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Իսկ այս պայմաններում ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած քաղաքական թիմի դեմ։ Եվ քաղաքական հակառակորդների օգտին։ Հասարակության շրջանում սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դժգոհությունը ավելանում է, քանի որ նոր իշխանությունը դեռևս որևէ սոցիալական խնդիր չի լուծել և ոչ էլ ցույց է տալիս լուծման նախադրյալներ ու ճանապարհներ։ Սրան գումարվում է իշխանության հակառակորդների, հիմնականում նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի ու քոչարյանական շրջանակների ագրեսիվ հակաքարոզչությունը, որը ժամանակի ու տարածության մեջ աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իսկ եթե ներքին այս իրավիճակին ավելանա նաև արտաքին որևէ ֆորս-մաժոր, օրինակ՝ որևէ զարգացում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ օղակը կարող է սեղմվել։

Քաղաքականության մեջ ժամանակը շատ հաճախ ամենակարևոր ռեսուսրներից ու գործոններից մեկն է։ Իշխանությունները հաջողում կամ տապալվում են այնքանով, որքանով իրենց ծրագրերն ու գործողությունները սինխրոնացնում են ժամանակի հետ։ Հեղափոխությունից հետո՝ ողջ ամառվա ընթացքում ամեն օրն աշխատում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Նա քաղաքական հակառակորդներին հաղթում էր առաջին հերթին ժամանակի գործոնով։ Հիմա իրավիճակը փոխվել է, ու Նիկոլ Փաշինյանը հետ է ընկնում ժամանակից, որն արդեն աշխատում է իր դեմ։ Նա ժամանակի հետևից հասնելու մի հնարավորություն ունի՝ կադրային ու ծրագրային արագ ու կտրուկ վերափոխում։ Եթե, իհարկե, արդեն ուշ չէ։

1in.am

(Visited 62 times, 1 visits today)