Փաշինյանն ու Պուտինը՝ Մարգարիտայի թեմայով. ինչ են խոսել Սիմոնյանի մասին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են երկկողմ գործակցության զարգացման և ռեգիոնալ հարցեր: Այն, որ հարցերի շրջանակը այդ դիապազոնում բավականին լայն է, անկասկած: Թե հատկապես ինչի վրա են կենտրոնացել Փաշինյանն ու Պուտինը, անշուշտ բարդ է ասել: Համենայնդեպս, փետրվարը արտաքին քաղաքական և անվտանգային իրադարձություններով բավականին հարուստ ամիս էր, որ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցից, Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությամբ, Սոչիում Ռուսաստան, Թուրքիա, Իրան եռակողմ Վեհաժողովով՝ Սիրիայի հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցով, և ավարտվելու է փետրվարի 27-ին Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցով: Հատկանշական է նաև, որ այդ ընթացքում Հայաստան ժամանեց Վրաստանի պաշտպանության նախարարն ու հայտարարեց Հայաստանին ՆԱՏՕ-ի հետ գործակցության փորձը փոխանցելու պատրաստակամության մասին:

Մեծ հաշվով, փետրվարյան «օրակարգի» մեջ է հնարավոր ներառել նաև Դավոսի հանդիպումը, որից հետո Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, սակայն հանդիպում Պուտինի հետ տեղի չունեցավ, թեև Հայաստանի վարչապետն արեց մի շարք կարևոր հայտարարություններ: Ժամանակացույցում, անշուշտ, պետք է ներառել նաև Սոչիում Լուկաշենկոյի հետ Պուտինի մի քանի օր տևած բանակցությունն ու այդ շրջանակում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շոշափումը, որի ընթացքում Բելառուսի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ հարցն ունի արագ լուծման կարիք՝ Բելառուսի ներկայացուցչին նշանակելը, իսկ օրեր անց էլ ռուսական «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին, գրեց, որ հարցը 2019-ի ընթացքում չի լուծվի Հայաստանի կարծր դիրքորոշման պատճառով: Ընդ որում, դրան հաջորդեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որ ԳՔ նշանակման բացակայությունն ամենևին չի խոչընդոտում ՀԱՊԿ բնականոն աշխատանքին, ինչով Ռուսաստանը, փաստորեն, իր հավանությունը տվեց Հայաստանի կարծր դիրքորոշմանը: Միով բանիվ, ակնառու է, որ իրադարձային քաղաքական օրակարգի բերումով Պուտինն ու Փաշինյանն ունեն քննարկելու բազմաթիվ թեմաներ: Թե հատկապես ինչի վրա են նրանք կենտրոնացել, բավական դժվար է ասել, սակայն պետք է այս ամենի շարքում նաև առանձնահատուկ նշել ոչ պաշտոնական մակարդակում տեղի ունեցած և Հայաստանում մեծ ուշադրության արժանացած երևույթի՝ Ռուսաստանի պետական հեռուստաալիքով Հայաստանին «գունավոր հեղափոխության», այսպես ասած, եվրասիական արտահանման համար մեղադրանքների մասին, հայազգի Մարգարիտա Սիմոնյանի կատարմամբ, ինչը հետո շարունակություն ունեցավ նաև այլ մեդիա-փորձագիտական կատարումներով:

Հայաստանում այդ հանգամանքը դիտարկվեց Մոսկվայի, այսպես ասած՝ թաքնված դժգոհություն, սակայն պարզ չէ, թե ինչից: Այս դիտարկումն ավելի շատ, իհարկե, հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ իներցիոն ընկալումների դրսևորում էր: Մյուս կողմից, սակայն, ռուսական պետական հեռուստաալիքներով, պաշտոնական պրոպագանդային մարտիկներով տեղի ունեցած գրոհը անշուշտ չի կարող չլինել դիտարկման և պարզաբանման առարկա, ինչպիսի շարժառիթային հիմքեր և կազմակերպման ակունքներ էլ այն ունենա: Պաշտոնական Երևանը որևէ մեկնաբանություն չարեց այդ ամենի կապակցությամբ, ինչը, թերևս, բավականին համարժեք էր՝ հաշվի առնելով այն, թե ինչ մակարդակում էին եղել Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները: Պաշտոնական Երևանը չպետք է մտներ ռուսական պրոպագանդայի ներկայացուցիչների հետ բանավեճի մեջ: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ տեղի ունեցածը չէր կարող չշոշափվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի շրջանակում, քանի որ անկախ ամեն ինչից, անկասկած է, որ տեղի ունեցածը շոշափում է թե՛ հայ-ռուսական հարաբերության, թե՛ ռեգիոնալ անվտանգության հետ առնչվող հարցերի լայն շրջանակ, ըստ այդմ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն էլ այսպես, թե այնպես պետք է շոշափեր հարցը:

1in.am

(Visited 95 times, 1 visits today)