Մարտի 1-ի ուղերձը՝ վերականգնել հանրային համերաշխությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարտի 1-ին համազգային երթ անցկացնելու մասին։ Այդ օրը, ըստ ամենայնի, նա նաև ելույթ է ունենալու։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ողջունել են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր, անհատներ, քաղաքացիական ակտիվ խմբեր։ Երթի նպատակը հայտարարված չէ, սակայն հասկանալի է՝ այն նվիրված է լինելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին և նրանց ոգեկոչմանը։ Այդքանով երթի հումանիստական մասն ավարտվում է։ Մնացյալը քաղաքականություն է։ Որովհետև քաղաքականություն է այն ամենը, ինչը կազմակերպվում և գլխավորվում է պետության ղեկավարի կողմից։ Ընդհանրապես, վարչապետի կողմից երթ կազմակերպելու փաստն ինքնին արտառոց է։ Սովորաբար երթ կամ հանրահավաք են կազմակերպում այն քաղաքական ուժերն ու գործիչները, ովքեր զրկված են իրենց ասելիքը տեղ հասցնելու քաղաքական հարթակներից ու ամբիոններից։ Իսկ այս դեպքում գործ ունենք իշխանության ղեկավարի, խորհրդարանում 88 պատգամավոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդի հետ։ Բայց եթե ընդունենք անգամ, որ երթի կազմակերպման նպատակը Մարտի 1-ի զոհերի հիշատակի՝ հատկապես այդ ձևով ոգեկոչումն է, որին այլընտրանք չի եղել, ապա այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է երթի քաղաքական նպատակը, որը, այսպես, թե այնպես, առկա է։

Մարտի 1-ին երթ կազմակերպելով՝ իշխանությունը կարող է հետապնդել արտաքին և ներքին նպատակներ։ Այդ երթով արտաքին աշխարհին ցույց կտրվի, որ Մարտի 1-ի բացահայտումը համազգային, համապետական պահանջ է, իմա՝ այդպիսի պահանջ է նաև Մարտի 1-ի կազմակերպման հարցում մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Այս ուղերձի հասցեատերերը կլինեն շատերը, բայց առաջին հերթին այն ուղղված կլինի Ռուսաստանին ու նրա նախագահ Վլադիմիր Պուտինին, որը, ըստ տարբեր հրատարակումների, Քոչարյանի ազատ արձակումը համարում է անձնական բնույթի հարց։ Ինչ վերաբերում է երթի ներքին, ներքաղաքական նպատակներին, ապա դա, ըստ ամենայնի, կնպաստի ներքին թշնամու կերպարի վերաթարմացմանը ու դրա դեմ պայքարի շուրջ համախմբվելու չբարձրաձայնվող կոչի հնչեցմանը։ Ընդ որում, շաբաթ օրը հրապարակված իր ծավալուն հոդվածում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ակնարկել է այդ մասին՝ նշելով, որ պետք է միավորվել հակապետական ուժերի դեմ պայքարում։ Ընթացիկ քաղաքական շրջափուլում ներքին թշնամու ամենահարմար կերպարը Ռոբերտ Քոչարյանն է ու ՀՀԿ-ականները, որոնք բոլորն էլ Մարտի 1-ի շահառուներ են։ Ներքին թշնամու կերպարը իշխանությանը կարող է անհրաժեշտ լինել հասարակության ուշադրությունը այդ թեմայի վրա սևեռելու, տնտեսական խոստացված, բայց դեռևս չիրագործված ծրագրերից շեղելու համար։ Զուտ քաղաքական հաշվարկի առումով, այս սցենարը գուցե արդարացված է։ Խնդիրն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն քաղաքական, այլ նաև պետական գործիչ է։ Իսկ քաղաքական ու պետական շահերը միշտ չէ, որ համընկնում են, ավելին՝ շատ դեպքերում դրանք հակադրվում են, և սա այդ դեպքերից է։ Քաղաքական շահի տեսանկյունից Մարտի 1-ի թեմայի թեժացումը կարող է ձեռնտու լինել, սակայն պետության շահերի առումով այն ապահովելու է միայն բացասական հետևանքներ, քանի որ հասարակությունը հերթական անգամ բևեռացվելու է «մեղավորների» ու «անմեղների», «դահիճների» ու «զոհերի», «սևերի» ու «սպիտակների» միջև։ Մարտի 1-ը հենց այդ բևեռացման խտացման արտահայտությունն էր։ Մինչդեռ, պետության շահը պահանջում է հասարակական համերաշխության ապահովում, ցավոտ խնդիրների քննարկում ու այդ խնդիրների ոչ թե շահարկում ու օգտագործում, այլ հանգուցալուծում։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքը տարբեր առիթներով հայտարարել է հասարակական համերաշխության հաստատման անհրաժեշտության մասին, նաև այդ անհրաժեշտությամբ պայմանավորելով անցումային արդարադատության մարմինների հնարավոր ներդրումը։ Իսկ անցումային արդարադատություն ու առավել ևս հասարակական համերաշխություն հաստատելու համար, դրանում պետք է ընդգրկվեն բոլորը՝ և՛ մեղադրողները, և՛ մեղավոր հռչակվածները, այլապես այդ հաշտությունը չի կայանա երբեք։

Մարտի 1-ը չսպիացած վերք է Հայաստանի ու հայ հասարակության համար։ Արդեն 11 տարի մենք, որպես հասարակություն ու պետություն, ապրում ենք Մարտի 1-ի թողած հետքով, որը մեր հոգեբանությունը խեղած ու դեֆորմացրած հետք է։ Այն՝ մշտապես մնալով մեր հիշողության մեջ, երբևէ պետք է մաքրվի մեր հոգեբանությունից ու աշխարհընկալումից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք, որպես հասարակություն, չենք կարողանալու առաջ շարժվել, ամեն տարի ոչ միայն հիշելու, այլ նաև վերապրելու ենք Մարտի 1-ը։

Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ։ Դա քննարկման ենթակա չէ։ Սակայն որպեսզի մենք հաղթահարենք Մարտի 1-ի բարդույթը՝ որպես հասարակություն, պետք է հաղթահարենք այն ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործելու գայթակղությունը։ Դա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 49 times, 1 visits today)