«Եթե զինծառայողի ընտանիքը չունի տուն, եւ հույս էլ չկա, որ երբեւէ կունենա, հարց է առաջանում, ի՞նչն է պաշտպանում զինծառայողը»

Բնակարանի կարիք ունեցող սպաներն ինչու չեն ուզում օգտվել «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական ծրագրից Զինծառայող Արթուր Հարությունյանը պաշտպանության նախարարության այն պատասխանատուներին, որոնք մշակել եւ հանրային քննարկման են դրել «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագիրը, կոչ է անում գոնե մեկ շաբաթ ապրել զինծառայողի կյանքով ու կատարել հաշվարկներ՝ արդյո՞ք նրանք կարող են օգտվել այդ ծրագրից: Այն մոտ մեկ ամիս առաջ է պաշտպանության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման դրել, որի ժամկետն արդեն ավարտվել է:

«Առավոտը» 30.01.2019 թ.-ի «ՊՆ-ի մատչելի բնակարանների նախագիծն այնքան էլ զինծառայողների սրտով չէ» հրապարակմամբ, արդեն անդրադարձել է բնակարանի կարիք ունեցող զինծառայողների` նախագծի վերաբերյալ դժգոհություններին: Ըստ նախագծի հեղինակների, «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագրով սպայական կազմի զինծառայողները կարող են Հայաստանի տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման գործընթացի միջոցով: Զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով եւ պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում նաեւ մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Դատելով դեմ ձայների տոկոսից, նախագիծը այնքան էլ զինծառայողների սրտով չէ: Քննարկմանը մասնակցած քաղաքացիների 66 տոկոսը դեմ է քվեարկել նախագծին եւ միայն 34 տոկոսն է կողմ եղել: Ներկայացնում ենք նաեւ այլ զինծառայողների կարծիքները, որոնց սակայն, ՊՆ-ն չի արձագանքել` ինչպես որ սովորաբար լինում է այլ նախագծերի պարագայում: Զինծառայող Արթուր Հարությունյանը գտնում է, որ այս նախագծով չեն լուծվում զինծառայողների կուտակված խնդիրները, որովհետեւ նշված կարգախմբի անձինք ուղղակի ֆինանսապես ի վիճակի չեն ձեռք բերելու բնակարան, քանի որ նրանց համար այն մատչելի ու հասանելի չէ. «Կարելի է փաստել, որ այսօր շատ զինվորականներ տրամադրվող վարկերի, ամսական, տարեկան վճարումների մասին ունեն բանկային ու ֆինանսական ոլորտի աշխատողներից ոչ պակաս գիտելիքներ, եւ հաշվարկները ցույց են տալիս` այդ ծրագիրը, մեղմ ասած, իրենց համար չէ: Իհարկե, պետության տնտեսական ներուժի համեմատությամբ մեծաթիվ բանակ ունենալու հանգամանքը ինքնին առաջ է բերում ֆինանսական սահմանափակումներ, բայց դա չի նշանակում, թե պետք է անտեսվեն, հետին պլան մղվեն ու մոռացվեն պաշտպանության ոլորտի անձնակազմի նվազագույն սոցիալ-կենցաղային խնդիրները:

Հայրենիքն սկսվում է ընտանիքից, քանի որ ընտանիքն է երկրի միավոր բջիջը: Եթե զինծառայողի ընտանիքը անապահով է, չունի տուն, բնակարան, եւ հույս էլ չկա, որ երբեւիցե կունենա, ապա հարց է առաջանում, թե ի՞նչն է պաշտպանում զինծառայողը` հայրենիք, որտեղ նա արժանի չէ բնակարան-տուն ունենալու: Այստեղ Հայրենիք–զինծառայող կապում առաջանում է ճեղքում, անդունդ»: Արթուր Հարությունյանը հղում անելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին, նշում է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները թույլ չեն տալիս նրանց այլ վճարովի աշխատանք կատարել, հետեւաբար նա չի կարողանալու այլ եկամուտներ ունենալ: Զինծառայող Արման Մկրտչյանը առաջարկում է գոնե մի անգամ կարդալ նախագիծը, ու տեսնել, թե այն ինչքան բարդացված պայմաններ է առաջարկում. «Վիճակահանություն, մարդկանց հաշվի չառած ստաժը, որ 5-6 տարի է մնացել անցնեն թոշակի, կարող է այդպես էլ իրենց անունը վիճակահանությամբ դուրս չգա ու ինչպես այս տարի, այնպես էլ մյուս տարիները Ռազմական ուսումնարանում սպա չեք ունենալու: Առաջարկում եմ մեզ տալ մեզ հասանելիք անհատույց բնակարանները»: Կամո Եղոյանը գտնում է, որ նախագիծն անընդունելի է, սպաներին բնակարաններ պետք է հատկացնի պետությունը` անհատույց: Զինծառայող Զոհրաբ Ավդալյանը առաջարկում է բոլոր դիմում ներկայացրած սպաներին գրանցել համապատասխան ռեստրում ըստ մշակված չափանիշների, օրինակ ՝ ծառայության ստաժ, սոցիալական վիճակի, մարտական հերթապահության տարիների. «Հերթագրվել, որպեսզի սպան վստահ լինի որ մի օր կունենա տուն։ Պետք չէ թողնել վիճակահանության հույսին»։ Նաիրա Ղուլինյանի կարծիքով, նախագծում պետք է լինեն կետեր, որոնք կվերաբերեն երկարաժամկետ ծառայող զինծառայողներին: «Տրամաբանական եւ արդար չէ , որ մոտավոր 15-20 տարի ծառայող զինծառայողները , նորից քսան տարի հոգս վերցնեն բնակարան ունենալու համար: Նպատակահարմար եմ գտնում զինծառայողներին բաժանել խմբերի՝ ըստ ծառայության ժամկետի եւ ըստ դրա էլ բաշխել տարբեր տոկոսադրույքներ»: Նախագիծը շրջանառության մեջ դրած գերատեսչությունը` ՊՆ-ն, նշում է, որ զինծառայողներին բնակարանով ապահովելու նախկին ծրագրերն այնքան էլ արդյունավետ չեն եղել, եւ, ըստ նախարարության պատասխանատուների, գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ: Հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4.000 գործող եւ նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները, սակայն, ըստ նույն աղբյուրի, թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչեւ 100 բնակարանների կառուցման եւ տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է:
aravot.am

(Visited 297 times, 1 visits today)