Ինչ ֆորս-մաժոր կստեղծեն «Սասնա ծռերը». Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանում է

«Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել իր նախօրեին արած հայտարարության կապակցությամբ՝ ասելով, թե մամուլը խեղաթյուրել է իր հայտարարությունը և վերագրել բաներ, որոնք ինքը չի ասել, մասնավորապես՝ ապստամբության մասին:

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն էր արել ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհված ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու պահանջի վերաբերյալ՝ հայտարարելով, որ համբերությունը սպառված է, և չազատելու դեպքում հանրության աշխույժ մասը կհաստատի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը: Սա էլ հիմք էր տվել մամուլին ու փորձագետներին խոսելու վերջնագրի մասին, նաև հակառակ դեպքում՝ ապստամբության նոր սպառնալիքի մասին:

Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ իր խոսքը խեղաթյուրվել է: Նա իհարկե բառացի չի խոսել զինված ապստամբության սպառնալիքի մասին, բայց ի վերջո, ակնառու է, որ հնչում է վերջնագիր՝ ազատեք, այլապես համբերությունը սպառվել է: Բնականաբար առաջանում է հարց՝ ի՞նչ գործողություն է հետևելու սպառված համբերությանը, եթե իշխանությունը, դատարանը ազատ չի արձակում երկու անձանց: Լավ է, եթե Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանում է, որ խոսք չի կարող լինել զինված որևէ նոր գործողության մասին: Մյուս կողմից՝ «Սասնա ծռերն» անկասկած լավ են պատկերացնում, որ այդպիսի որևէ նոր գործողություն ամենևին չի արժանանա հանրային այն ընկալմանը, որը եղավ հուլիսյան օրերին՝ 2016 թվականին: ՊՊԾ գնդի գրավմանը հանրային արձագանքը ավելի շուտ թելադրվում էր տվյալ ժամանակի գործող իշխանությունից ահռելի դժգոհությամբ և իշխանության ոչ լեգիտիմությամբ, ոչ թե բուն գործողության և դրա կատարողների աջակցությամբ: Ավելին, աշխույժ գործողությամբ աջակցող հանրության թիվը բավականին քիչ էր, և հիմնական աջակցությունը, այսպես ասած, բարոյականն էր:

Ներկայիս իրավիճակում իշխանությունն ունի մեծ լեգիտիմություն, և այդ իշխանության դեմ որևէ ուժային գործողություն, առավել ևս՝ զինված, անկասկած արժանանալու է հանրության մեծ մերժումին, ինչն էլ իր հերթին իշխանությանը տալու է այդպիսի գործողության ուժգին հակազդեցության իրավունք և հնարավորություն:

Մյուս կողմից՝ «Սասնա ծռերը» նշում են, թե խոսքը ամենևին զինված պայքարի մասին չէ, և այդ էջը փակել են անվերադարձ, ու խոսքը քաղաքացիական պայքարի օրինական միջոցների մասին է: Բայց այս դեպքում էլ առաջանում է հարց, թե ինչո՞ւ վերջնագրային տոնով հայտարարություն, ի՞նչ սպառված համբերություն, եթե առանց այդ վերջնագրերի էլ հնարավոր է վարել ակտիվ քաղաքացիական պայքար, իրենց պատկերացմամբ, հասանելի ազատության հարցը լուծելու համար: Եթե խոսքը համբերության սպառման մասին է, ապա դա հիմք է տալիս ենթադրելու, որ դրան պետք է հաջորդեն քայլեր, որոնք, այսպես ասած, դուրս են պայքարի ընթացիկ մեթոդների և ձևերի տրամաբանությունից և կարող են ստեղծել արտառոց իրավիճակ: Հակառակ դեպքում բացարձակապես չկա վերջնագրային բնույթի հայտարարության իմաստ, և խնդիրը հնարավոր էր բարձրաձայնել հենց պայքարի դրսևորումներով: Իսկ դա էլ նշանակում է, որ Ժիրայր Սեֆիլյանն իր հայտարարությամբ իշխանությանը «խոստանում» է առնվազն ոչ արտառոց իրավիճակ, եթե ազատ չեն արձակվում երկու զինակիցները:

Մյուս կողմից՝ ինքնին ՊՊԾ գնդի գործը այդ իրավիճակն արդեն իսկ ստեղծել է, և Սեֆիլյանի հայտարարությունը գործնականում երկու առանցքային դիլեմայի մասին է, որի առաջ կանգնած է նոր իշխանությունը թավշյա հեղափոխությունից հետո՝ նախկին իրավիճակից ժառանգված խնդիրների առումով: Մեկը Ամուլսարի խնդիրն է, մյուսը՝ ՊՊԾ գնդի գրավման գործը, որտեղ կան մարդկային զոհեր, և ըստ այդմ՝ պետք է լինեն դրա համար պատասխան տվողներ: Մինչդեռ երկու դեպքում էլ խնդրի հակառակ կողմում հանրային ակտիվ հատվածներ են, որոնք անխուսափելի են դարձնում կոնֆլիկտը:

1in.am

(Visited 95 times, 1 visits today)