Նոր իրավիճակ հայկական բանակում

«Մեր Զինված ուժերը հաղթանակներ կրած զինված ուժեր են, և մենք չպետք է առաջ գնալուց կանգնենք, իսկ առաջ գնալու համար մեզ պետք են առողջ զինծառայողներ»- այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինության հավասարակշռությունն ապահովելու մասին՝ նա նշել է, որ Հայաստանը չի գնալու Ադրբեջանի հետ բալանսը վերականգնելու ճանապարհով: «Դա ոչ պրակտիկ մոտեցում է: Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»,- ասել է Տոնոյանը: Նա շեշտել է, որ Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որոնք հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն կտան: Հարցին` խոսքը «Սու» կործանիչների մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքել է. «Նաև «Սու»-երի»: Տոնոյանը նշել է նաև, որ այո, Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել: «Պաշտպանվող բանակը պարտություն է կրում, մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանողական դիրքերում: Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասել է նա: Իսկ ճշտող հարցին` հարձակվելո՞ւ ենք, նա պատասխանել է. «Ինչո՞ւ ոչ»:

Դավիթ Տոնոյանի հայտարարությունները առաջին հայացքից գուցե սենսացիոն են թվում, սակայն այն, ինչի մասին խոսել է ՀՀ պաշտպանության նախարարը, ամբողջությամբ տեղավորվում են Զինված ուժերի կառավարման այն հայեցակարգի շրջանակներում, որը անցած տարվա հուլիսին ներկայացրել էր նույն Դավիթ Տոնոյանը։ «Հայաստանի Հանրապետության անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ: Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է»,- դեռևս այն ժամանակվա կառավարության ծրագրի ընդունումից հետո հրապարակված տեսլականում գրել էր Դավիթ Տոնոյանը։ Նույն փաստաթղթում, որպես առաջնահերթություն, նշված է. «Զինված ուժերի համալրումը անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների և համակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը: Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ: Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը: Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ: Սահմանին որևիցե, այսպես ասած, ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի: Դա անելու համար մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել Զինված ուժերի մարտական կարողությունները, հակառակորդի նկատմամբ ճիշտ պահին, ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով անհրաժեշտ ազդեցության ներուժը պահպանելու և էլ ավելի զարգացնելու համար: Խնդիրներն արդեն առաջադրված են, կարողությունները՝ ձևավորված, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի հզորացնելու ուղղությամբ:

Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ: Անշուշտ, առանցքային նշանակություն ունի Զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում: Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է Զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով: Գերակա խնդիր է նաև Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացումը: Այդ համակարգը պետք է ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն…»: Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությունների ու ամռանը նրա հրապարակած տեսլականի միջև փոխառնչությունների մասին վկայող օրինակները, մեջբերումները կարելի է շարունակել։ Պաշտպանության բնագավառը մյուս ոլորտներից դրականորեն առանձնանում է նրանով, որ ունի զարգացման հստակ ռազմավարություն, հայեցակարգ, և բոլոր գործողությունները կատարվում են դրանց համապատասխան։ Պետական կառավարման համակարգի մյուս ոլորտներում ու ենթահամակարգերում մենք ունենք հենց այդպիսի ռազմավարությունների, հայեցակարգերի անհրաժեշտություն։ Դրանց բացակայությունն է պատճառը, որ անցած 10 ամիսների ընթացքում նույն տնտեսության ոլորտում որևէ էական տեղաշարժ չի կատարվել։ Զինված ուժերը այդ առումով, բարեբախտաբար, պատշաճ վիճակում են, սակայն նրանք չեն կարող անվերջ զարգանալ մեկուսի՝ առանց թիկունքի, առանց տնտեսության զարգացման։

1in.am

(Visited 463 times, 1 visits today)