ԱԱԾ պետի նախկին տեղակալի եղբայրը՝ գնդապետ «Բետեռ»-ը, սնանկացել է

«Արդշինբանկ»-ը փետրվարի 18-ին դիմել է դատարան ՀՀ ոստիկանության պետական պահպանության պետի նախկին տեղակալ, Նոր Նորքի նախկին ոստիկանապետ, 2018-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ, գնդապետ, «Բետեռ» մականվամբ Զարմեն Եպիսկոպոսյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Գործը մակագրվել է սնանկության դատավոր Արմեն Չիչոյանին։

Զարմեն Եպիսկոպոսյանի սնանկությունը տարօրինակ է նրանով, որ Եպիսկոպոսյանները հայտնի ընտանիք են, նախկին իշխանությունների ժամանակ մշտապես բարձր պաշտոնների են եղել։ Զարմեն Եպիսկոպոսյանի որդին՝ Պարույր Եպիսկոպոսյանը, ներկայումս էլ աշխատում է ՊԵԿ օպերվարչությունում որպես բաժնի պետի տեղակալ։ Այս նշանակմանը ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք։

Ուշագրավն այն էր, որ վերջինիս անունն ու հայրանունը նույնն է՝ Պարույր Պարույրի Եպիսկոպոսյան։ Մինչդեռ նրա հայրը Զարմեն Եպիսկոպոսյանն է։ Այն փաստը, որ ՊԵԿ պաշտոնյան անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը, հիմք է տալիս ենթադրելու, որ եղբոր օրինակով ներքաշված է ինչ-որ հանցավոր գործողությունների մեջ ու քրեական հետապնդումից խուսափելու պատճառով փոխել է իր անունն ու հայրանունը: Պարույր Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Զարմեն Եպիսկոպոսյանի մյուս որդին, հայտնի քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով դատապարտված և վերջերս ազատ արձակված Արթուր Եպիսկոպոսյանն է։

Զարմեն Եպիսկոպոսյանի եղբայրն էլ ԱԱԾ նախկին պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն է։

Ուշագրավ է, որ սա Զարմեն Եպիսկոպոսյանի դեմ առաջին հայցը չէ։ 2017-ին էլ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» է գումարի բռնագանձման պահանջ ներկայացրել Եպիսկոպոսյանին։ Իսկ ավելի վաղ՝ 2016-ին, «Անելիք բանկը»՝ նույն՝ գումարի բռնագանձման պահանջով։ Առաջին դեպքում «Ակբա բանկի» հայցը մերժվել էր, իսկ երկրորդ դեպքում՝ բավարարվել։ Թե այս՝ սնանկության գործով ինչ որոշում կկայացվի, սա իրական սնանկություն է, թե կեղծ՝ կպարզվի առաջիկայում։

1in.am

(Visited 236 times, 1 visits today)